Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐՆ ԵՆ»

Մարտ 27,2010 00:00

\"\"Մարտի 22-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց բարձրագույն եւ առաջին խմբերը ներկայացնող ակումբների նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ: Այդ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը, ում հետ զրուցեցինք թե հանդիպման, թե մեկնարկող առաջնության եւ թե ՀՖՖ գործունեության վերաբերյալ:
– Ի՞նչ են տալիս նման հանդիպում-քննարկումները ՀՖՖ ղեկավարության եւ ակումբների ներկայացուցիչների միջեւ:
– Այս հանդիպումները կազմակերպվում են՝ տարբեր կարծիքներ լսելու համար: Այդ առումով արդյունքը գոհացուցիչ էր: Ինչպես գիտեք, «Միկա» ակումբի մարզական տնօրեն Արմեն Պետիկյանն առաջարկեց առաջնության հանդիպումներն անցկացնել մեկ ընկերության կողմից արտադրված գնդակով: Մյուս ակումբների ներկայացուցիչները նույնպես դեմ չէին այդ առաջարկին, եւ այն ընդունվեց, մանավանդ որ, ՀՖՖ-ն նույնպես նման ցանկություն ուներ: Այդ հարցը կքննարկվի ֆեդերացիայի համապատասխան բաժնի կողմից ու ինչ ընթացք կստանա՝ ցույց կտա ժամանակը: Դա կախված է նրանից, թե որ արտադրող ընկերության հետ մենք կհամագործակցենք: Չեմ բացառում, որ արդեն այս մրցաշրջանում այն իրագործվի: Առաջարկներ եղան նաեւ, որոնք վերաբերում էին դեղին քարտերին: Կրկին Արմեն Պետիկյանն առաջարկեց ոչ թե որակազրկել ֆուտբոլիստին վեց դեղին քարտ ստանալուց հետո, այլ թույլ տալ, որ մասնակցի հանդիպումներին՝ հետագայում զգուշացումներ ստանալու համար բոլոր տուգանքները թողնելով ուժի մեջ: Այս առաջարկը պարոն Հայրապետյանը մերժեց: Ֆուտբոլիստները պիտի ավելի կարգապահ լինեն, մինչդեռ այդ առաջարկի ընդունման դեպքում դեղին քարտերի, այսինքն՝ խախտումների թիվն անհամեմատ կաճի: Եվս մի առաջարկ եղավ «Շիրակ» ակումբի փոխնախագահ Անդրանիկ Ադամյանի կողմից: Նա առաջարկեց Գյումրիի պատանեկան թիմերին տրամադրել Ախուրյանի մարզադաշտը, քանի որ Գյումրիի քաղաքային մարզադաշտի ծանրաբեռնվածությունը մեծ է: Այդ առաջարկը նույնպես ընդունվեց: Բացի այդ, ՀՖՖ նախագահը շնորհավորեց ակումբների ներկայացուցիչներին՝ առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այս առաջնությունն ավելի լավ ու հետաքրքիր կլինի: Կարծում եմ, դրա համար բոլոր նախադրյալները կան. մենք ունենք 5 հավասար թիմ, որոնք, ըստ իս, կարող են պայքարել չեմպիոնության համար ու այդ պայքարը կարող են հետաքրքիր դարձնել:
– Այս մրցաշրջանում ի՞նչ փոփոխություններ են սպասվում, որոնք կազմակերպչական առումով 19-րդ առաջնությունը կտարբերեն նախորդներից: 
– ՀՖՖ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները սպասարկող տեսուչների ու մրցավարների հետ, քննարկել տեսչական եւ մրցավարական գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր: Կարող եմ ասել, որ այս տարի մրցավարներն ավելի զգոն, աչալուրջ կլինեն յուրաքանչյուր ֆուտբոլիստի վարքագծին, երկրպագուների պահվածքին ու ավելի կոշտ կարձագանքեն, կկանխեն յուրաքանչյուր անկարգություն, որպեսզի այն չանդրադառնա խաղի վրա: Կազմակերպչական առումով առաջնահերթությունը սա էր:
– 2010-ին մարզադաշտերի հետ կապված խնդիրներ չե՞նք ունենա, մանավանդ, եթե հիշենք, որ նախորդ տարիներին Հանրապետական մարզադաշտը առաջնության խաղերի պատճառով հավաքականների հանդիպումներին ոչ բարվոք վիճակում էր գտնվում:
– Կարծում եմ, այս տարի նման խնդիրներ մեր առջեւ չեն ծառանա, թեեւ այս մրցաշրջանում միանգամից երկու թիմ սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնելու են Հանրապետականում: Խաղացանկը կազմվել է այնպես, որ խաղադաշտի հետ կապված խնդիրներ չառաջանան: Բացի այդ, արդեն սեպտեմբերին պատրաստ կլինեն հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի խաղադաշտերը: Իսկ մինչ սեպտեմբեր մենք պաշտոնական խաղեր չունենք, ուստի՝ Հանրապետականի առումով խնդիրներ չեն առաջանա: Ընկերական հանդիպումների վերաբերյալ հիմա բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան, սակայն դեռ ոչ մի հստակ նորություն:
– Բացի հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի հանձնումից՝ 2010-ին նախատեսված ի՞նչ այլ ծրագրեր ունի ՀՖՖ-ն:
– Ծրագրերի մասին առաջիկայում տեղյակ կպահեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
– Ասացիք, որ հինգ թիմ կարող է պայքարել չեմպիոնության համար: Ընդամենը 8 թիմ ունեցող առաջնության համար շռայլություն չէ՞ չեմպիոնության հինգ հավակնորդ ու երեք ետնապահ ունենալը:
– Յուրաքանչյուր առաջնությունում կան չեմպիոնության համար պայքարող թիմեր ու աութսայդերներ: Այստեղ խնդիրն այն է, որ աութսայդերները ժամանակի ընթացքում հովանավորներ ունենան՝ առաջընթաց ապահովելու համար: Ամեն դեպքում, ետնապահ այդ երեք թիմերն առաջատար հնգյակից միավորներ են կորզելու, ինչը յուրահատուկ ինտրիգ կհաղորդի առաջնությանը: Ինչ վերաբերում է ութ թիմ ունենալուն, դա է այսօրվա մեր իրականությունն ու դրա թելադրած պայմանները: Բնականաբար, մենք կուզեինք ավելի մեծ առաջնություն ունենալ, բայց, ցավոք, դեռ չկան այնպիսի թիմեր, որոնք կհամապատասխանեին ՈՒԵՖԱ-ի ու ՀՖՖ-ի կանոնակարգերին ու որոնք մենք կկարողանայինք ընդգրկել առաջնությունում: Այսօր մենք ունենք մարզային նոր թիմ՝ Դիլիջանի «Իմպուլսը»: Բնականաբար, ցանկալի է, որ հաջորդ տարի մեկ այլ մարզային թիմ միանա հայկական ֆուտբոլային ընտանիքին ու այդպես շարունակ: Սակայն դա կախված է նաեւ սոցիալական պայմաններից:
– Ֆեդերացիան ի՞նչ գործունեություն է ծավալում մարզերում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ:
– ՀՖՖ-ն ունի մասսայական ֆուտբոլի բաժին, որն էլ զբաղվում է մարզերում պատանեկան տարբեր մրցաշարերի կազմակերպմամբ ու աջակցությամբ: Ես հույս ունեմ, որ այդ ամենը ժամանակի ընթացքում ավելի մասսայական բնույթ կկրի ու տեղի ղեկավարների մեջ ցանկություն կառաջացնի՝ ունենալ բարձրակարգ թիմ:
– Մարզային ենթակառուցվածքները դրա հնարավորությունը տալի՞ս են:
– Ցավոք, ես դեռ ամբողջովին տեղյակ չեմ մարզային ենթակառուցվածքներից, բայց գիտեմ, որ որոշ շրջաններում մենք ունենք նորմալ վիճակում գտնվող կառույցներ, եւ ողջ խնդիրը տեղի ղեկավարության ցանկությունն է:
– Մրցաշրջան-2010-ի առաջին պաշտոնական հանդիպումները գավաթային խաղերով մեկնարկեցին: Ձեր ակնկալիքները՝ կապված խաղերի որակի, թիմերի մարզավիճակի ու համալրման հետ՝ արդարացվեցի՞ն:
– Ես երկու խաղ եմ հասցրել դիտել՝ «Փյունիկ»-«Իմպուլս» եւ «Միկա»-«Կիլիկիա»: Առաջին խաղը շատ հետաքրքիր էր: Կարծում եմ, բոլորիս հետաքրքիր էր, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բարձրագույն խմբի նորեկը: «Իմպուլսը» լավ տպավորություն թողեց ու նա այն հինգ թիմերի շարքում է, որոնք կպայքարեն չեմպիոնության համար: Ավելի հասուն ֆուտբոլ է այժմ ցուցադրում «Միկան»: Այն նախկինում էլ բավական լուրջ թիմ էր, իսկ այժմ ավելի գրագետ է խաղում: «Կիլիկիան» ուրախացրեց նրանով, որ չնայած շատ նորեկներ ուներ, բայց շատ մարտունակ թիմ է: Մյուս թիմերին բարդ է լինելու «Կիլիկիայի» հետ խաղերում. նա հեշտությամբ չի հանձնվի: Մնացած չորս թիմերի հանդիպումները դեռ չեմ տեսել: Սակայն կարծում եմ, որ բոլորն էլ ակնկալիքները կարդարացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել