Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԻՄՆԱՐԿ ՉԷ»

Մարտ 27,2010 00:00

Ասում էր Աշոտ Նավասարդյանը

Ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ, Հանրապետական կուսակցության հիմնադիր, ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Նավասարդյանը մարտի 28-ին կդառնար 60 տարեկան:
Ես այն երջանիկներից եմ, որ Ա. Նավասարդյանի ժամանակակիցը եղա ու նրան անձնապես ճանաչողը:
Նավասարդյանը եզակի քաղաքական գործիչներից էր, ով մեզ ժառանգեց ոչ թե «սրա-նրա դեմ լավ խոսողի», «լավ ուտող-խմող տղայի» անուն, այլ հայրենապաշտությունը՝ որպես արժեք:
«Պետական գործիչը, առաջին հերթին, պարտավոր է պաշտպանել ազգային, ոչ թե ինչ-որ հիմնարկի շահերը: Հայրենիքը հիմնարկ չէ»,- ասում էր նա:
1989թ. երբ Ա. Նավասարդյանը հիմնադրեց «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, անձնապես մասնակցեց Հայաստանի պաշտպանության մարտերին, եղավ Երասխավանում, Մարտակերտ-Շուշի-Քելբաջարում:
Հայրենասիրությունը Ա. Նավասարդյանի համար չդարձավ ճաքած բաժակով արտաբերված դառնահամ կենաց, պաշտոնական առաջխաղացումի միջոց, քաղաքական հակառակորդին նսեմացնելու հնարք, գողացված սիմվոլ…
«Մենք եղել ենք գաղութային ժողովուրդ, եւ մեր հայրենաբաղձությունն արտահայտվել է ազգային սիմվոլներին խոնարհվելով: Երբ արդեն պետականություն է հաստատվել, ճերմակ այդ երազանքը ներարկվել է մեր կենցաղ, մեր գորշ իրականություն: Երազը երազ է: Պարզվում է, որ պետականությունը դա այրիներ են, ստրկամիտ ու կաշառակեր ժողովուրդ, պատասխանատվություն, ծանր աշխատանք, նաեւ ազատության ձգտում: Այսօր մենք առաջընթացի ազատություն ունենք, բայց այդ ազատությունն օգտագործելու տրամաբանությունը չունենք: Եթե ժամանակին ազատությունը մեր հեքիաթների մեջ էր արտահայտվում, ապա այսօր եկեք երազենք գիշերը, իսկ ցերեկը՝ աշխատենք»,- գրում էր նա:
Ա. Նավասարդյանին հիշողները կարող են վկայել բանավիճելու նրա բարձր կուլտուրայի մասին: Խրոխտ էր, բռնկուն, ճշմարտության հատիկի նման կուլ չգնացող: Անդրադառնալով 1995թ.-ին ստեղծված ներքաղաքական լարված վիճակին՝ նա ասում էր. «Նորմալ պետության մեջ ընդդիմությունը պետք է իշխանական «պալատներում» ազատ ելումուտ ունենա, չմնա դրսում, փողոցներում ու հրապարակներում: Սակայն 95-ի արդյունքում ստեղծվել է անբնական վիճակ: Ազգային ժողովում չկա կամ գրեթե բացակայում է ժողովրդի մանդատը ստացած, խորհրդարանական իրական ընտրությունների բովով անցած իրական ընդդիմությունը: Իրավիճակն այսօր կիսաողբերգական-կիսակատակերգական է: ԱԺ-ն իր վրա է վերցրել ընդդիմության ֆունկցիան, ես նկատի ունեմ կառավարության հետ աշխույժ լեզվակռիվը: Կարծես նույն հիմնարկի երկու տարբեր բաժինները լինեն»:
Ա. Նավասարդյանն եզակի գործիչներից էր, ով սեփական միտքն ուներ, մտածող էր եւ երբեք անհարկի «ցիտատախեղդ» չէր անում մեծերին՝ սեփական կշիռն այլոց աչքում բարձրացնելու համար: Նրա առնական կեցվածքին բնորոշ էր փափկությունն ու ռոմանտիզմը:
Ես լսել եմ նրա ելույթները առաջին օրենսդիր մարմնում՝ Գերագույն խորհրդում հավատարմագրված տարիներիս: Ու շատ կուզեի, որ Նավասարդյանի քաղաքահաջորդները ծանոթանան իրենց հիմնադրի թողած պառլամենտական ժառանգությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել