Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀԻՄՆԱԴՐՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Մարտ 27,2010 00:00

ԵՄ տեղեկատվական ռազմավարության համաձայն՝ Հայաստանում նախատեսվում է ստեղծել ԵՄ տեղեկատվական կենտրոններ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ԵՄ անդամ երկրների դեսպանները երեկ քննարկել են այդ կենտրոնների ստեղծման նախագիծը: Ա. Բաղդասարյանը նշել է, որ ԵՄ տեղեկատվական կենտրոնների ստեղծմամբ լուրջ քայլ է կատարվում, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որ կունենա նման կենտրոններ. «Այս կենտրոններն ունեն կարեւոր առաքելություն: Աշխարհում գործում են 600-ից ավելի եվրոպական տեղեկատվական կենտրոններ: Մենք եվրոպացի փորձագետների հետ ուսումնասիրել ենք այդ կենտրոնների լավագույն փորձը եւ ծրագրել, թե ինչպես է կազմակերպվելու եվրոպական կենտրոնների գործունեությունը Հայաստանում»: Հայաստանում նախատեսվում է ունենալ 10 կենտրոն, մեկական՝ յուրաքանչյուր մարզում, եւ մեկը՝ մայրաքաղաքում: Կենտրոնների ստեղծման նպատակը տեղեկատվության տրամադրումն է փորձագետներին եւ լայն հանրությանը՝ ԵՄ նպատակների եւ գործընթացների, արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ, շահառուների լայն շրջանակին՝ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեության վերաբերյալ, քաղաքացիներին՝ սոցիալ-տնտեսական եւ խորհրդատվական այլ ոլորտներում, գործարարներին եւ կազմակերպություններին՝ բիզնեսի կառավարման եւ խորհրդատվական այլ ոլորտներում:
«Այս կենտրոնների ստեղծումը շատ կարեւոր նշանակություն կունենա ԵՄ-ի եւ նրա ինստիտուտների մասին մեր հանրությանն իրազեկելու, այդ թվում՝ գործարար հատվածին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու առումով, հատկապես՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանք կարող են այս կենտրոնների միջոցով առավելագույն տեղեկատվություն ստանալ ԵՄ անդամ երկրների օրենսդրության, լավագույն փորձի մասին, ինչպես նաեւ՝ կապեր հաստատել իրենց գործընկերների հետ»,- ասել է Ա. Բաղդասարյանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը ողջունել է Հայաստանում եվրոպական տեղեկատվական կենտրոնների ստեղծման գաղափարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել