Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐ՝ ՏՆԱԿՈ՞ՒՄ

Մարտ 27,2010 00:00

Ոչ բավարար կենցաղային պայմանները հակադարձ համեմատական են մանկապարտեզների դաստիարակների երեւականությանն ու նպատակներին:

Ներկայումս շատ է խոսվում նախադպրոցական համակարգում բարեփոխումների իրականացման մասին: Ոլորտը կարգավորվում է մի շարք փաստաթղթերով, օրինակ՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով, 2008թ. մարտի 13-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագրով: Սակայն նշված փաստաթղթերն ունեն ավելի դեկլարատիվ բնույթ, դրանցում նկարագրված իրավիճակն ու գոյություն ունեցող պայմանները հաճախ ոչ միայն չեն համընկնում, այլեւ հակադրվում են միմյանց: Հայաստանյան նախադպրոցական համակարգը դեռ բարեփոխումների շատ տեղ ունի, փաստ է: Հենց այս նպատակով էլ արդեն մի քանի տարի է՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» հանրապետական ծրագրի շրջանակներում պետական ֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ տարբեր մարզերի դաստիարակների վերապատրաստումներ: Այս անգամ մեկշաբաթյա վերապատրաստումների հերթը Սպիտակ, Գյումրի, Վանաձոր քաղաքների 37 դաստիարակներինն էր, որոնք, հյուրընկալվելով կրթահամալիրի հյուրատանը, ամենօրյա դասընթացների միջոցով սովորել են երեխաներին «դաստիարակելու» ազատ մեթոդներ, էլեկտրոնային հմտություններ, մասնակից են դարձել մի շարք հայկական ծեսերի բեմադրությանը եւ այլն: Նրանց համար բացվել են նաեւ անհատական էլեկտրոնային փոստեր, որոնց միջոցով մշտապես կապի մեջ կլինեն մայրաքաղաքային մասնագետների հետ, կստանան նոր տեղեկություններ:
«Առավոտի» հետ զրույցում դաստիարակների խոսքից պարզ դարձավ, որ ազատ մեթոդներով աշխատելը խիստ ոգեւորիչ է, բայց դժվար, քանի որ իրենց կրթօջախներում հանդիպելու են տնօրենների, համայնքի սահմանափակ մտածողությանն ու այլ դժվարությունների: Ծրագրի ղեկավար Աիդա Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Դաստիարակները, մասնակցելով վերապատրաստումներին, հայտնվում են մի ազատ աշխարհում, որի մի փոքրիկ կտորը փորձում են իրենց աշխարհ տանել: Ոմանք ասում են, թե տնօրեններին նոր մեթոդների կիրառումը դուր կգա, ոմանք էլ մտահոգված են, թե տնօրենը երեւի թույլ չտա իրենց ազատ աշխատել եւ այլն: Այդ պատճառով էլ մեզ խնդրել են վերապատրաստումների հրավիրել նաեւ իրենց մանկապարտեզների տնօրեններին, տեսուչներին»: Զրուցեցինք նաեւ Գյումրիի թիվ 29 մանկապարտեզի դաստիարակ Սիլվա Մրյանի հետ: «Ամենակարեւորը՝ դաստիարակը պետք է ունենա գործունեության ազատություն, որը կկիրառի իր ամենօրյա աշխատանքում՝ երեխաների հետ: Ցավոք, բայց հաճախ աշխատում ենք հին մեթոդներով, կարծես շրջանակի մեջ լինենք, թռիչք չկա»,- ասաց նա:
Երբ դաստիարակներին հարցնում էի շենքային պայմաններից կամ նյութատեխնիկական բազայի համալրվածությունից, նրանք նեղսրտում էին, քանի որ իրենց ցանկություններն ու իրականությունը երբեմն հակասում են միմյանց: Օրինակ՝ հարց բարձրացվեց, թե նոր մեթոդներ ինչպե՞ս կիրառել այնպիսի մանկապարտեզում, որը գործում է տնակային պայմաններում, չունի անգամ մեկ համակարգիչ, ինտերնետի մասին նույնիսկ խոսք լինել չի կարող: Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը գործում է տնակային պայմաններում, դաստիարակ Ելենա Հարությունյանին խնդրեցի մի դրվագ նկարագրել իրենց կրթօջախի առօրյայից: Նա պատմեց. «Այնքան նեղվածք է տնակում, որ պարապմունքի ժամանակ կամ այլ գործողություններ կատարելիս երեխաները ստիպված են աթոռներն անընդհատ վերադասավորել, որպեսզի տեղավորվեն: Դա նաեւ վտանգավոր է, քանի որ երեխան կարող է տնակից դուրս ընկնել… բայց, միեւնույն է, ցանկության դեպքում մենք ելքը գտնում ենք: Ու փորձում ենք անել ամեն ինչ, որ երեխան ինքնարտահայտվի, իր ցանկությամբ ընտրի գործողության, խաղի ձեւը, իսկ դաստիարակը պիտի ուղղորդի նրան: Մեր երազանքն է ունենալ մի լուսավոր, ընդարձակ մանկապարտեզ, որ դաստիարակին տրված ազատությունները կիրառենք եւ մեր փորձը փոխանցենք հետագա սերունդներին»: Սպիտակի «Խատուտիկ» նախակրթարանի դաստիարակ Վարսիկ Աղամյանն էլ ասաց, որ իրենց քաղաքում գործում է նաեւ 2 պետական մանկապարտեզ, բայց այնտեղ ավելի գերիշխող են հին մոտեցումները: «Վերապատրաստումների արդյունքում հասկացանք, որ երեխային ոչ թե պիտի ասես՝ սա մաթեմատիկայի դասն է, սա նկարչության, այլ այդ բոլոր առարկաները միասնական համակարգով «իրար ինտեգրված դասավանդես»,-ասաց Վ. Աղամյանը: Գյումրիի թիվ 10 նախակրթարանի դաստիարակ Գոհար Վարդանյանը հայտնեց, որ վերապատրաստումների շնորհիվ իր ստացած հմտությունները կկարողանա կիրառել մասամբ. «Այստեղ մեզ սովորեցնում են համակարգիչ, ինտերնետ օգտագործելու միջոցով նյութեր հավաքել եւ տրամադրել երեխաներին, մինչդեռ այնտեղ չունենք ոչ համակարգիչ, որ ինտերնետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել