Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքսային հսկողությունը խստացվել է

Մարտ 27,2010 00:00

Երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը անդրադարձել է իր ղեկավարած վարչության աշխատանքներին: Հիշեցնենք, որ այս վարչությունը ստեղծվել է երկու տարի առաջ՝ մաքսային զննումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Չնայած այն բանին, որ մաքսային ծառայությունում տարեցտարի աճում էր մաքսային հսկողության «կանաչ ուղու» տեսակարար կշիռը, սակայն «կանաչ ուղով» անցած բեռների պատահական եւ ոչ պատահական ստուգումների արդյունքում հայտնաբերվում էին խոշոր խախտումներ։ Այդ իսկ պատճառով 2008-ին ստեղծվեց հիշյալ վարչությունը, որպեսզի մաքսային զննման գործընթացը տարանջատվի մաքսային ձեւակերպումներից՝ ուժեղացնելով ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ տարվող հսկողությունը։ Վարչությունը կազմավորվել է տարածքային բոլոր մաքսային մարմիններում գործող զննման բաժինների հիման վրա։
Այսօր, ըստ Վ. Գուրողլյանի՝ վարչությունն ունի 166 աշխատակից, ովքեր հսկողություն են իրականացնում ինչպես Գուգարքի, Շիրակի եւ Սյունիքի սահմանային մաքսային կետերում, ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների մաքսատանը, այնպես էլ 11 մաքսային պահեստներում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում։ «Միայն այս տարվա առաջին եռամսյակում մեր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է մաքսային իրավախախտումների 40 դեպք։ Իրավախախտումների մեծ մասն արձանագրվել է մաքսային պահեստներում իրականացված մաքսային զննման ժամանակ։ Դեպքեր են արձանագրվել նաեւ Թբիլիսի-Երեւան մարդատար գնացքում, որտեղ իրավախախտները որպես թաքստոց օգտագործել էին ռեստորան-վագոնի սառնարանային մասը։ Ի դեպ, 2010թ. եռամսյակային վիճակագրությունը փաստում է, որ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով՝ իրավախախտները հիմնականում ապրանքը թերի են հայտարարագրել կամ սխալ նշել ապրանքի կոդը։ Բացի այդ, արձանագրվել են ապրանքների քանակի եւ ծագման երկրի, նաեւ՝ կապարակնքման, նշագրումների հետ կապված խախտումներ եւ փաստաթղթային անճշտություններ։ Կցանկանայի հորդորել գործարարներին՝ չդիմել իրավախախտումների, քանի որ ՊԵԿ-ը, ազատականացնելով մաքսային ընթացակարգերը, խստացրել է մաքսային հսկողության մեխանիզմները»,- ասել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել