Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մարտ 27,2010 00:00

Հենց այդպիսին է եղել օրերս ԵՄ երկրների դեսպանների եւ Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրի հեղինակների հետ հանդիպումը:

Փետրվարի 23-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց «Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման» իր՝ «100 քայլ» անվանված ծրագիրը, որը նախատեսված է լայն հասարակական եւ քաղաքական քննարկման համար: Ի դեպ, Կոնգրեսը քաղաքական դաշտում այն միակ ուժն է, որը ներկայացված չլինելով ՀՀ խորհրդարանում եւ առավել եւս չունենալով իր որեւէ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ իշխանական լծակներ՝ նման համապարփակ ծրագիր է ներկայացրել: Բացի ՀԱԿ-ից, որեւէ այլ, այդ թվում՝ խորհրդարանական ու իշխանական կոալիցիայի անդամ հանդիսացող ուժ, ովքեր այս օրերին քննադատում են կառավարությանն ու այս կամ այն նախարարի գործունեությունը, նման նախաձեռնությամբ հանդես չեկան: Կոնգրեսի ներկայացրած «100 քայլը» հետաքրքրեց միայն Հայաստանում հավատարմագրված Եվրամիության, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Լիտվայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի դեսպաններին եւ դիվանագետներին: Նրանց նախաձեռնությամբ էլ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մարտի 23-ին հանդիպում էր կազմակերպել ՀԱԿ-ի տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչների՝ ծրագրի հեղինակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, ՀՀ առաջին նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահագն Խաչատրյանի ու Վահագն Ղազարյանի հետ՝ «100 քայլ»-ը քննարկելու համար: «Առավոտի» տեղեկություններով, հատուկ այդ հանդիպմանը մասնակցելու համար Վրաստանից Երեւան էր եկել նաեւ Հոլանդիայի դեսպանը (նրա նստավայրը Թբիլիսիում է): Ի դեպ, հանդիպման համար նախատեսված է եղել 45 րոպե, բայց շուրջ կես ժամ այն ավելի երկար է տեւել, ծրագիրը ներկայացրել է Հ. Բագրատյանը:
Օրերս ՀԱԿ-ի կողմից տարածված ու այդ հանդիպմանը վերաբերող հաղորդագրության մեջ ասված էր, թե Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից ծրագրի ներկայացումից հետո ծավալվել է քննարկում՝ մասնավորապես «ծրագրի խնդրահարույց համարված» մի քանի գաղափարների շուրջ, ինչպիսիք են՝ կապիտալի արտահանման հարկի ներդրման, բանկերի հիմնադիր կապիտալի նվազագույն շեմի իջեցման եւ քաղաքականությամբ զբաղվող գործարարների ձեռնարկությունները պետական կառավարմանը հանձնելու վերաբերյալ կետերը: Հիշեցնենք, որ խոսքը «100 քայլում» եղած հետեւյալ կետերի մասին է. «Կապիտալի արտահանման հարկի սահմանում. Պետք է սահմանել կապիտալի արտահանման հարկ։ Տնտեսական զարգացման արդի պայմաններում ՀՀ տնտեսության մեջ ներդրումների աճի հիմնական ռեզերվը ներքին խնայողությունների ընդգրկումն է, երկրից կապիտալի՝ օրեցօր ահագնացող արտահոսքի կանխումը։ Այսպես, 2002թ. կապիտալի արտահոսքը կազմել է 245, 2003-ին՝ 314, 2004-ին՝ 494, 2005-ին՝ 613, 2006-ին՝ 794 միլիոն դոլար։ 2007-ի առաջին 8 ամիսներին կապիտալի արտահոսքը կազմել է 593 մլն դոլար, իսկ տարեվերջին այն հատել է 1 մլրդ դոլարի սահմանը։ Փոքր եւ աղքատ երկրի համար սա կործանարար է։ Բնակչության մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանմամբ (340 դոլար) Հայաստանը ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքում առաջինն է։ Կապիտալը փախչում է Հայաստանից, որովհետեւ չի վստահում իշխանություններին։ Եվ ուրեմն, արտասահմանյան ներդրումները խրախուսելու վերաբերյալ մոդայիկ ֆրազաների փոխարեն՝ պետք է կարողանալ, նախեւառաջ, կանգնեցնել կապիտալի՝ օրեցօր ահագնացող արտահոսքը։ Պետք է սահմանել կապիտալի արտահանման հարկ (նախօրոք գումարից հանելով ՀՀ ներբերած կապիտալը եւ բացառելով արտասահմանյան ներդրողներին)։ Այս փոփոխությունները պետք է կատարվեն՝ նկատի ունենալով Առեւտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ ստանձնած պարտավորությունները՝ փոխադարձ ներդրումների համար հավասար պայմաններ ապահովելու առումով։ Օրենսդրությամբ բանկերին պետք է արգելել կապիտալի արտահանման ցանկացած գործարքի կատարում, քանի դեռ հարկային մարմինները տեղեկանք չեն տվել հարկային պարտավորությունների կատարման մասին»։ «Բանկերի գրանցման պահանջների մեղմացում. Զգալիորեն պետք է թուլացվեն նոր բանկերի գրանցման պահանջները։ Մասնավորապես, դրանց հիմնական կապիտալի նկատմամբ պահանջները կսահմանափակվեն 1,5 մլրդ դրամով (ներկայումս ավելի քան 2.5 մլրդ դրամ է)» եւ՝ «Իշխանության եւ սեփականության տարանջատում. Պետք է իրականացվեն որոշակի եւ հստակ քայլեր, որպեսզի. ա) գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից (եթե գործարարը որոշում է զբաղվել քաղաքականությամբ, դառնալ պատգամավոր կամ նախարար, ապա նա իր ունեցվածքը պետք է հանձնի պետական գույքի կառավարման գործակալությանը կամ պետության կողմից լիազորված այլ մարմնի), բ) իշխանության ղեկին հայտնված գործիչը պետք է ունենա չեզոք կառավարչի ձեւական ու բովանդակային բոլոր հատկանիշները»։
Հիշյալ հանդիպմանը մասնակցած Վահագն Խաչատրյանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված եղել հատկապես այդ երեք կետերի շուրջ դեսպանների հետաքրքրությունը: Հիշեցնենք, որ, թերեւս, սրանք էին այն կետերը, որոնք մասնավորապես ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանի ասելով՝ «ավելի շատ համապատասխանում են նեոբոլշեւիզմի գաղափարախոսությանը»:
«Դեսպանների ու դիվանագետների հիմնական անհանգստությունն այդ դրույթների առնչությամբ այն էր, որ մենք դրանցով մեծացրել էինք պետության դերն ու միջամտությունը տնտեսությանը եւ նախատեսում ենք, որ այս փուլում պետությունը պետք է ավելի ակտիվ միջամտի տնտեսական կյանքին: Այդ դրույթների վերաբերյալ հիմնականում հարցադրումներ էր անում Գերմանիայի դեսպանը: Դա հետաքրքրում էր նաեւ այն երկրների դեսպաններին, որտեղ տնտեսության ազատական մոտեցումն ավելի գերիշխող է: Իրենց հարցադրումներով նրանք փորձում էին պարզել, թե արդյոք այդ հարցում մեր մոտեցումը ժամանակավո՞ր բնույթի է, թե՞ սկզբունքային մոտեցում է: Արդյոք դա հակառակ ազդեցությունը չի՞ ունենա, մանավանդ, որ մենք այսօր պետությանը մեղադրում ենք կոռուպցիայի մեջ: Ես էլի մի անգամ համոզվեցի, որ նրանք շատ լավ տեղեկացված են մեր տնտեսության առկա իրավիճակին»,- պարզաբանեց Վ. Խաչատրյանը՝ ի պատասխան մեր հարցադրմանը հավելելով, թե «ծրագրում, իհարկե, կան բաներ, որոնք առաջարկվել են ժամանակի պահանջով: Այն հարցադրումները, որոնք դեսպաններն էին անում, միանգամայն հասկանալի էին: Դրանք, թերեւս, ստուգողական հարցեր էին, որոնցով փորձում էին ճշտել, թե իրենց դիմաց գաղափարական առումով ովքեր են կանգնած»:
Արդյոք ՀԱԿ-ի ներկայացուցիչների պարզաբանումները դրանց առնչությամբ ընկալելի եւ ընդունելի՞ էին ԵՄ պետությունները ներկայացնողների համար:
«Ընկալելի էին, բայց որքանո՞վ էին ընդունելի՝ չեմ կարող ասել: Բայց որ քննարկումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում՝ հաստատ է: Ի վերջո, բոլորիս համար էլ հասկանալի դարձավ, որ կարիք կա հետագայում եւս նաեւ առանձին հանդիպումներ ունենալ ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ կամ առանձին շրջանակներում ծրագրին վերաբերող ինչ-որ հարցեր ավելի մանրամասնել»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Մեր այն հարցին, թե՝ ինչո՞վ էր պայմանավորված ԵՄ երկրների դեսպանների հետաքրքրությունը «100 քայլի» նկատմամբ, որի առնչությամբ նրանք անհրաժեշտ էին համարել հանդիպել դրա հեղինակների հետ, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ, դա պայմանավորված էր հասարակության ներսում ՀԱԿ-ի դերով եւ ազդեցությամբ»:
Հավելենք միայն, որ նման հետաքրքրություն ընդդիմադիր ուժի ներկայացրած ծրագրի նկատմամբ դժվար թե լիներ, եթե միայն ՀԱԿ-ը որպես Հայաստանում իշխանությանը միակ ռեալ այլընտրանքային ուժ չդիտարկվեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել