ՀՀԿ մամուլի խոսնակը հավաստիացնում է, որ Ղարաբաղի հարցում իշխանության դիրքորոշումը երբեք չի փոխվել
«Հայաստանն իր առջեւ խնդիր չի դրել ամեն գնով լուծում տալ Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի համար գերխնդիրը կարգավիճակի ամրագրումն է: Եթե նախկինում հարցի կարգավորման անկյունաքարը տարածքային ամբողջականության սկզբունքն էր, ապա այժմ նույնքան հստակ ամրագրված է ինքնորոշման սկզբունքը»,- երեկ «Դե-ֆակտո» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Պարոն Շարմազանովը երեկ նորից հատ-հատ կրկնեց. «Մենք ասել ու ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր, խնդիրը պետք է լուծվի խաղաղ-բանակցային ճանապարհով, մենք չենք ցանկանում պատերազմ, բայց եւ պատերազմից չենք վախենում: Մեկ անգամ եղել է պատերազմ, եւ բոլորը տեսան, թե դա ինչպես ավարտվեց: Մեզ համար ընդունելի է միայն եւ միայն Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումը: Ի վերջո, առանց Ղարաբաղի ժողովրդի, առանց Ղարաբաղի ղեկավարության որեւէ մեկը չի կարող լուծել Ղարաբաղի խնդիրը: Դրա համար Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում շատ հստակ եւ շատ արմատական խնդիր են դրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մասնակցեն բանակցություններին: Եվս մեկ անգամ ասեմ՝ մեզ համար Ղարաբաղի խնդրի ամեն գնով լուծումը ինքնանպատակ չէ, Ղարաբաղի ժողովուրդը պայքարել է իր աստվածատուր իրավունքի համար՝ ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում: Դա բոլոր ժողովուրդների բնական իրավունքն է»: Ըստ պարոն Շարմազանովի, ամբողջ աշխարհն է արդեն տեսնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «Ադրբեջանը կառուցողական լուծումների պատրաստ չէ»:
Ըստ news.am-ի, Էդվարդ Շարմազանովը հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Այվազյանին խիստ նկատողություն է տրվել այն պատճառով, որ նա Գագիկ Ծառուկյան-Ներսես Երիցյան հակամարտության ժամանակ պաշտպանել է ոչ թե ՀՀԿ քվոտայով նախարար դարձած Ներսես Երիցյանին, այլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին ասել էր, որ նա չի տիրապետում տնտեսական իրավիճակին, որից հետո, ի տարբերություն այլ ՀՀԿ-ականների, Վարդան Այվազյանը նշել էր, որ եթե Ծառուկյանը քննադատել է էկոնոմիկայի նախարարին, ուրեմն դրա համար հիմքեր ունի:
Հարցին՝ եթե դա չի եղել նկատողության պատճառը, ապա ո՞րն է եղել, Շարմազանովը պատասխանել է. «Ուրեմն, կուսակցության կայքէջում կա գործադիր մարմնի որոշումը: Իսկ ինչո՞ւ դուք պետք է մանրամասն իմանաք, թե կուսակցությունը ինչ է արել, ոնց է արել: Դրանք մեր կուսակցության ներքին խնդիրներն են»:
News.am-ը հայտնում է նաեւ. երբ մենք երեկ փորձեցինք Վարդան Այվազյանից պարզել, թե ինչպես է մեկնաբանում ՀՀԿ-ի կողմից նկատողություն ստանալու փաստը, նա արձագանքեց. «Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել: Ես հիվանդանոցում պառկած եմ»: