Փետրվարի 15-ից սկսվել է Մեծ պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն, որն այս տարի նշվելու է ապրիլի 4-ին:
«Մեր նախահորը տրված առաջին պատվիրանը պահքին է վերաբերում»,- թեմայի շուրջ զրուցելիս ասաց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սարկավագ Գեղամ Ավետիսյանը:
– Երբ Աստված ստեղծեց աշխարհը եւ իր արարչագործության պսակը հանդիսացող մարդուն դրեց դրախտում, նրան մի պատվիրան տվեց՝ չուտե՛լ, չուտե՛լ խնձոր՝ չարի եւ բարու գիտության ծառից… Այսինքն՝ զսպել ինքդ քեզ:
– Չուտե՞լ կենդանական ծագում ունեցող սնունդ:
– Խորհուրդը նույնն է՝ զսպել ինքդ քեզ: Մարդիկ բուռն հակում ունեն դեպի կենդանական սնունդը, իսկ պահքի ընթացքում պետք է զրկեն իրենց այդ հաճույքից, ընդունեն միայն բուսական սնունդ. կարելի է ուտել նաեւ մեղր, որովհետեւ չնայած մեղրը մեղուն է արտադրում, բայց այն մեղվից դուրս չի գալիս:
– Այսինքն՝ կենդանական սննդից հրաժարվելը նախեւառաջ խորհրդանշում է սեփական ցանկություններին տիրապետե՞լ:
– Այո, որպեսզի հոգին զորանա, մարդը հոգեւոր հաղորդակցության հասնի: Բացի այդ, կենդանական սնունդը արյան մեջ շատացնում է խոլեստերինի քանակը, ինչը կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների: Բժիշկները ապացուցել են, որ կենդանական սնունդը ագրեսիա է առաջացնում եւ սրում է սեռական հակումները:
– Երբեմն պահք ասելով «դիետա» են հասկանում:
– Այո: Հատկապես՝ երիտասարդ աղջիկները: Բայց եկեղեցին աշխատում է մարդկանց մեջ առաջացնել այն գիտակցումը, որ պահքը ոչ թե մարմնի, այլ հոգու համար է:
– Իսկ հոգեւոր պահքը ո՞րն է:
– Գրիգոր Տաթեւացին ասում էր, որ պահքի ընթացքում հնարավոր է՝ ոչխարի միս չուտես, բայց «մարդու միս ուտես»: Հոգեւոր պահքը զղջալն է, ապաշխարելը, աղոթելը, ինքնաքննումը, ինքնահաշվետվությունը: Եկեղեցին ավելի շատ կարեւորում է հոգեւոր, քան ֆիզիկական պահքը:
– Փաստորեն, ֆիզիկական պահք չպահելը մեղք չէ՞:
– Եկեղեցին չի ասում՝ սա մեղք է, դա մեղք չէ: Իհարկե, լավ է, երբ հոգեւոր պահքին զուգորդվում է ֆիզիկականը, բայց երբ հղի կանայք կամ երեխաները չեն կարողանում հրաժարվել իրենց սիրած սննդից, չի նշանակում պահք չեն կարող պահել: Պարզապես պետք է աղոթեն, ձգտեն խաղաղ հոգեվիճակի:
– Մեծ պահքը համընկնում է գարնան գալստի հետ: Հոգեւոր խաղաղ վիճակը զուգորդո՞ւմ է գարնանային բուռն ապրումներին:
– Այո: Ինչպես կենդանիները ձմռանը քուն են մտնում, գարնանը արթնանում են, այնպես էլ մարդու մեջ կենդանականը՝ այդ բուռն ապրումները, արթնանում են գարնանը, եւ Մեծ պահքն օգնում է զսպված մնալ, ապահովում է խաղաղ, ներդաշնակ հոգեվիճակ:
– Ինչո՞ւ են եկեղեցու վարագույրները պահքի շրջանում փակվում:
– Փակ վարագույրները խորհրդանշում են երկնքի փակ դռները՝ դրախտից արտաքսված մեր հայրերի առաջ: Մեծ պահքի ամեն կիրակին իր խորհուրդն ունի: Բարեկենդան, Արտաքսման կիրակի, Անառակի կիրակի… Այդ կիրակիների ընթացքում մարդիկ զղջում են, ապաշխարում, մինչեւ երկնքի դռները բացվեն, վարագույրները բարձրանան, այսինքն՝ գա Սուրբ Հարության տոնը: