Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

6226 հայ փախստական

Մարտ 27,2010 00:00

Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի մարտի 23-ին հրապարակած նախնական զեկույցի, որում ամփոփված են 38 եվրոպական եւ 6 ոչ եվրոպական երկրներից ստացված տվյալները, 2009թ.-ին այդ երկրներում ապաստան է հայցել 6 226 հայաստանցի: Դա 43%-ով ավելի է 2008թ.-ի ցուցանիշից: Դիմումատու հայաստանցիների գերակշռող մասը՝ 5 963-ը, 2009թ.-ին ապաստան է խնդրել Եվրոպայում։ Ընդ որում, հայաստանցիներն առավելապես նախընտրել են Ֆրանսիան, Բելգիան, Ավստրիան, Հոլանդիան, Գերմանիան:
2009թ.-ին 44 պետություններում ապաստան ստանալու համար դիմել է 377 200 անձ, նույնքան՝ ինչ 2008թ.-ին: Դիմումներ ստացող երկրներից «առաջատարները» Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան: Ընդ որում, եվրոպական երկրներին են դիմել 286 700, այդ թվում Եվրամիության անդամ երկրներին՝ 246 200, ԱՄՆ-ին եւ Կանադային՝ 82 300, Ավստրալիային եւ Նոր Զելանդիային՝ 6 500, Ճապոնիային եւ Հարավային Կորեային՝ 1 700 մարդ։ Առավելապես՝ 13%-ով, աճել է սկանդինավյան երկրներին դիմողների թիվը եւ կազմել 51 100, ինչը վերջին 6 տարում ամենամեծ ցուցանիշն է: Մինչդեռ Եվրոպայի հարավային երկրներում դիմումատուների թիվը նվազել է 33%-ով կամ 50 100-ով:
2009թ.-ին 377 հազար դիմումատուների գրեթե կեսը Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի (45%), Աֆրիկայի (29%), Եվրոպայի (15.5%) եւ Լատինական Ամերիկայի (9%) երկրներից են: 2008թ.-ի համեմատ առավելապես աճել է Աֆղանստանի, Իրաքի եւ Սոմալիի քաղաքացիներից այլ երկրներում ապաստան հայցողների թիվը: Փախստականների թվի աճ է գրանցվել նաեւ ՌԴ-ից, Չինաստանից, Սերբիայից եւ Նիգերիայից: 2009թ.-ի «առաջատարների» տասնյակը եզրափակում է Վրաստանը, որտեղից ապաստանի դիմումների թիվը աճել է աննախադեպ՝ 102%-ով, եւ կազմել է 10 994: Հայաստանի մյուս անմիջական հարեւան Ադրբեջանի քաղաքացիներից 2009թ.-ին ստացվել է 2 447 դիմում, ինչը 2008թ.-ի ցուցանիշը գերազանցում է 36%-ով:
Ընդունող երկրների թվում առաջատարները ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան են: Այդ երկրներին դիմել է հայցողների 48%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել