Երեկ «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալվել էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (ՀԹԳՄ) Հակոբ Ղազանչյանը, ով լրագրողներին հայտնեց, որ այսօր Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Հ. Ղազանչյանը նշեց, որ այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված է հայ բեմի երախտավորներ՝ Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105-ամյակներին: Նույն օրը կկազմակերպվի այցելություն Կոմիտասի անվան այգու պանթեոն, ապա Մաշտոցի պողոտայում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Արուս Ասրյանին:
ՀԹԳՄ նախագահը ասաց նաեւ, որ այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխությունը կանցնի հենց թատերական օջախում: Հ. Ղազանչյանի խոսքերով, այս տարի մրցանակաբաշխության բեմադրական մասը վստահել է երիտասարդներին: Նա հավելեց նաեւ, որ գրվել է հատուկ հիմն, որով այսուհետեւ հանդիսավոր կբացվի մրցանակաբաշխության արարողությունը: Հիմնի խոսքերը գրել է Հովհաննես Թեքգյոզյանը, երաժշտությունը՝ Վահե Հայրապետյանը: Հ. Ղազանչյանը ընդգծեց, որ «Արտավազդի» անվանակարգերում փոփոխություններ չեն գրանցվել: Ավելացել է ընդամենը մեկը՝ «Թատրոնին անբասիր ծառայության համար» անվանակարագը: Մրցանակը կտրվի թատրոնի այն նվիրյալներին, որոնք 50 տարուց ավելի աշխատում են կուլիսներում եւ հոգ են տանում, որպեսզի դերասանը բեմում երեւա հավուր պատշաճի: Այս անվանակարգի հաղթողի անունը որոշելու է թատերական գործիչների քարտուղարությունը՝ նիստի ընթացքում: Մնացած անվանակարգերի հաղթողները, ինչպես միշտ, կորոշվեն ժյուրիի քվեարկության արդյունքում: Ի դեպ, «Լավագույն երաժշտություն» եւ «Լավագույն դրամատուրգ» անվանակարգերում մրցակցությունը, ըստ Հ. Ղազանչյանի, քիչ է, ինչը դժվար է ասել հատկապես «Լավագույն դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անավանակարգերի մասին: