Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՆՏԱԽՏԸ ՀԱՍԱՎ ԼՈՌԻ

Մարտ 27,2010 00:00

Պետությունը թիվ եւ փաստաթուղթ է ուզում, գյուղացին պետության հետ հույսեր չի կապում

\"\"

Մարտի 6-ին՝ «Հիմա էլ դասական ժանտախտ» եւ մարտի 19-ին՝ «Համաճարակ, հաշվառում, փոխհատուցո՞ւմ» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ խոզերի աֆրիկյան ժանտախտ է բռնկվել Տավուշի մարզում եւ արդեն մոտ 350 խոզ է հարկադիր ոչնչացվել: Պարզվում է՝ վարակը թափանցել է հարեւան Լոռի:
«Դսեղ համայնքում շուրջ 25 գլուխ խոզ էր սատկել, եւ հանրապետական լաբորատորիայի եզրակացության հիման վրա հաստատվել է աֆրիկյան ժանտախտ խոզերի հիվանդությունը»,- ասում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը: Լոռու մարզպետի որոշմամբ, Դսեղ համայնքում սահմանվել է կարանտին. արգելվել է կենդանական ծագման որեւէ սննդամթերքի ելքն ու մուտքը: Ըստ Վոլոդյա Բունիաթյանի՝ կարանտինը կտեւի առնվազն մեկ ամիս, եւ եթե այդ ընթացքում որեւէ դեպք չարձանագրվի, այն կհանվի:
Դսեղցի Ռազմիկ Եգանյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց. «Լիքը-լիքը գնացի սարը, դատարկ հետ եկա: 80 խոզ ունեի, 80-ն էլ սատկեց մի քանի օրվա մեջ. կեսն անտառում էր, էնտեղ սատկեց, կեսն էլ գոմում»: Գյուղացու նշած թվի հետ, սակայն, անասնաբուժական տեսչությունում համաձայն չեն. «Գնացել ենք մեքենայով առաջին ահազանգից, ասում եմ՝ ո՞ւր են խոզերդ, որտե՞ղ են թաղած, չկան: Հանձնաժողովը պետք է նայի, տեսնի… Դա լրիվ հերյուրանք է»,- ասում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը: «Ես պետությունից ակնկալիք չունեմ: 2007-ին էլ 18 խոզերս սատկեցին, բայց էն ժամանակ էլ փոխհատուցում չստացա»,- նշում է Ռազմիկ Եգանյանը:
«2007թ.-ին նման երեւույթների հետ մենք առնչվել ենք: Հայտարարելով չի, էլի: Մինչեւ անասնաբուժական ծառայության, համայնքի ղեկավարի կողմից ստեղծված հանձնաժողովները չփաստաթղթավորեն, չակտավորեն, այդ թվաքանակը չի ֆիքսվի… Պետությունը կարող է հաշվի առնել միայն հաշվառված թվերը»,- իր հերթին պնդում է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը եւ հավելում, որ 2007թ.-ին մարզի մի շարք համայնքներում բռնկված աֆրիկյան ժանտախտի համաճարակի հետեւանքով ոչնչացվեց շուրջ 16 հազար գլուխ խոզ. «2007թ.-ին շատ մեծ էր ծավալը. ընդգրկում էր Թումանյանի տարածաշրջանի բոլոր եւ Գուգարքի անտառամերձ համայնքները, որտեղ խոզերը պահվում էին անտառներում: Խոզերին անտառում բաց թողնելը նպաստում է, որ վարակը տարածվի, իսկ այն համայնքներում, որտեղ խոզերին փակ տարածքներում են պահում՝ հիվանդությունը չտարածվեց»:
Կանխարգելիչ միջոցառումների եւ վարակի տարածումը կանխելու համար գյուղատնտեսության վարչության պետը կարեւորում է. խոզերին փակ տարածքներում պահելը, գոմերը ախտահանելը, սանիտարահիգիենիկ միջոցառումները: Հենց այս տրամաբանության մեջ է Լոռու մարզպետի մարտի 10-ի նամակը, որով Շնող, Քարինջ, Ճոճկան, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Մարց, Դսեղ համայնքների ղեկավարներին հրահանգվել է իրականացնել խոզերի գլխաքանակի հաշվառում, բացառել խոզերին անտառ բաց թողնելը, այլ տնտեսությունների ու բնակավայրերի կենդանիների հետ շփումը: Իսկ խոզերի հիվանդության եւ անկումների վերաբերյալ տեղեկատվությունը անհապաղ ներկայացնել սննդի անվտանգության եւ անասնաբուժական մարզային տեսչություն: «Այլ համայնքերում կասկածելի դեպքեր չեն եղել, վերջին շրջանում խոզերի անկման դեպք չի գրանցվել»,- նշում է Համլետ Վիրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել