Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎՈՐ ՀԻՄՆԱՎՈՐԵՆ

Մարտ 27,2010 00:00

Շենգենյան գոտու երկրները վիզայի տրամադրման գործընթացի «հեշտացման» միակ դրական կետը դա է

Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն հայտարարեց, որ այս տարվա ապրիլի 5-ից շենգենյան երկրներ վիզաների տրամադրման ընթացակարգերը պարզեցվում են, քանի որ հենց այդ ժամանակ է ուժի մեջ մտնում Եվրահամայնքի մակարդակով ընդունված նոր օրենսգիրքը, որով եւ դյուրացվում են տեղաշարժերը շենգենյան երկրների տարածքում: Այս օրենքը, ըստ պրն Գրապեի, վերաբերում է, մասնավորապես, կարճաժամկետ վիզաների տրամադրման կարգերի փոփոխություններին. «Այլեւս 10 տարուց ավելի վավերականության ժամկետ ունեցող անձնագրերում վիզաներ չեն դրվի: Բացի այդ՝ շրջանառությունից դուրս են գալու տարանցիկ B տեսակի վիզաները եւ փոխարինվելու են C տեսակով: B տեսակի վիզաները, փաստորեն, հնարավորություն էին տալիս դուրս գալ եվրոպական երկրներ օդանավակայաններից, իսկ հիմա նրանք կկարողանան շրջագայել Եվրոպայով: Բացի այդ, այսուհետեւ կարճաժամկետ վիզա ստանալու հայտ ներկայացնողը պիտի գրավոր ներկայացնի հստակ ժամկետը, թե երբ է վերադառնալու Հայաստան. այսինքն՝ գրավոր պարտավորություն է ներկայացնելու: Նույն կերպ էլ վիզաների մերժման դեպքում է. հյուպատոսարանները պիտի գրավոր ներկայացնեն պատճառաբանությունը, քանի որ մարդկանց հիմնական դժգոհությունները վերաբերում են մերժման պատճառաբանության բացակայությանը»:
Ինչ վերաբերում է երկարաժամկետ վիզաների տրամադրման կարգին, ապա այստեղ առանձնահատուկ փոփոխություններ չեն եղել, բացառությամբ մի դեպքի, երբ, օրինակ, Ֆրանսիայում ուսանող հայ երիտասարդը դասախոսությունների մասնակցելու նպատակով Գերմանիա եւ Իտալիա մեկնելու դեպքում, նախկինի՝ երկու վիզաներ ստանալու փոխարեն, այժմ կստանա մեկը:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե հատկապես ինչով է մեզ՝ հայերիս համար հեշտացել շենգենյան գոտու երկրներ մտնելը, Ֆրանսիայի հյուպատոսը պատասխանեց. «Մենք չենք ցանկանում խոչընդոտել հայերի ճանապարհորդությունը։ Ընդհակառակը՝ ամենայն անկեղծությամբ ասեմ, որ կարծում եմ՝ որքան ավելի շատ հայերը ճանապարհորդեն, այնքան ավելի շատ հայ երիտասարդությունը հնարավորություն կունենա վերապատրաստվելու, շտկվելու, կրթվելու, եւ, ինչպես մի հայտնի մտածող է ասել՝ որքան ավելի շատ մարդ հնարավորություն ունենա այլ երկրների օդը շնչելու, այնքան երկիրը կզարգանա»: Ըստ պարոն Գրապեի՝ իրենցից շատ են հետաքրքրվում նաեւ, թե վիզաներ տրամադրելու համար ինչո՞ւ է այդքան շատ փաստաթուղթ պահանջվում ՀՀ քաղաքացիներից. «Վիզան՝ ելքի արտոնագիրը, ընդամենն այն տարրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս թափանցելու շենգենյան գոտի, իսկ սահմանային ծառայության պատասխանատուները միանգամայն իրավասու են եւ անգամ պարտավոր են պահանջել ճանապարհորդից ներկայացնել այս կամ այն փաստաթուղթը։ Պահանջում են՝ ելնելով իրենց երկրի կանոնադրությունից, եւ երբ այստեղ մենք բոլոր փաստաթղթերն ենք պահանջում, ասենք՝ բժշկական ապահովագրություն, դա նրա համար է, որ պարզապես չենք ցանկանում, որ սահմանային համապատասխան ծառայության ներկայացուցիչները զանգեն ու ասեն, թե ձեր երկրի քաղաքացին գտնվում է միջազգային չեզոք գոտում, որովհետեւ պահանջելու պահին չի կարողացել ներկայացնել փաստաթղթերից որեւէ մեկը։ Շատ կան դեպքեր, երբ մարդիկ, հասնելով օդակայան, չեն կարողացել մտնել Ֆրանսիայի տարածք՝ պահանջվող փաստաթղթերից որեւէ մեկը չունենալու պատճառով»:
Անդրադառնալով քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերին՝ Ֆ. Գրապեն ասաց. «Հյուպատոսարան դիմող քաղաքացու գործերը որքան լիարժեք են, տրամաբանորեն ավելի կապակցված, այնքան ավելի են նվազում մերժվելու հնարավոր դեպքերը։ Փաստաթղթերի ամբողջական լինելու դեպքում նոր ընթացակարգով մարդիկ իրենց վիզաների թույլտվությունը կստանան 2 օրում, վիզաների սակագներն էլ կմնան անփոփոխ»:
Նշենք, որ ասուլիսին մասնակցում էին նաեւ շենգենյան գոտու՝ Լեհաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Հունաստանի, Լիտվայի հյուպատոսարանների ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել