Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը: Նա պատվոգրեր է հանձնել հաղթող ճանաչված երիտասարդ ստեղծագործողներին՝ գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի եւ դեկորատիվ արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար: Այնուհետեւ, Աշխարհի հայ նկարիչների միության վարչությունը վարչապետին պարգեւատրել է «Մոմիկ» շքանշանով եւ շնորհել անդամության պատվավոր կոչում: Վարչապետը բարձր է գնահատել Սուրբ Սարգսի տոնակատարությունների ավանդույթի վերականգնումը եւ մասնավորապես նշել. «Մեր երիտասարդներն արդեն Սուրբ Սարգսի հիշատակության օրն ընկալում են որպես գեղեցիկ տոն, առանց որի՝ այլեւս հնարավոր չէ պատկերացնել անկախ Հայաստանի Հանրապետության կյանքը: Մեզ շատ է ուրախացնում այն, որ խորհրդայնացման տարիներից հետո կարողանում ենք հայկական ավանդույթները եւ տոները նորից մեր կյանք ներառել»: