Թեեւ որոշները ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեն, բայց երբ գալիս է Սուրբ Սարգսի տոնը՝ մոռանալով «ժոգի» մասին, ուտում են աղաբլիթը՝ հասնելու իրենց մուրազին: Բայց պատահում է, որ ոմանք խորը հիասթափություն են ապրում, երբ երազում տեսնում են ոչ թե իրենց սպասված արքայադստերը կամ արքայազնին, այլ, ասենք, իրենց «էլեկտրիկին» կամ մածուն բերողին: Այս դեպքում աղաբլիթը հակացուցված է թույլ նյարդեր ունեցողներին:
«4 տարի առաջ առաջին անգամ աղաբլիթ կերա եւ երազիս շատ մեծ քիթ տեսա: Առավոտյան արթնացա՝ շատ վախեցած այդ սարսափելի երազից եւ փոշմանեցի, որ ընդհանրապես կերել եմ այդ չարաբաստիկ բլիթը»,- ասում է Արմինեն:
Իրականում ուրախանալու առիթ եւս կար՝ Հայաստանում ինչ քիթ ասես, ինչ չափի ուզես՝ հետեւաբար «տունը մնալու» վտանգը նրան հաստատ չէր սպառնա:
«Փորձում էի մոռանալ այդ երազը, ինքս ինձ ասում էի՝ սուտ բան է աղաբլիթը, դա ընդամենը սարսափ երազ էր: Բայց մի տեսակ կասկած կար մեջս՝ իսկ եթե իրոք իմ ընտրյալն այդպիսի քթով է լինելու: Մտքիցս դուրս չէր գալիս, ում հանդիպում էի՝ առաջինը քթին էի նայում, բայց այդ ձեւին ու չափին՝ ոչ մեկը չէր համապատասխանում: Անցավ 5 ամիս. ես արդեն մոռացել էի այդ երազի մասին եւ հանկարծ մի օր այնպես ստացվեց, որ սառնարան էինք գնել, սպասում էինք բերեին եւ խոհանոցում տեղադրեին: Առաքիչները եկան, տեղադրեցին եւ երբ արդեն պատրաստվում էին գնալ, ես սենյակից դուրս եկա եւ պատահմամբ նայեցի այդ առաքիչներից մեկին, ով նույնպես անթարթ ինձ էր նայում, մեր հայացքները հանդիպեցին: Ես երբեք չեմ հավատացել «սեր առաջին հայացքից» ասվածին, այդ պահին համոզվեցի: Թեեւ առաջին անգամ էի նրան տեսնում, բայց մի այնպիսի ջերմություն ու հարազատություն զգացի, որ ասես շատ վաղուց եմ նրան ճանաչում, աչքերով կարծես ինձ կախարդեց, միայն աչքերին էի նայում, հանկարծ մոտեցավ ինձ եւ ասաց. «Խնդրում եմ, մի մերժեք, եկեք վաղը հանդիպենք, ժամը 7-ին ձեր բակում»: Անկախ ինձնից՝ գլխով համաձայնության նշան տվեցի: Ամբողջ գիշեր չկարողացա քնել, սպասում էի հաջորդ օրվան, ժամը 7-ին: Մեր հանդիպումը կայացավ, երբ մոտեցա նրան եւ մի պահ ուշադիր նայեցի դեմքին՝ տեսա քիթը, այն նույն քիթը, որը երազումս էի տեսել: Բայց այդ պահին դա արդեն ինձ համար կարեւոր չէր, ես զգացի, որ սիրում եմ նրան, որ նա է իմ ասպետը եւ ամենագեղեցիկը: Մեկ տարի հետո ամուսնացանք: Հիմա ես հավատում եմ, որ այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, հավատում եմ աղի բլիթի խորհրդին՝ շատերն են այդպես իրենց սիրելիին տեսել եւ ամուսնացել: Երբ հիմա գալիս է Սուրբ Սարգսի տոնը, հիշում եմ իմ երազը, աղջկաս՝ Էլիզիկին, նա արդեն 4 տարեկան է, գիշերը քնելիս պատմում եմ այդ պատմությունը. «Մի աղջիկ կերավ աղի բլիթ, երազում տեսավ մի մեծ քիթ, տեսավ քիթը, հանդիպեց քթավոր ասպետին՝ քո հայրիկին»,- պատմում է Արմինեն:
Աղջիկը ժառանգել է հոր քիթը. տխրելու պատճառ չկա, քանի որ ներկայիս Հայաստանում մեծ քթերը արագ տեմպերով փոքրացվում են: