Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՑ» ՄԻՆՉԵՎ ԱԹՈՌԱԿՌԻՎ

Մարտ 27,2010 00:00

Կամ պարոնյանական գործը՝ նոր մեկնաբանությամբ

\"\"

Մարտի 25-ին «Էդգար Էլբակյան» արտիստական թատրոնում «Թյուրիմացության պարահանդես» ներկայացման պրեմիերան էր. Արմեն Էլբակյանը նոր մոտեցմամբ այն բեմադրել է՝ ըստ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարի»: Ժամանակին այս ներկայացումը ռեժիսորը բեմադրել էր «Փոսի» թատրոնում: Փաստորեն, ներկայացումը ինչ-որ առումով «Փոսից» տեղափոխվել է Էլբակյան թատրոն, գումարած նաեւ այն, որ նոր «վայրում» խաղում էին «Փոսի» երկու դերասանուհի: Պաղտասար աղբարին հրաշալի մարմնավորել էր ճանաչված դերասան Վանիկ Մկրտչյանը, ում ծննդյան 60-ամյակը «նեղ» շրջանակով հենց թատրոնում նշվեց՝ պրեմիերայից հետո:
Վ. Մկրտչյանի խաղացած դերերը բազմաթիվ են՝ Անրի Սովաժ («Թուլակամը»), Ժուան Գանգոռու («Այս կինն իմն է»), Պարոն Օրգոն («Խաղ սիրո եւ պատահականության»), Մարքիզ («Հյուրանոցի տիրուհին»), Բանաստեղծ («Մեծապատիվ մուրացկաններ»), Ռոբերտ («Արեւը Ձեզ հետ»), Ջայլամ («Ախ, ներվեր, ներվեր»), Արշակ եւ պապիկ («Շողոքորթը»), Անդրե («Հանգուցյալը շրջում է քաղաքում») եւ հատկապես Քամիյ Շանտպիզ («Կասկածը կնոջ սրտում»), որը նրա ամենահաջողված դերերից է:
Վանիկ Մկրտչյանի հերոսը՝ Պաղտասար աղբարը, բարի, դյուրահավատ եւ պատվախնդիր մարդ է, որի կինը՝ Անուշը, սիրեկան ունի: Նա հանդիպում է Պաղտիկի կարծեցյալ բարեկամ Կիպարի հետ: Բանը հասնում է նրան, որ բոլորը սպառնում են Պաղտասար աղբարին խենթ հռչակել, եթե շարունակի կնոջն անբարո համարել:
Տպավորիչ էր նաեւ Մարինե Մանուկյանի ու Արսեն Գրիգորյանի խաղը, չնայած ներկայացման ռեժիսոր Արմեն Էլբակյանը պնդում է, որ թույլ դերակատարներ այս բեմադրության մեջ չկան:
«Սա նոր վերսիա է, եւ հատուկ էլ «Թյուրիմացության պարահանդես» ենք դրել վերնագիրը: Հիմքում այն հարցն է, որ անընդհատ փորձում են աշխարհի բոլոր անբարոյականությունները թյուրատեսության տակ թաքցնել, այնինչ, բոլոր սոդոմյան մեղքերը հետապնդում են մարդկանց: Պաղտասար աղբարն էլ կարծես զոհը լինի այդ շրջապատի: Ուզում ենք ասել, որ, ի վերջո, սոդոմյան մեղքը կործանելու է մարդկանց, եւ պատահական չի ֆինալ բերվել պարոնյանական այն տեքստը, թե «ասանկ քրիստոնյաներ կըլլա՞ն»: Չէ՞ որ մարդկությանը միայն բարոյականությունն ու բարոյական չափանիշներով ապրելը կփրկի»,- այսպես մեկնաբանեց իր աշխատանքը Ա. Էլբակյանը, հավելելով, որ ուրախ է «Էդգար Էլբակյան» թատերախմբի՝ նոր դերասանների համալրվելով:
Օրերս կայացած ասուլիսում ռեժիսոր Արմեն Մազմանյանը հայտարարել էր, թե իրեն Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռը պետք չէ, նաեւ վատ էր արտահայտվել իր կոլեգաների ու մասնավորապես Ա. Էլբակյանի հասցեին: Քանի որ մի քանի տասնյակ թատերական գործիչներ ՀՀ մշակույթի նախարարին եւ ԱԺ նախագահին դիմել էին Ա. Էլբակյանին Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու մասին նամակով, Էլբակյանին խնդրեցինք մեկնաբանել Մազմանյանի հայտարարությունը գեղարվեստական ղեկավարի աթոռի «մասով»: «Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը աթոռ չի գրավում: Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար լինել՝ նշանակում է ունենալ ազգային թատրոնի տեսիլք, եւ այդ տեսիլքը իրականացնելու գործունեություն ծավալել: Ու դա ոչ թե հենց այն պահին, երբ Մազմանյանի ասելով աթոռն ազատվում է, այլ այն պահից, երբ սկսում ես քո ստեղծագործական առաջին քայլերը ու որոնում ես ի վերջո այն ճանապարհը, թե ինչպիսին պիտի լինի մեր ազգային թատրոնը, ի՞նչ գեղարվեստական մտածողությամբ, քաղաքացիական եւ բարոյական դիրքորոշմամբ… Եվ եթե ինչ-որ մեկի համար դա աթոռ է, ուրեմն նաեւ աթոռակռիվ է: Կոնկրետ ինձ համար, իմ ողջ ապրած կյանքի ու ստեղծագործելու համար սա ընդամենը ընթացք է՝ ազգային թատրոնի գեղագիտության որոնման»,- պատասխանեց Արմեն Էլբակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել