Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Մարտ 27,2010 00:00

\"\"Կարծում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

ԱԺ փոխնախագահ, մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանից «Առավոտը» փորձել էր պարզել, թե երկու ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացրած ժամանակացույցերից ո՞ր ժամանակացույցն է համարում ավելի իրատեսական: «Իշխանությունները կիրականացնեն այն ժամանակացույցը, որ իրենք են ներկայացրել, եւ մենք գտնում ենք, որ, այո, խնդիրներ կան, եւ դրանց լուծման առաջնահերթությունները նշված են: Ես շատ ճիշտ կհասկանայի, եթե ընդդիմության ներկայացուցիչները, ունենալով իրենց տեսակետները մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ, դիմեին իշխանություններին, քանի որ իրենց իսկ հրապարակած ժամանակացույցերում չեն զլանում նշել, որ այդ անհրաժեշտ քայլերի կատարման պատասխանատուն եւ կատարողը պետք է լինի իշխանությունը: Դե, եթե այդպես է, եւ եթե իրոք ընդդիմության թեւերն ուզում են խնդիրները լուծված տեսնել, ապա պետք է դիմեին իշխանությանը եւ ոչ թե դրսի կառույցներին: Եթե իրենք դիմեին իշխանությանը, հնարավոր է, որ այդ առաջարկությունները իշխանության ներսում լրջորեն քննարկվեին: Մինչդեռ ի՞նչ է անում հայաստանյան ընդդիմությունը՝ միանգամից դիմում է դրսին՝ միջազգային կառույցներին, Եվրախորհրդին եւ այլն: Ըստ իս, իրենք այդպես են վարվում՝ ասելու համար, որ ԵԽ-ով կստիպեն անել այն, ինչ իրենք են ուզում: Դա է, չէ՞, տրամաբանությունը: Հիմա իմ պատասխանը ընդդիմությանը, որն այդպես է մտածում՝ երկու տարի նույն ձեւով եք շարժվում, արդյունքը ձեզ գոհացնո՞ւմ է, կարծում եմ՝ ոչ: Դե, եթե ոչ, ուրեմն մտածեք, որ ճիշտը նախ իշխանությունների եւ հասարակության հետ աշխատելն է: Եվ մի փորձեք ճնշումների, վերջնագրերի լեզվով խոսել, դա անարդյունավետ ճանապարհ է: Եվ այդ ժամանակացույցը եւ մյուս բաները ես դիտարկում եմ մի հարթության մեջ, եւ այդ հարթությունն այն է, որ ընդդիմությունն արդեն սկսել է նախապատրաստվել ապագա ընտրություններին: Նորմալ է՝ պատրաստվում են, թող պատրաստվեն»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց հանրապետական Սամվել Նիկոյանը:
Օրերս ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը կարծիք էր հայտնել, թե կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ձախողվել է: Այդուհանդերձ, դաշնակցական գործիչներն առայժմ չեն խոսում կոնկրետ հրաժարականների մասին: Այլ ընդդիմադիր ուժեր ժամանակ առ ժամանակ, ուղղակի կամ անուղղակի հայտարարում են, թե պահանջում են իշխանությունների հրաժարականը: Իշխող կոալիցիայի անդամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում փորձեց «փաթեթային» ձեւով հակադարձել այս կարգի գնահատականներին. «Բոլոր այն քաղաքական ուժերը եւ անհատները, որոնք պահանջում են հրաժարական կամ գտնում են, որ կառավարության ծրագրերը, մասնավորապես՝ հակաճգնաժամային ծրագիրը ձախողված է, նրանց մեջ խոսում է դարեր ի վեր պետականությունից զուրկ ապրելու հանգամանքը, եւ պետականության զգացողության կորուստն է խոսում նրանց մեջ, եւ երկրորդը՝ այդ ամենը իրենց անձնական եւ կուսակցական ցանկություններն ու նկրտումները պետական-ազգային շահերից բարձր դասելու հետեւանք է: Երկուսն էլ վտանգավոր երեւույթներ են: Բոլոր նորմալ պետություններում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման համար քաղաքացիները եւ քաղաքական ուժերը կառավարությանը օժանդակում են եւ ոչ թե փորձում են օբյեկտիվ դժվարությունները սուբյեկտիվորեն կապել կառավարության եւ վարչապետի հետ եւ քննադատել իշխանություններին եւ, այսպես կոչված, հրաժարականների պահանջի շքերթով փորձել ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը»,- հակադարձելով ընդդիմադիր որոշ գործիչների՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը:
Ըստ պարոն Նիկոյանի, Ռոբերտ Քոչարյանի վերջին՝ տնտեսական թեմաներով հարցազրույցն ամենեւին էլ չի նշանակում, թե էքս-նախագահը վերադառնում է քաղաքականություն. «Ես չեմ կարծում, թե նախկին նախագահի դատողությունները տնտեսության մասին վկայում են նրա վերադարձի մասին: Նա նախկին նախագահ է եւ իրավունք ունի իր տեսակետներն արտահայտել, եւ դա շատ նորմալ է: Ի վերջո, նա խոսել է տասը տարիների տնտեսության վերելքի վերաբերյալ, մենք այդ տասը տարիների ընթացքում նույնն ասել ենք, որովհետեւ դա ընդհանուր ձեռքբերում է. մի մոռացեք, որ այդ տարիներին Հանրապետական կուսակցությունը եղել է իշխող կուսակցություն, եղել է կառավարության, իշխանության քաղաքական հենարանը, իր պարտականություններն ամբողջությամբ եւ ազնվորեն կատարել է, ապահովել է ներքաղաքական կայունություն, որը այդ ժամանակ գործող նախագահին հնարավորություն է տվել ազատորեն իրականացնել արտաքին քաղաքականությունը: Կարծում եմ՝ նույնն էլ հիմա պետք է լինի, եւ այդպես պետք է վարվեն կոալիցիայի անդամ բոլոր քաղաքական ուժերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել