Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարի հրամանը

Մարտ 27,2010 00:00

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի այս տարվա մարտի 22-ի 94-Ա հրամանը ուղարկվել եւ ուղարկվում է հայաստանյան բոլոր թանգարաններին: Այդ հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի անցյալ տարվա օգոստոսի 3-ի 458-Ա հրամանում, որը վերաբերում է թանգարանի մշտական ցուցադրության այցելությանը, բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի գներին եւ արտոնություններին:
Թերեւս հրամանը չէր արժանանա մեր ուշադրությանը, եթե «հրամանի 3-րդ կետի ա ենթակետը» չնախատեսեր հետեւյալը. պետական պատվիրակությունները, մշակութային ժառանգության բնագավառի ուսանողները, լրագրողները, ժամկետային զինծառայողները, ՀՀ ստեղծագործական միությունների անդամները, եթե այցելեն թանգարաններ, նրանք, ըստ այս հրամանի, պետք է ունենան «այցելուի կարգավիճակը հաստատող» փաստաթղթի պատճեն: Հանձնարարվել է թանգարաններին. «Դրանց պատճենների պահպանությունը պարտադիր է» (թանգարանները թող իրենց պահ տված արժեքները պահպանեն):
Որքան տեղյակ ենք, ցանկացած կարգավիճակ հաստատող փաստաթուղթ անձնական տվյալ է համարվում, որի գաղտնիությունը պետության կողմից երաշխավորվում է:
Ու անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ պետք է թանգարաններ ներկայացվեն զինգրքույկի, անձնագրի, ծննդյան վկայականի պատճենները: Իսկ ինչ է անելու մշակույթի նախարարությունը, եթե թանգարան մտած այցելու-ֆանատներից մեկը որեւէ փաստաթուղթ չունենա եւ կամ հրաժարվի իր փաստաթղթի պատճենը թողնել թանգարանում: Ինչ է, զինված ոստիկաննե՞ր պետք է կանչեն՝ նրան թանգարանից դուրս հրավիրելու համար: Ինչպես վարվել մարզերից եկած այցելուների հետ:
Կամ ո՞րն է այցելուի կարգազանցությունը:
Ի դեպ, ուշադրության արժանի է այն, որ հրամանը չի ստորագրված, այլ հաստատվել է ընդհանուր բաժնի կնիքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել