Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոհեմ ու հեռատես՝ ինչպես Գրիգոր Զոհրապը

Մարտ 27,2010 00:00

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ, «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուին եւ նրա տեղակալ Հերման Բալյոնին: «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ Շիրինօղլուն ասել է, թե եկել է վարչապետին հատուկ շնորհակալություն հայտնելու, քանի որ 8 կալվածքներ վերադարձվել են հայկական համայնքին։ Լրագրողները Էրդողանին հարցեր են տվել 1915 թվականի մասին, Էրդողանի վերջին հայտարարությունների մասին։ Պետրոս Շիրինօղլուն ասել է, թե 1915 թվականին տեղի ունեցածի մասին չէր ցանկանա օգտագործել ցեղասպանություն բառը։ Անշուշտ, գիտե, որ շատ անախորժ դեպքեր են տեղի ունեցել, երկու կողմերն էլ տառապել են, բայց «հին դեպքերը քրքրելը լավ չէ», ու վստահություն է հայտնել, որ վարչապետ Էրդողանին ու Հայաստանի նախագահ Սարգսյանին կհաջողվի ելք գտնել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Փոխանցելով Պետրոս Շիրինօղլու խոսքերը՝ Ռոբեր Հաթեջյանն ասաց, որ նա «պետք է խոսեր խոհեմ ու հեռատես կերպով, ինչը եւ արեց»։ Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիներին վտարելու՝ Էրդողանի հայտարարության մասին Պետրոս Շիրինօղլուն ասել է, թե գիտեին, որ հայաստանցիներին վտարելու մասին Էրդողանը «սրտանց չի խոսել. իր սրտի եկածը այդ չէր»։ «Մինչեւ հիմա որեւէ վարչապետ մեզ հետ, ազգային փոքրամասնությունների հետ այդքան մոտ չէ, որքան Ռեջեփ Էրդողանը»,- ասել է Շիրինօղլուն։
Իսկ tert.am-ը, հղում անելով CNNTurk-ին, տեղեկացնում է, որ Շիրինօղլուն 1915թ. իրադարձությունները որակել է որպես «վեճ՝ երկու անկեղծ ընկերների միջեւ»: «Երկու անկեղծ եղբայրների միջեւ երկպառակություն եւ տարաձայնություն մտցրեցին, ինչի արդյունքում միմյանց շատ սիրող երկու ընկերների վեճը վատ ավարտ ունեցավ: Նրանց միջեւ առաջ եկավ անվստահություն»,- ասել է Շիրինօղլուն՝ ավելացնելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները «պետք է մոռանալ եւ առաջ նայել»: «Ես չեմ ասում, թե ոչինչ չի եղել: Մեր ազգակիցները զրկանքներ են կրել… Սակայն շատ փորփրել պետք չէ»,- հայտարարել է Շիրինօղլուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել