Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՛Չ՝ «ԳՐԱՏԱԽՏԱԿԱՅԻՆ» ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Մարտ 27,2010 00:00

Երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Միտք սերմանի՛ր, ծառ տնկի՛ր» բնապահպանական կրթության ձեռնարկի շնորհանդեսը, որը հրատարակվել է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի, Հակոբյան բնապահպանական կենտրոնի, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների ջանքերով: Այն նախատեսված է տարրական, միջին եւ ավագ դպրոցների համար: Ձեռնարկը ուսուցիչներին հնարավորություն է տալիս «բացահայտում», «դիտարկում», «վերլուծություն» բաժինների միջոցով ինտերակտիվ մեթոդներով աշակերտներին էկոլոգիական կրթություն տալ՝ ոչ տեսական մոտեցումներով: «Պոեզիան եւ հայրենի բնաշխարհը», «Ձեր բակը», «Բակից այն կողմ. սովորել կենդանիներից» եւ այլ մոդուլների միջոցով ուսուցիչները կարող են երեխաներին փոխանցել գործնական հմտություններ: Իսկ «Երեխան սովորեցնում է ծնողներին» դասի միջոցով երեխաները կարող են ծնողական ժողովների ժամանակ նրանց սովորեցնել, օրինակ, թե ինչպես կարելի է խնայել ընտանեկան բյուջեն՝ տնտեսելով բնական ռեսուրսները եւ այլն: Թիվ 156 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Էմմա Մելիքյանը փաստեց. «Էկոլոգիական կրթության հիմնաքարերը պետք է տրվեն երեխային մանկությունից, որ հասկանա՝ իր տունը ոչ միայն այն է, որտեղ ապրում է, այլ ողջ մոլորակը: Երեխաներն արդեն հոգնել են սերտելուց, գրատախտակային, պատերի ներքո իրականացվող կրթությունից, բնության գրկում նրանք ավելի լավ են յուրացնում նյութը»: Նշենք, որ ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն նաեւ մի շարք ուսուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել