Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՐԱՆԿՈՖՈՆՅԱՆ ՕՐԵՐԸ՝ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

Մարտ 27,2010 00:00

Հայաստանում մարտի 15-ին մեկնարկած Ֆրանկոֆոնյան օրերը Երեւանի պետական համալսարանում մեկնարկեցին երեկ, եւ ֆրանսիական երգն ու պարը  նույն հարկի տակ  համախմբեց մայր բուհի ուսանողա-դասախոսական կազմին: Տոնը սկսվեց «Կեցցե՜ Ֆրանսիան, կեցցե՜ ֆրանսիական գրականությունը» կարգախոսներով, դրան հաջորդեց ԵՊՀ-ի նորաստեղծ նվագախմբի եւ մշակույթի կենտրոնի սաների ելույթը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով, Հայաստանն ու Ֆրանսիան կապված եմ ամուր բարեկամական թելերով, եւ ֆրանսիական մշակույթը հայերին խիստ հոգեհարազատ է. «Ֆրանսերենը, ֆրանսիական գրականությունը մեզ ուղեկցել են ողջ կյանքի ընթացքում, եւ հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք ունի ֆրանսիացիների նկատմամբ, իսկ  համալսարանականներն էլ մշտապես առանձնահատուկ վերաբերմունքով են մասնակցում բուհում կազմակերպվող ֆրանսիական միջոցառումներին»: Պարոն Սիմոնյանը նշեց նաեւ, որ Ֆրանկոֆոնյան օրերի առիթով բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը համալրվել է ֆրանսիական բանասիրության ամբիոնով եւ այսուհետեւ այն նպաստելու է ֆրանսերենի, ֆրանսիական գրականության եւ առհասարակ  ֆրանսիական մշակույթի առավել ինտենսիվ զարգացմանը: Տոնին ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆֆը: Նրա խոսքով, թեեւ բուհի ռեկտորը միջոցառումը նախապես  ներկայացրել էր «բավականին համեստ», բայց այն իրականում «բավականին շքեղ է»: Պարոն Սմեսոֆֆը դրական քայլ ու առաջընթաց որակեց Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամի կարգավիճակի ձեռքբերումը:
 Միջոցառման նախաձեռնող ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ ասաց, որ տոնին նախապատրաստվել են ավելի քան մեկ ամիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել