Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՎՐՈՒԶԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտ 26,2010 00:00

\"\"Իրանական ամանորի առիթով (21 մարտի) մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան: Իրանյան ամանորը՝ Նովրուզը, այդ երկրի ամենից մեծ եւ ավանդական տոներից է եւ զուգակցվում է գարնանամուտին. բոլոր պետական հիմնարկները՝ մեկ շաբաթով, իսկ կրթական օջախները՝ երկու շաբաթով փակ են լինում: Յոթանասուն միլիոնանոց Իրանի բնակչության մի մասը նախընտրում է իր հանգիստն անցկացնել արտասահմանում, իսկ այլընտրանքն իրենց համար սահմանափակ է, քանի որ քչերին է հաջողվում արեւմտյան երկրների մուտքի արտոնագիր ստանալ:

Վերջին տարիներին թափ է առել դեպի հարեւան երկրներ եւ Հեռավոր Արեւելք ճամփորդությունները, որոնք գրավիչ են եւ մատչելի: Դրան օգնում են նաեւ իրանցի երգիչների համերգները՝ Իրանին շրջապատող երկրներում: Ինչպես հայտնի է, Իրանում արգելված է ռոքը, ջազը եւ էստրադան, այդ պատճառով արեւմուտքում ապաստանած երգիչներն իրենք են մոտենում երկրպագուներին: Նրանք տարին երկու անգամ՝ Նովրուզին եւ ամռանը, համերգներով գալիս են ինչպես Հայաստան, այնպես էլ Թուրքիա, Ադրբեջան, Տաջիկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Մալայզիա եւ այլուր: Սրանք այն երկրներն են, որոնք իրանցիների համար ունեն մուտքի արտոնության հեշտացված կարգ եւ մատչելի պայմաններ:

Այս անգամ Երեւանի մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մարտի 23-25-ը ելույթ ունեցան իրանցի նշանավոր վեց երգիչներ, որոնց շարքում էր նաեւ հայազգի սիրված երգիչ Անդին (Անդրանիկ Մադաթյանը): Բնականաբար, այս համերգները պատճառ են հանդիսանում, որ հազարավոր իրանցիներ այցելեն Հայաստան: Առաջիկա օրերին Թեհրան-Երեւան-Թեհրան չվերթները դառնալու են ամենօրյա, Մեղրիի ցամաքային սահմանից ՀՀ են մուտք գործելու օրական տասը ավտոբուս եւ հարյուրավոր ավտոմեքենաներ. աշխուժացել է նաեւ հյուրանոցների եւ մասնավոր տների վարձակալության բիզնեսը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա գարնանն ու ամռանը ՀՀ են եկել ավելի քան 20 հազար իրանցիներ, որոնք մոտավոր հաշվարկով մեր երկրում ծախսել են 30 միլիոն ԱՄՆ դոլար: Մնում է, որ մեր իշխանությունները եւս ըստ պահանջի կազմակերպեն այս քանակով հյուրերի ընդունումն ու անվտանգությունը, իսկ տուրիստական կազմակերպությունները եւ հարակից ձեռնարկությունները լավագույնս օգտագործեն հնարավորությունը եւ զարգացնեն իրենց բիզնեսը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել