Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կինոն՝ իրականության մի կտոր

Մարտ 27,2010 00:00

Հոլանդացի կինոռեժիսոր Յոս Ստելինգը կհամագործակցի հայ երիտասարդների հետ

Հոլանդացի հանրահայտ կինոռեժիսոր եւ սցենարիստ Յոս Ստելինգը մարտի 23-28-ը Երեւանում վարպետության դաս է անցկացնում «Ոսկե ծիրան» տարածաշրջանային բարձրագույն կինոդպրոցում: Նա Հայաստանում է երրորդ անգամ: Առաջին այցելությունը 5 տարի առաջ էր, երբ Փարաջանովի տուն-թանգարանում կազմակերպվել էր նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություն եւ նշվել էր իր ծննդյան 60-ամյակը: 2005 թ. Ստելինգը ընդգրկված էր նաեւ «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի կազմում: Երկրորդ անգամ նրա «Դուշկա» ֆիլմը ներառված էր միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում: Այս տարվա վարպետության դասերի շրջանակում հայ երիտասարդները Հայաստան ժամանած կինոռեժիսորի մշակած ծրագրով ու իր առաջարկած՝ «Սեր եւ քաղաք» երեւանյան թեմայով ֆիլմերի մոտ 20 հայտ են ներկայացրել, որոնցից 3-ը ռեժիսորի կողմից ընտրվել է նկարահանման համար: Դրանք են՝ Արթուր Սուքիասյանի «Երեւանի սիրուն տղա», Հասմիկ Հովհաննիսյանի «Գլխարկը», Մարիաննա Եղիազարյանի «Գաղտնիքը»: Ֆիլմերից երկուսի նկարահանումներն արդեն ավարտվել են:
«Հիմա երրորդ անգամ եմ Երեւանում, ու կարծես տուն եմ վերադարձել»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը անկեղծացավ կինոռեժիսորը: Նաեւ ավելացրեց, որ դեռեւս առաջին այցի ընթացքում առաջարկել էր ծիրանից գարեջուր պատրաստել, բայց գաղափարը ոչ ոքի չէր հետաքրքրել, ապա որոշել է գարեջրի մեջ ծիրանի համով հաբեր ավելացնել ու հետաքրքրություն առաջացնել, բայց կրկին՝ ապարդյուն:
Վարպետության դասի եւ հայ երիտասարդ ռեժիսորների մասին էլ ասաց, որ իր համար հետաքրքիր է աշխատել 3՝ տարբեր հայացքներ ունեցող երիտասարդների հետ: Կինոռեժիսորը համոզվել է՝ ֆիլմ նկարել պետք է սովորել պրակտիկայով. «Այնքան նրբություններ կան, որոնք չես կարող սովորել այլ կերպ, քան գտնվելով նկարահանման հրապարակում: Օրինակ այն, որ ֆիլմի նկարահանման հրապարակում պետք է լինի քաղցրավենիք, դա ուղեղի, արյան, նաեւ իրավիճակի համար է լավ: Կամ այն, որ զբաղված ռեժիսորը մոռանում է դերասանին շնորհակալություն հայտնել, իսկ դա դերասանի համար կարեւոր է»:
Ռեժիսորը խոստացավ, որ «Ոսկե ծիրանին» կրկին ֆիլմ կներկայացնի, սակայն 2 տարի պետք է սպասել: Նա այժմ պատրաստվում է իր հաջորդ՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի եւ Բելգիայի համատեղ արտադրությամբ՝ «Աղջիկը եւ մահը» ֆիլմի նկարահանմանը: Ռեժիսորի բնութագրմամբ՝ ֆիլմը սիրո, մի բանի մասին է, որին մարդը չի կարող հասնել, ունենալ: Ֆիլմը նման է չեխովյան մթնոլորտին, բայց ռեժիսորը նշեց, որ ժամանակաշրջանը ներկայացնում է միայն ռոմանտիկ կերպարներ ունենալու համար:
Կինոռեժիսորը գտնում է, որ կինոթատրոնը պետք է լինի վայր, որտեղ մարդիկ իրար կհանդիպեն. «Իմ կինոթատրոնում մարդիկ կարող են ինչ-որ բան ուտել, խմել, դա իսկական սոցիալական կենտրոն է»:
Ստելինգը նշեց նաեւ, որ հասարակության մեջ նախ եւ առաջ պետք է լինի գիտակցություն, թե ինչքան կարեւոր է կինոն. «Կինոն իրականության մի կտոր է, իսկ հեռուստատեսությունն ու ինտերնետը՝ միայն տեղեկատվություն»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել