Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ

Մարտ 27,2010 00:00

Սյունիքի մարզկենտրոնում պարենն արդեն թանկացել է, ու տեսանելի չեն ՀՀ կառավարության հակաճգնաժամային քայլերը:

Մթերքի արդեն բարձրացված գները, ապրիլի 1-ից գազի թանկացումը եւ ընդհանրապես թանկացումների հետ կապված ամեն հարց դարձել է կապանցիների քննարկումների ամենաթեժ ու լրջագույն թեման: Քաղաքի տարբեր փողոցներում, խանութներում, տրանսպորտում, բոլորը խոսում են եղած եւ սպասվելիք թանկացումներից: Գաղտնիք չէ, որ նման դեպքերում ամենաշատը տուժում են մայրաքաղաքից հեռու քաղաքների բնակիչները:
Կապանը մայրաքաղաքից 320 կմ է հեռու, եւ այս փաստն արդեն հուշում է, որ հեռավոր Կապանում մայրաքաղաքից բերվող պարենային ապրանքների գների էական թանկացում է սպասվում: Մինչեւ թանկացումներն էլ կապանցիները մթերք ձեռք էին բերում մայրաքաղաքային գների համեմատությամբ՝ ավելի բարձր գներով: Եվ ոչ միայն մթերքը, հագուստից սկսած մինչեւ էլեկտրատեխնիկան, կապանցիների գրպանին առանց այն էլ ծանր էր նստում, հիմա էլ՝ այս թանկացումները:
Խանութների եւ առեւտրի այլ կետերի տնօրենները ասում են, որ մայրաքաղաքից բերված ապրանքը չի կարող երեւանյան գին ունենալ, քանի որ տեղափոխման ծախս են արել, բացի այդ, վաճառքից ստացված գումարից իրենց օգուտ պիտի մնա: Կրկին ու կրկին տուժում են բնակիչները:
Առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացում բոլոր խանութներում է նկատվում: Շաքարավազը 350 դրամից 370 դրամ է դարձել, շաքարը, 400-ի փոխարեն, 420-ով են վաճառում, հնդկացորենը 350-ից միանգամից 20%-ով թանկացել է եւ 420 դրամ դարձել, կարագը 2200-ից 2300 դրամ, ձեթը (3լ)՝ 3100-3500 դրամ: Այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել, բայց սա չէ կարեւորը, թանկացումներից վաղուց կշտացած բնակչությանը մտահոգում է մի հարց, մինչեւ ե՞րբ եւ մինչեւ ո՞ւր կհասնի թանկացումների այս շթղան եւ, ի վերջո, կգա՞ օր, որ բարձրանալու փոխարեն գները կիջնեն:
Կապանցի Նորա Միրզոյանը հիշում է, որ խորհրդային տարիներին ապրանքների գները, թեկուզ չնչին տարբերությամբ՝ կոպեկներով, բայց իջեցնում էին: «Իսկ էսօր լսում ենք միայն բարձրացման մասին, առանց այն էլ 2009-ի բարձրացումներից դեռ ուշքի չենք եկել: Եթե բարձրացնում են գները, գոնե մարդկանց աշխատավարձերն ու թոշակներն էլ բարձրացնեն: Մի՞թե դա արդարացի է, ամեն ինչ թանկացնում են, բայց մարդկանց աշխատավարձերում փոփոխություններ չեն անում, վերջիվերջո խիղճն էլ է, չէ՞, լավ բան, մեր մասին ո՞վ պիտի մտածի, չենք հասցնում եղածով բավարարվենք, ստիպված պարտքով ենք առեւտուր անում, բայց էսպես որ շարունակվի՝ արդեն պարտքով էլ կհրաժարվեն մեզ մթերք տալ: Տեսնում են՝ լռում ենք, հանդուրժում ենք, ստիպված առնում ենք, թանկացումների թելը երկարացնում են»,- վրդովված ասում է կապանցի այս բնակչուհին:
«Բնակիչներն առեւտուր անելիս մեզ վրա են իրենց զայրույթը թափում, բայց մենք ի՞նչ մեղավոր ենք, ընդամենը վաճառող ենք, մենք էլ գոհ չենք էս թանկացումներից, ու նույն թանկացումը մեզ վրա էլ է անդրադառնում»,- ասում է մթերային խանութի աշխատող Հերմինեն, ով ստիպված է ամեն օր սպասարկել պետության կամոք թանկացումներից դժգոհող բնակիչների:
Այն, որ թանկացումները շարունակում են բացասաբար ազդել մարդկանց գրպանի պարունակության, որոշ դեպքերում էլ՝ խնայողությունների վրա՝ ոչ ոք չի փորձում հերքել:
«Ընտանեկան բյուջեի վրա անմիջապես զգացվում է թանկացումների հետքը: Մենք պատերազմ տեսած ժողովուրդ ենք եւ փորձում ենք ամեն կերպ հարմարվել ստեղծված իրավիճակին, միայն թե պատերազմ, կռիվ չլինի: Հեռուստացույցով ամեն օր լսում ենք, որ թանկացումները միայն Հայաստանում չեն, այլ երկրներում էլ են ապրանքների գները աճում, դրա համար ներկրվող ապրանքները մեզ բարձր գներով են հասնում, ու փորձում ենք դիմակայել գնաճին: Բայց տեղում արտադրվող մթերքների գներն էլ են բարձրացել ու չես հասկանում, թե դրա՛նք ինչու են թանկացրել: Մի խոսքով, Կապանում միշտ էլ ճգնաժամ է»,- նշում է Կապանի մեկ այլ բնակչուհի՝ Արմինե Հարությունյանը:
Կապանցիներից շատերը նույնիսկ հույս չունեն, որ ճգնաժամային 2009-ից հետո որոշակի դրական փոփոխություններ կլինեն, առավել եւս, որ գները կարող են իջնել նախկին մակարդակին, որին արդեն քիչ թե շատ հարմարվել էին: «Ամեն օր լսում ենք, թե հակաճգնաժամային քայլեր են ձեռնարկվում, տարաբնույթ ծրագրերից են խոսում, բայց արի ու տես, որ 2010-ը նախորդ տարվանից ոչնչով չի տարբերվում, ընդհակառակը` մեզ համար իսկական ճգնաժամը հիմա է, երբ պետք է մեր ցածր աշխատավարձով թանկացվող գազի վարձը վճարենք, թանկ ապրանքներ գնենք: Գազի թանկացումն էլ իր հերթին կհանգեցնի տրանսպորտի ուղեվարձերի թանկացման, քանի որ դրանք գազով են աշխատում: Թանկացումների մեկ այլ դրսեւորում է նաեւ վերջին օրերին դոլարի կուրսի կտրուկ աճը, որն էլ իր հերթին է ազդում էս ամեն ինչի վրա»,- ասում է կապանաբնակ տղամարդը, ով չցանկացավ ներկայանալ:
Ուշագրավ է, որ վերջին օրերին Կապանի բանկերում եւ տարադրամի մի շարք կետերում պարզ պատճառներով դոլարի վաճառք արդեն չի իրականացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել