Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԶԲԶԱՆՔՆԵՐԸ՝ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Մարտ 27,2010 00:00

Կհաղթի ամենասրամիտը

«Ռեդ Բուլ» ընկերության նախաձեռնությամբ ուսանողների միջեւ օրերս անցկացվում է «Խենթ մատիտ» լավագույն խզբզանք մրցույթը:
Ինչպես «Առավոտին» տեղեկացրին միջոցառման կազմակերպիչները` մրցույթը կկայանա երկու բուհերի՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Տնտեսագիտական համալսարանի ուսանողների միջեւ:
«Ռեդ Բուլ» ընկերության ուսանողների հետ իրականացվող աշխատանքների համակարգող Նորայր Քոչարյանի խոսքով՝ «Մրցույթին մասնակցությունը կամավոր է, կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր դասերի ժամանակ ինչ-որ բան են խզբզում ամեն պատահած թղթի վրա, կամ մինչեւ անգամ լսարանի սեղաններին: Սեղաններին, պատերին, տետրերի ետին էջերում նկարելու փոխարեն մենք նրանց առաջարկում ենք խզբզել մեր կողմից տրամադրված թղթերի վրա, որի ետնամասում էլ լրացնել հայտն ու այն գցել բուհերում տեղադրված հատուկ արկղերի մեջ: Ու այս կերպ էլ նրանք մեխանիկորեն դառնում են մրցույթի անմիջական մասնակից»:
Ըստ մրցույթի պրոմո-մենեջեր Աննա Քոչարյանի, իրականացվող այս նախագիծը «Ռեդ Բուլ» կազմակերպության միջազգային ծրագիրն է, որը Եվրոպայում այլ անվանում ունի՝ «Դուդլ արտ», այսինքն՝ խզբզանք. «Նպատակն այն է, որ երբ ուսանողը դասին նստած իր ժամանակը վատնում է՝ բուհի նստարանները կեղտոտելով, դրա փոխարեն թող մեկ այլ տեղ նկարի եւ դրանից օգուտ քաղի: Մեր նախագիծը զուտ երիտասարդական, ժամանցային բնույթ է կրում, որը կարող է ուսանողի մեջ մեծ հետաքրքրություն առաջացնել: Մրցույթը ուսանողներին հնարավորություն կտա բացահայտելու իրենց ենթագիտակցության մեջ թաքնված տաղանդները, որոնց մասին իրենք էլ տեղյակ չեն»:
Ն. Քոչարյանն էլ կես կատակ- կես լուրջ շեշտեց, որ մրցույթն անգամ օգտակար կլինի բուհերին՝ պատերն ու նստարաններն այլեւս չեն աղտոտվի խզբզանքների պատճառով:
Իսկ թե ինչու է մրցույթն անցկացվում հատկապես նշված երկու բուհերում, Աննան ասաց, որ ընտրությունը պատահական է. «Նպատակ չենք դրել այնպիսի բուհ ընտրել՝ որտեղ մասնագիտանում են նկարիչներ, դիզայներներ: Հակառակ դեպքում՝ կանգ կառնեինք գեղարվեստի ակադեմիայի վրա: Բուհերի տարբերությունը հետաքրքիր է այնքանով, որ ոչ ոք երբեք չէր պատկերացնի՝ տնտեսագիտականի ուսանողը կարող է հրաշալի նկարել»:
Մրցույթը պայմաններ չունի, ոչ էլ առանձնացված թեմաներ:
Նորայրը նշում է՝ «Թեմաների ընտրությունը ուսանողի հայեցողությամբ է, ինչում, ըստ իրենց, կարող են փայլել: Ունենք միայն մի քանի պարզ կանոններ՝ պետք է նկարել միայն մեկ նյութով՝ մատիտով կամ միագույն գրիչով, եւ երկրորդ կարեւոր պայմանը՝ ներկա գտնվել տվյալ բուհի ուսանողների աշխատանքներից կազմված «Խենթ մատիտ» ցուցահանդեսին: Ցուցահանդեսը եւս տեղի կունենա այդ երկու ուսումնական հաստատություններում»:
Աննան, լրացնելով գործընկերոջը, ասաց, որ կարեւոր չէ՝ խզբզանքը կա՞րճ կլինի, թե՞ երկար, կարեւորը սրամիտ լինի. «Սա նաեւ մրցույթի խորագիրն է: Ըստ սրամտության էլ կընտրվեն հաղթողները»:
Ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի է ունենալու մարտի 30-ին, մասնակից բոլոր աշխատանքներից, ըստ ժյուրիի, ընտրվելու է լավագույն 30-ը, դրանից էլ լավագույն 3-ը, որոնք էլ կճանաչվեն հաղթող:
Իսկ աշխատանքները գնահատելու են երգչուհի Ջուսը, fashionblog.am կայքի հեղինակներ, դիզայներներ Ֆաինա Հարությունյանն ու Արմեն Գալյանը եւ դիզայներ, լուսանկարիչ Արվին Քոչարյանը: 
«Վերը նշված անդամները դեռեւս Թատերականի ժյուրիի կազմն են ներկայացնում, Տնտեսագիտականում, բացի Արվին Քոչարյանից, ժյուրիի մնացած անդամները կփոխվեն: Անգամ ժյուրիի ընտրության հարցին ենք մեծ ուշադրություն դարձնում, քանի որ ամեն մեկն իրեն համապատասխան գնահատական կարող է տալ: Օրինակ՝ Ջուսը ավելի կրեատիվ կգնահատի»,- նշեց Ա. Քոչարյանը:
Չնայած մրցույթը Հայաստանում նորույթ է՝ անցկացվում է առաջին անգամ, այն արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն ու աժիոտաժ առաջացնել ուսանողության շրջանում:
Աննայի փոխանցմամբ, միջոցառումը կդառնա ամենամյա, քանի որ այն կորպորատիվ բնույթ չի կրում, ծրագրի իրականացման համար գումարներ չեն ծախսվում, ներդրումներ չեն կատարվում եւ այն շահ չի հետապնդում: Իսկ մրցույթի աշխատանքները մեկ շաբաթ դեռ կշարունակեն ցուցադրվել բուհերում՝ մեծ ցուցատախտակներով:
Թե ինչ մրցանակների կարժանանան հաղթողները, կազմակերպիչները չհայտնեցին, միայն նշեցին, որ ինչպես «Օսկարի» մրցանակին արժանանալու համար «Օսկար» արձանիկ են ստանում, այնպես էլ այս մրցույթի հաղթողները կստանան հուշանվեր՝ մատիտի տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել