Մարտի 25-ին Կամերային երաժշտության տանը տոնական համերգով եւ լուսանկարների ցուցահանդեսով նշվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի 25-ամյակը: Հանդես եկան Հայաստանի պետական կամերային, «Սաղմոս» երգչախմբերը, Աննա Մայիլյանը՝ իր Էթնո-վոկալ եռյակով, Էդուարդ Զորիկյանը, Վահան Արծրունին, այլք: 1985 թվականին 3-4 երիտասարդ էնտուզիաստների նախաձեռնությամբ ստեղծված ակումբի անդամների նպատակն էր՝ ուսումնասիրել եւ վերականգնել պատմական հայկական առագաստանավերը: Ակումբի անդամները գծագրերով վերականգնել են 26 նավատեսակ եւ կառուցել դրանցից երկուսը: Ակումբը Ծովային հետազոտությունների միջազգային ընկերության, Ծովային պատմության միջազգային հանձնաժողովի եւ Հայկական աշխարհագրական ընկերության անդամ է: «Այասի» անդամները պարբերաբար մասնակցում են ծովային հնագիտության եւ նավագնացության պատմության վերաբերյալ գիտաժողովների եւ հրատարակել են բազմաթիվ հոդվածներ: Ակումբն իրականացրել է 12-13-րդ դարերի Կիլիկիո Հայկական առագաստանավի կրկնօրինակի վերականգնումը, կառուցումն ու փորձարկումը, «Նավարկություն 7 ծովերով» նավարշավը Եվրոպայի շուրջ՝ «Կիլիկիա» առագաստանավով:
«25 տարի իրադարձություններով, արկածներով լի կյանք ենք ապրել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը, հավելելով, որ ակումբն ունի հնագիտական բազմաթիվ նյութեր, նավի մոդելներ, քարտեզների հավաքածուներ, ու բոլոր նմուշները թանգարանում տեղակայվելու կարիք ունեն: Նավապետն ուրախ է, որ ակումբի անդամների քանակն օրեցօր մեծանում է, երիտասարդության շրջանում մեծ հետաքրքրություն կա ծովային հետազոտությունների նկատմամբ: «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի քարտուղար, «Կիլիկիա» առագաստանավային արշավի անձնակազմից Կարեն Դանիելյանը (լուսանկարում) ակումբի անդամ դարձել է հիմնադրումից 2 տարի անց: Նա տեղեկացել է խմբի մասին նկարահանումներ կատարելիս: Հիմա հպարտորեն արձանագրում է. «Մենք միակն էինք, որ շրջանցեցինք Եվրոպան՝ ծովով: Հայաստանի համար ծովային հետազոտությունը մի քիչ տարօրինակ է հնչում, որովհետեւ լեռնային երկիր ենք, ծով չունենք, դրա համար այս հանգամանքը դրսում առաջացնում է հետաքրքրություն: Մարդիկ չեն հավատում, ինչպե՞ս է հնարավոր՝ լեռներում կառուցել նավ ու դուրս գալ ծով»: Միջոցառման ներկաների երազանքը մեկն էր՝ նախկինում ծովից ծով Հայաստանը վերջապես ունենա իր ծովային թանգարանը: «Առայսօր ոչ մի բան չկա, «Կիլիկիան» կանգնած է բաց երկնքի տակ, եթե 3 տարի էլ այսպես շարունակվի, կքայքայվի»,- ասաց Կ. Դանիելյանը: Նշենք նաեւ, որ միջոցառման վերջում 10 երիտասարդների հանձնվեցին «Այաս» ակումբի անդամի վկայականներ: