Միջին Ասիայից մինչեւ Բալկաններ գտնվող մի շարք երկրներում նոր տարին ունի Նովրուզ անունը, նշվում է մարտի 21-ին եւ խորհրդանշում է գարնան գալուստը: Բառացի թարգմանությամբ նովրուզ նշանակում է նոր օր: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ: Նովրուզը աշխարհի հնագույն տոներից է: Հին պարսկական օրացույցի համաձայն՝ Նովրուզը տարվա առաջին օրն է: Այն շրջաններում, որտեղ տարածված է հողագործությունը, Նովրուզը տոնվում է որպես գալիք տարում լիության եւ առատության խորհրդանիշ։ Օսմանյան կայսրության շրջանում Նովրուզին կայսրերի համար արտասանվում էին «Նովրուզիե» բանաստեղծությունները, որոնց հիմնական թեման էին ծառերի կանաչ տերեւները, ծաղիկների բացվելը եւ օրերի տաքացումը։ Այսօր, ինչպես անցյալում, մարդիկ Նովրուզի տոնին պատրաստվում են մեծ շուքով: Այդ օրն իբրեւ թե հայտնի է դառնում բոլորի բախտն ու ապագան։ Պատրաստում են զանազան ճաշեր, ուտեստներ, կազմակերպվում են խնջույքներ, այցելություն ու հյուրասիրություն: Տոնի ամենասիրված սովորույթներից մեկն էլ այն է, որ վառում են խարույկ, պտտվում շուրջը, ուտում գույնզգույն ներկած ձվեր: Նովրուզը ավանդական զվարճություններով պահպանում է իր ոգին հնագույն ժամանակներից մինչ օրս։ Այն գարնան ողջույնն է, խորը ձմեռային քնի պարտությունը: