Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամուսնանա միայն օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո
Կենսուրախ, աշխույժ, միեւնույն ժամանակ համեստ եւ մի քիչ էլ չարաճճի երեխա էր։ Շատ էր սիրում ծառ բարձրանալ։ Մանկուց հաճախել է ակրոբատիկայի դասերի, որտեղից էլ սկսել է մարզուհու սպորտային հաղթարշավը։ «Երբ առաջին անգամ ինձ ակրոբատիկայի տարան, չընդունեցին։ Ընդամենը հինգ տարեկան էի եւ բավականին չարաճճի։ Հետո ընդունեցին, ես էլ սկսեցի ավելի լուրջ վերաբերվել գործին, շատ էի սիրում ակրոբատիկան»,- ասում է Նազիկ Ավդալյանը։
Ակրոբատիկայի բոլոր հնարքներին տիրապետելուց հետո աղջիկը որոշում է փոխել սպորտաձեւը։ 18 տարեկանից զբաղվում է ծանրամարտով։ «Մեր խմբից մի աղջիկ սկսեց ծանրամարտով զբաղվել։ Բոլորի նման ես էլ էի քննադատում նրան։ Կարծում էի, որ դա աղջկա մարզաձեւ չէ։ Ավելի ուշ սկսեցի մտածել՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Եվ այդպես մինչեւ այսօր»,- ասում է Նազիկը։ Նրան նույնպես շատ են քննադատել, հատկապես մայրը։ Բայց աղջկա՝ մարզիկին հատուկ կամքի ուժն ու մեծ ձգտումն օգնեցին հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել ակնհայտ բարձունքների։ Դառնալով ծանրամարտի աշխարհի չեմպիոն՝ Նազիկը շատերին ապացուցեց, որ հայ կինը նույնպես կարող է սպորտում հաջողությունների հասնել։ «Ամեն ինչից զատ, սպորտն առաջին հերթին մարդու մեջ բնավորություն է ձեւավորում։ Այն երբեք չի կարող խանգարել մարդուն որեւէ գործում»,- ասում է նա։
Դպրոցում բացարձակ գերազանց չի սովորել, բայց մշտապես ազատ ժամանակը տրամադրել եւ տրամադրում է ընթերցանությանը։ Ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտը եւ դեռ ունի ուսումը շարունակելու ծրագրեր։ Բոլոր մարզիկների նման Նազիկը նույնպես ձգտում է հասնել «Օլիմպոսի գագաթին», դառնալ օլիմպիական չեմպիոն։ Այդ ժամանակ էլ կամուսնանա մեզ անհայտ, իսկ իրեն քաջ հայտնի, նույնպես ծանրամարտիկ մի երիտասարդի հետ, ով արդեն գրավել է մարզուհու սիրտը։ Այս թեմայով խոսեցինք նաեւ ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշ Ներսիսյանի հետ. «Լավ մարզիկ եւ լավ մարդ հասկացությունները շատ քիչ են տարանջատված։ Եթե մարդ լավ մարզիկ է, ապա նա չի կարող լավ մարդ չլինել։ Շատ ուրախ եմ, որ Նազիկը իր կյանքում հերթական կարեւոր քայլն է արել, իր կյանքի կեսին է ընտրել։ Իհարկե, դա լրջորեն չի խանգարում նրա առաջընթացին, բայց մարզումների ժամանակ երբեմն մտքերով սավառնում է երկնքում եւ մոռանում առաջադրանքներս։ Այս հարցում ես նրան բոլորովին չեմ մեղադրում»։ Մարզիչի կարծիքով՝ Նազիկի բախտն այնքանով է բերել, որ լավ ընտանիք ունի։ Չնայած սկզբից դեմ էին, բայց այժմ ինչպես հարկն է՝ աջակցում են։
«Կյանքում իմ լավագույն ընկերը մայրս է։ Նա ինձ ցանկացած հարցում աջակցում է։ Ընդհանրապես ես չափից շատ դյուրահավատ մարդ եմ: Այո, պետք է հավատալ մարդուն, բայց ոչ խաբվելու աստիճանի։ Մայրս միշտ ճիշտ ուղի է ցույց տալիս»,- ասում է մարզուհին։
Նազիկ Ավդալյանը հիշարժան մարտի 8-եր շատ չի ունեցել, բայց այս մեկն իսկապես հիշարժան կլինի, քանի որ մարտի 7-ին նրան շնորհել են Գյումրու տարվա լավագույն մարդ կոչումը։ Իսկ թե մարզիչն ինչ անակնկալ էր պատրաստել նրանց համար, կասի ինքը. «Այդ օրը ամենածանր քաշերն եմ բարձրացրել, մարզումներն էլ խիստ ռեժիմով, դրանից լավ տոնական նվեր չկա»։ Այդ մարզումների արդյունքները այս տարվա սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը կդրսեւորվեն։ Ապագայում մարզուհին կմասնակցի նաեւ 2012 թվականի օլիմպիական խաղերին, որից հետո էլ, ինչպես արդեն ասվեց՝ կամուսնանա։