Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ» ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ

Մարտ 27,2010 00:00

\"\"Տիգրան Խզմալյանը կոչ է անում՝ «գնալ ժողովրդի մեջ»

«Ես դատավոր չեմ, ոչ էլ ամպի վրա նստած իմաստուն. ես քաղաքացի եմ եւ իբրեւ քաղաքացի՝ ինձ թվում է, որ մեր իշխանությունները վերարտադրվում են: Հայ հեղափոխական շարժման ողբերգությունն այն է, որ ղեկավարվում է հակահեղափոխականների կողմից, որոնք դա չեն էլ թաքցնում: Այս առումով ես արմատական տարբերություն եմ տեսնում մեր մոտեցումներում: ՀԱԿ-ը հոյակապ գաղափար է, սակայն մենք խոսում ենք արդյունքներից»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը՝ ասաց մի շարք հասարակական նախաձեռնությունների՝ «Սարդարապատ», «Միացում» եւ այլն, անդամ Տիգրան Խզմալյանը: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ՀՀ երեք նախագահներն էլ միեւնույն կուսակցության անդամներ են, եւ գտնում է, որ հենց այդ կուսակցությունն էլ, ի վերջո, կմնա որպես «պաշտոնական ընդդիմության կենտրոնական բեւեռ»: Սակայն «պաշտոնական ընդդիմությունն» արդեն կատարել է իր գործը. եւ Հայաստանում, եւ Սփյուռքում արդեն առաջանում են նոր գաղափարներ, որոնք կուսակցական արմատներ չունեն: Խոսքը նոր ազգային շարժման մասին է: «Կոնգրեսը մեզ բոլորիս համար թանկ էր այնքանով, որ փորձում էր վերակազմակերպել ազգային շարժումը: Եթե այդ մարդկանց մոտ չի ստացվում՝ դա չի նշանակում, որ շարժումն ընդհատվելու է: Շարժումը միգուցե այլ անուն, թափ, լիցք եւ գաղափար ստանա, որով էլ կշարունակենք: Մենք շարժման մեջ ենք մնալու այնքան ժամանակ, որքան այդ շարժումն է մնալու: Ինձ թվում է, որ շարժման ղեկավարները (նկատի ունի ՀԱԿ ղեկավարներին- Ն. Գ.) կանգ են առել»,- ասում է Տիգրան Խզմալյանը: Ի հեճուկս վերջին մտքի՝  նկատեցինք, որ մարտիմեկյան հանրահավաքում Կոնգրեսը գործողությունների ծրագիր հրապարակեց, որոնք մինչեւ սեպտեմբեր հանգեցնելու են նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Մեր զրուցակիցը նկատեց, որ ի զարմանս իրեն՝ «Այդ շարժումներն ու քայլերն ուղղված են դրսին: Մենք, կարծես, դիտորդի դերում՝ ակնկալում ենք, որ ինչ-որ շարժումներ մեր շուրջը լինեն: Այդ ամենին պակասում է մի էական բան՝ Հայաստանակենտրոնացում: Շարժումը պետք է լինի մեր ազգի, ժողովրդի ներսում: Մեր ներսում են տեղի ունենում բոլոր ճգնաժամերը, մեր ներսում է հասունանում նոր պոռթկումը, հեղափոխությունը, եւ պետք է վստահել ու հավատալ սեփական ժողովրդին, ապրել ու աշխատել նրա համար»: Այս առումով թե սոցիալական, թե քաղաքական, թե փիլիսոփայական տարբերությունները մեր զրուցակիցն ակնհայտ է համարում՝ նկատելով, որ ժողովուրդը չի ապրում «100 քայլի» շրջանում կամ այս հանրահավաքից մինչեւ մյուս հանրահավաք, ուստի համոզված է, որ պետք է երկրի ներսում մթնոլորտը փոխվի: «Երբ ՀԱԿ-ի նախագահը խրախուսում է ներկայիս գործընթացները՝ թե հայ-թուրքական, թե ղարաբաղյան հարցերում, եւ քննադատում է միայն միակ առումով՝ ասելով, որ դուք դանդաղ եք անում (՞ – խմբ.). ես պարզապես արձանագրում եմ, որ սա համապարփակ ողբերգություն է եւ ավարտվելու է շատ տխուր կատարսիսով, եթե իրավիճակն արմատապես չփոխենք»,- ասում է մեր զրուցակիցը:
«Առավոտի» դիտարկմանը, որ իրավիճակն արմատապես փոխելու համար նախեւառաջ մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ, որոնք չունեն նշյալ հասարակական նախաձեռնությունները, մինչդեռ ՀԱԿ-ի հանրահավաքները բազմամարդ են լինում, Տիգրան Խզմալյանը հակադարձեց. «Հասարակության բողոքի, ցասումի աստիճանն այնքան բարձր է, որ հանրահավաքային մակարդակի անցնելը կարվի շատ հեշտ՝ մեկ օրվա, մեկ ժամվա ընթացքում, եթե դրա հարկը կա: Խնդիրն այն է, որ դա հասարակությունը պետք է պահանջի, ոչ թե մենք, այլապես դա կնմանվի սադրանքի. կանչել մարդկանց, ովքեր չգիտեն, թե ինչ են ուզում՝ վտանգավոր է այդ մարդկանց համար: Մենք դեռեւս խնդիր չունենք հանրահավաք անցկացնելու, որովհետեւ չենք փորձում մեզ համար հարց լուծել, այլ փորձում ենք խոսքի, մտքի եւ գաղափարի հարց լուծել: Մենք փորձում ենք ապագա խորհրդարանի, կառավարության կորիզ ստեղծել: Մենք կուսակցություն չենք, որ այդ մարդկանց անդամագրենք եւ քանակ ներկայացնենք, մեր խնդիրը որակ ապահովելն է»: Ու քանի որ, ըստ պարոն Խզմալյանի, իրենք հետաքրքրված չեն ոչ հերթական, ոչ արտահերթ ընտրություններով՝ ներկայիս ներքաղաքական խմորումներից իրենք զերծ են մնում. «Մեր ընտրությունները տեղի կունենան այն ժամանակ, երբ հասարակությունը կունենա անկեղծ արտահայտվելու իրական մեխանիզմներ: Հիմա դա չկա: Մինչեւ չփոխենք այս մթնոլորտը՝ ոչինչ չի փոխվի: Հասարակությունը պետք է սովորի չհանդուրժել չարիքը, կեղտը, կոռուպցիան, եւ դա մեկ կազմակերպության, կուսակցության խնդիր չէ: Ռուսական կայսրությունում 19-րդ դարի 80-ական թվականներին նման արտահայտություն կար՝ «գնալ ժողովրդի մեջ (իդտի վ նարոդ)»: Մենք դրանով ենք զբաղված, եւ դա շատ ավելի կարեւոր է, քան կուսակցական ցուցակները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել