Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքական փառատոնն ու հայերը

Մարտ 27,2010 00:00

Ադրբեջանցին ու թուրքերը գոհ են, Գեորգի Վանյանը՝ ոչ

\"\"

«Տխրում եմ, որ թուրքական ֆիլմերի ցուցադրությունը Երեւանում խոչընդոտների է հանդիպում, նաեւ երջանիկ եմ, որ այստեղ եմ ու մրցանակով եմ վերադառնում տուն»,- ասում է թուրք ռեժիսոր, Հայաստանում «23.5» թուրքական ֆիլմերի փառատոնի «հանդիսատեսի համակրանք» անվանակարգի մրցանակակիր Դենիզ Ջեյհանը:
Երեկ «Հայացք» ակումբում փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանը, Թուրքիայից եւ Ադրբեջանից հրավիրված մասնակիցները խոսեցին փառատոնի եւ հայ հասարակության հյուրընկալության մասին: Դ. Ջեյհանը համոզված է՝ «Մշակութային առումով արված ամեն քայլ մեզ եւ ձեզ բարեկամական հարաբերությունների է բերելու»:
Նա ներկայացել է «23.5» փառատոնին՝ «Լռություն» կարճամետրաժ ֆիլմով: Դ. Ջեյհանի խոսքով՝ իր ֆիլմը մասնակցել է նաեւ 15 այլ փառատոների, բայց միայն հայերի կողմից է գնահատանքի արժանացել. «Այն պատմում է կանանց նկատմամբ բռնությունների մասին: Գիտեմ, որ դա ամբողջ աշխարհում տարածված խնդիր է, բայց որոշեցի սկսել իմ երկրից՝ Թուրքիայից: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հետեւեցի հարեւանուհուս, ում տնից պարբերաբար ծեծկռտուքի ձայներ էի լսում: Ինչպես քաղաքակիրթ մարդիկ կանեին՝ զանգեցի ոստիկանություն: Իհարկե՝ չեկավ: Ու քանի որ նման թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափար ունեի, սկսեցի զարգացնել այն: Արդյունքն այսօրվա իմ այստեղ գտնվելն է եւ մրցանակս»:
Փառատոնի մեկ այլ մասնակից՝ «Դանս Բուլուշմա. Իստանբուլ» պարարվեստի դպրոց-ստուդիայի ղեկավար Այթյուլ Հասալթունը Հայաստանում է ամուսնու եւ 7 ամսական երեխայի հետ: Նա հիացած է Հայաստանով, եւ ուրախ է, որ իր փոքրիկի առաջին այցը՝ արտասահման, եղավ հենց Հայաստանը: Այթյուլը փառատոնին ներկայացել է իր «Նիգյար» ներկայացումով: «Ես համոզված եմ, որ երկու ժողովուրդների միջեւ ոչ մի խնդիր չկա: Այդ իշխանություններն են ինչ-ինչ բաներ սերմանում երկու ազգերի միջեւ»,- կարծում է նա:
Ադրբեջանցի կինոդերասան, կինոտեսաբան Ալվի Մեհտին էլ մինչ վերջին ժամերը դեռ չի հավատացել, որ Երեւանում է: Հետո հանգստացել է, երբ հասկացել է, որ ամեն ինչ նորմալ է. «Առավոտյան արթնացա քնից ու անցա հայկական հեռուստաալիքների վրայով: Տեսնեմ, ալիքներից մեկով մորս են ցույց տալիս՝ նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի է: Նույն օրը հանդիպեցի նաեւ դասընկերոջս: Հայերն այնքան հյուրընկալ են, որ անգամ վախենում եմ այսքանից հետո կանգնել կշեռքի վրա: Մինչ Հայաստան գալս՝ երկար ժամանակ պայքարել եմ գիրանալուս դեմ, իսկ այստեղ ոչ մի կերպ չի ստացվում»: Բանախոսները նշեցին, որ խիստ անհանգստացած են թուրքական ֆիլմերի հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունքից: Ըստ փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանի, նախնական պայմանավորվածությամբ այն պետք է անցկացվեր Երեւանի պետական կամերային թատրոնում, սակայն վերջին պահին պայմանագիրը խզվել է. «Բոլորին թվում է, թե թուրքական իշխանությունները ինձ միլիոններ են տվել՝ իրենց մշակույթն այստեղ պրոպագանդելու համար: Երանի այդպես լիներ, այնպիսի՜ փառատոն կկազմակերպեի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել