Լրահոս
Օրվա լրահոսը

Բանասերը նաեւ քանդակագործ է

Մարտ 27,2010 00:00

Լուսիեն կոշտ օճառով չի լվացվում, որ «ապագա քանդակը» չփչացնի

\"\"Մասնագիտությամբ բանասեր Լուսինե Ավետիսյանը մի օր ինքնաբերաբար սկսեց նաեւ քանդակագործությամբ զբաղվել: «Համալսարանում սովորելու տարիներին՝ քննությունների ժամանակ հոգնեցի պարապելուց ու որոշեցի լիցքաթափվել: Որպես միջոց՝ այդ պահին ընտրեցի դանակը ու վառարանի կողքին դրված փայտի մի կտոր: Երբ ստացվեց քանդակը, այն անվանեցի «Դավիթ Անհաղթ»: Էդ ժամանակ վնասեցի ձեռքս, սպին մինչեւ հիմա մնացել է եւ երեւի միշտ ինձ կհիշեցնի առաջին աշխատանքիս մասին»,- ասում է Լուսինեն: Հետագայում մի քանի փայտե աշխատանքներից հետո Լուսինեն սկսեց նաեւ մոմե քանդակներ  ստեղծել: Մի օր էլ ոչ փայտ ուներ ձեռքի տակ, ոչ էլ մոմ, բայց քանդակելու ցանկությունը մեծ էր: «Մտածեցի, որ մոմի նման նույն տիպի նյութ է օճառը: Գնացի լոգարան, վերցրի օգտագործված մի կտոր, սկսեցի քանդակել: Առաջին օճառե քանդակն անվանեցի «Ծով», որը կնոջ կերպար է ներկայացնում ու նույնքան խորհրդավոր է ու անբացատրելի,  որքան կինը»,- պատմում է Լուսինեն:
\"\"Օճառից կերպարներ ստեղծելու համար  Լուսինեից դանակի ու ձեռքերի հմտություն  է պահանջվում: Եթե կավի հետ աշխատելիս ինչ-որ բան փչանում է եւ դա հնարավոր է ուղղել, ապա օճառի դեպքում այդպես չէ: «Պահեր կան, օրինակ՝ ձեռքի ու ոտքի մատներ քանդակելիս շատ նրբությամբ եմ աշխատում, որպեսզի կտորը դուրս չթռչի»,- ասում է Լուսինեն: Քանդակը ստեղծելուց հետո հեղինակն իր գաղափարներն ամփոփում է մի վերնագրի մեջ:  «Փոքրիկ իշխանի կարոտը» քանդակում իմ երեւակայությամբ հեքիաթը շարունակվում է: Այսինքն՝ նա իր մոլորակ է վերադարձել ու կարոտում է այն հինգ հազար վարդին, որ տեսավ երկրի վրա, աղվեսին, որը նրան սովորեցրեց մեծ ճշմարտությունը, որ գլխավորը աչքով չես տեսնի, միայն սիրտն է սրատես»,- ասում է նա: Արդեն երկար ժամանակ Լուսինեն կոշտ օճառով չի լվացվում: «Հեղուկ օճառով եմ լվացվում, որովհետեւ կոշտ օճառի ամեն մի կտորը ափսոսում եմ, ինձ թվում է, որ քանդակ եմ փչացնում»,- ժպտալով ասում է Լուսինեն: Նա ամեն ինչի մեջ փորձում է արվեստ տեսնել: «Մեր տան պատին  մեխի անցք կար, նա դա աչքի բիբի նմանեցրեց ու սկսեց աչք նկարել, հետո տեսնեմ՝ երկրորդ աչքն է նկարում, մի կես ժամ հետո պատի վրա հասակով մեկ շատ գեղեցիկ աղջիկ հայտնվեց»,- ծիծաղելով պատմում է Լուսինեի մայրիկը՝ տիկին Աիդան:
Լուսինե Ավետիսյանը նաեւ բանաստեղծությունների ժողովածու ունի, գրաբարից թարգմանել է «Ուրբաթագիրքը», վերլուծել Տիրան Չրաքյանի «Պոետիկան», ինչպես նաեւ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Իր համար նա ստեղծել է մի աշխարհ, որտեղ ապրում է, երազում ու ստեղծագործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել