Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկապատանեկան գրքի շաբաթը սկսվում է

Մարտ 27,2010 00:00

Մարտի 29-ից ապրիլի 3-ը մշակույթի նախարարության եւ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի նախաձեռնությամբ Երեւանում կկայանա մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթ:
Ինչպես երեկ «Հայելի» ակումբում նշեց Խնկո-Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, շաբաթվա ընթացքում կլինեն մանկական գրքերի ցուցահանդեսներ, հանդիպումներ մանկագիրների հետ, ցերեկույթներ, հանդիսություններ, հեքիաթապատումների շարք, խաղ-մրցույթներ, հեքիաթաթերապիա, մինչեւ անգամ ասուլիս՝ երեխաների հետ:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նկատում է, որ մանկագրությունը պրոպագանդման կարիք ունի. «Մանկագրությունը չի զարգանում, երիտասարդները մանուկների համար չեն գրում: Օրինակ, գեղարվեստական գրականությունը պետական աջակցություն ստանում է, իսկ մանկականը բարձիթողի վիճակում է: Տարեկան տպագրվում է 30-40 մանկական գիրք, սա նշանակում է, որ պահանջը կա, գործ արվում է: Մի շրջան մեծ ուշադրություն դարձրինք երիտասարդ հերթափոխի վրա՝ անուշադրության մատնելով մանկագիրներին: Գրողների միության 350 անդամից հազիվ թե 15-ը մանկագիր լինի: Ի դեպ, նրանք 50-ից բարձր տարիքի են: Այս շաբաթը գուցե խթանի երիտասարդության՝ դեպի մանկագրություն գնալը, քանի որ նրանք հիմնականում գրում են բանաստեղծություններ, պոեմներ: Մանկագրությունը պետական աջակցության կարիք ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել