Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇՆԱՆ ԱՐԵՎԸ»՝ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Մարտ 26,2010 00:00

\"\"Հրանտ Մաթեւոսյանի՝ այս տարի նշվող 75-ամյակի առթիվ ՀԳՄ Հովհ. Թումանյանի անվան Լոռու մարզային բաժանմունքը, Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական պետական թատրոնը եւ Լոռու մարզպետարանը մարտի 23-ին կազմակերպել էին մեծ գրողի «Աշնան արեւ» ներկայացման հոբելյանական բեմադրությունը (ռեժիսոր՝ ՀՀ ժողարտիստ Հակոբ Ազիզյան): Նախքան ներկայացումը սկսվելը, Հ. Մաթեւոսյանի արձակը արժեւորեցին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ Մելս Սանթոյանը:

«Հրանտ Մաթեւոսյանը եկավ լրացնելու մեր մեծ գրողների փաղանգը, եւ մեծ հեղինակություն բերեց մեր գրականությանը: Ընդհանրապես, ազգի մեծերով է ճանաչվում երկիրը: Օրինակ, ասում են՝ Անգլիան Շեքսպիրի հայրենիքն է… Հրանտ Մաթեւոսյանն իր տաղանդով կարողացավ այնպես անել, որ այսօր շատ երկրներում ասեն՝ Հայաստանը Մաթեւոսյանի հայրենիքն է»,- իր խոսքում ասաց Մ. Միկոյանը, հավելելով, որ Հ. Մաթեւոսյանը հայ արձակ բերեց ինքնուրույն մտածողություն, իր ժամանակի համար եղավ համարձակ գաղափարների արտահայտողը:

«Շատ դժվար է ու նաեւ հեշտ՝ խոսել ընկերոջ, նաեւ հարազատի եւ միեւնույն ժամանակ մեծ գրողի մասին,- ասաց Մ. Սանթոյանը,- Մաթեւոսյանը հայ գրականությանը կտակել է մեր լինելիության սրբությունները: Այնպես չէ, որ նրանից առաջ ոչ ոք չկար, եւ Հրանտը միանգամից եկավ ու գրավեց այդ տեղը: Մաթեւոսյանի ժամանակ ստեղծագործում էին մեր արձակի վարպետներ Սերո Խանզադյանը, Աղասի Այվազյանը եւ ուրիշներ: Հրանտն ասում էր՝ գլխիդ որ խփում են, գլուխդ այնպես պահիր, որ խփողի ձեռքը ցավի եւ այլեւս չփորձի խփել»: Մ. Սանթոյանը խոսեց նաեւ Մաթեւոսյանի լավագույն գործերից՝ «Մեծամոր»-ի, «Ալխո»-ի, «Գոմեշ»-ի մասին, հատուկ շեշտելով, որ մեծ գրողը «վատ գործ չունի, Հրանտի ձեռքն ինչին դիպել է՝ սրբացրել է: «Ալխոն» ձիու կերպարի մեջ մնալով՝ օժտված է մեծ ներաշխարհով»: Անդրադառնալով դեռ կենդանության օրոք դասականների շարքը դասված արձակագրի հայրենասիրության դրսեւորումներին՝ գրականագետը հիշատակեց, որ երբ մի երկխոսության ընթացքում Մաթեւոսյանին հարցրել են՝ Վանը Թուրքիայո՞ւմ է, պատասխանել է՝ ո՛չ, թուրքերն են Վանում:

«Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ բախտ է ունեցել Հրանտ Մաթեւոսյանի հետ առնչվել նաեւ կինոֆիլմում,- ասաց Հ. Ազիզյանը,- Բակունցի «Միրհավ» պատմվածքի հիման վրա Արդվինում նկարահանում էինք Մաթեւոսյանի «Այս կանաչ-կարմիր աշխարհը» ֆիլմը: Այդ 15 օրվա ընթացքում մտերմացանք, եւ ես առաջարկեցի բեմադրել «Աշնան արեւը»: Համաձայնեց, միայն թե ասաց. «Պետք է այնպես անել, որ չկրկնվի նախորդ բեմադրությունը»: Իր 65-ամյակի առթիվ բեմադրվեց «Աշնան արեւը» եւ նա վերջում ասաց. «Ես ցած էի դրել գրիչը, այսօրվա բեմադրությունից հետո խոստանում եմ նորից գրիչ վերցնել»»:

Ազիզյանը հայտնեց, որ ցանկություն ունի բեմադրելու Մաթեւոսյանի եւս մեկ գործ: Այս տարի մեծ շուքով կնշվի նաեւ «Աշնան արեւի» բեմադրության 10-ամյակը:

Բեմադրության մեջ զբաղված էին ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներ:

Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ հանդիսատեսի չդադարող ծափերը վկայում էին, որ Մաթեւոսյանի ավանդած արժեքները հավերժի համար են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել