Մարտի 25-ին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Կ. Ամալյանից տեղեկություն է ստացվել, որ մարտի 23-ին, ժամը 18.30-ին կորել է իրեն պատկանող 35 գլուխ ոչխարը: Կորած ոչխարները հայտնաբերվել են մարտի 24-ի առավոտյան: Կենդանիներից 20-ը եղել են գայլերի կողմից հոշոտված, 8-ը՝ վնասված վիճակում:
Հիշեցնենք, որ Սյունիքում գայլերի հարձակումները, ցավոք, սովորական են: Այս մասին «Առավոտը» մշտապես ահազանգել է: Անցած տարի գայլերի հարձակումներից հատկապես բողոքում եւ ահազանգում էին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի չորս բնակավայր ընդգրկող՝ Նոր Աստղաբերդ համայնքի բնակիչները («Առավոտ», 21.02.2009՝ «Լափում են ու լափում», 28.05.2009՝ «Գայլե՞րն են գյուղի տերերը»):