Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴ. «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ ՈՒ ՍՈՎՈՐ ԵՆՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ»

Մարտ 26,2010 00:00

Բռնցքամարտի հայկական դպրոցը միշտ էլ մարզաձեւի փայլուն աստղեր է տվել: Նրանցից շատերը թեպետ այսօր, որպես պրոֆեսիոնալ, ներկայացնում են այլ երկրներ, այնուամենայնիվ, չեն մոռանում իրենց հայ լինելը:

Տվյալ դեպքում խոսքը Գերմանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն, «WBO Intercontinental»-ի գործող չեմպիոն, մինչեւ օրս անցկացրած 21 մենամարտերը շահած (13-ը՝ նոկաուտով) 26-ամյա Կարեն Մուրադյանն է, նույն ինքը՝ Կարո Մուրադը:

Մինչ Գերմանիա մեկնելը, Կարոյի ծնողները մեր հարեւանն էին: Ճիշտ է, ես այն ժամանակ փոքր էի եւ նրանց այնքան էլ լավ չեմ հիշում, սակայն հաջողեցի ինտերնետով Կարոյի հետ հարցազրույց ունենալ:

– Հայաստանում սիրողական բռնցքամարտի՞կ ես եղել:

– Ոչ: Ընդամենը մեկ տարի պարապել եմ միայն ըմբշամարտով: 13 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Գերմանիա: Այստեղ տասը տարի զբաղվել եմ սիրողական բռնցքամարտով՝ հետո տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ:

– Եղբայրներդ նո՞ւյնպես մարզիկներ են:

– Երկու եղբայր ունեմ՝ Գրիգորն ու Հովհաննեսը: Գրիգորը նույնպես պրոֆեսիոնալ է, իսկ Հովոն՝ սիրողական:

– Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ճանաչված հայ բռնցքամարտիկներ շատ կան: Դա նշանակո՞ւմ է, որ այդ երկրում հատկապես հայ մարզիկների համար նպաստավոր պայմաններ են ապահովվում:

– Եթե խոսքն ինձ է վերաբերում, ավելի շատ՝ հանգամանքների բերումով եմ Գերմանիայի դրոշի ներքո հանդես գալիս, քանի որ այդ երկրի քաղաքացիություն ունեմ:

-Պրոֆեսիոնալի մակարդակին հասնելու համար շա՞տ ջանքեր են պահանջվել քեզնից:

– Շատ դժվար ճանապարհ եմ անցել: Բայց դե, մենք հայ ենք ու սովոր ենք դժվարություններ հաղթահարել:

– Հայաստանում բռնցքամարտն այսօր ի՞նչ մակարդակի վրա է:

– Մենք տաղանդավոր բռնցքամարտիկներ շատ ունենք: Բայց միայն տաղանդը քիչ է: Հարկավոր է նրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, ինչին, որքան տեղյակ եմ, այսօր մեծ կարեւորություն են տալիս սպորտի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

– Հնարավորություն լինելու դեպքում Հայաստանում բռնցքամարտի դպրոց հիմնադրելու մտադրություն կա՞:

– Շատ կուզեի, որ երեք եղբայրներով Հայաստանում «Մուրադ» անունով բռնցքամարտի դպրոց ունենայինք, որտեղ կմարզվեին մեր երկրի անունը բարձր պահող եւ հաղթանակներ բերող բռնցքամարտիկներ:

– Վախթանգ Դարչինյանը, որ տարիներ շարունակ հանդես էր գալիս Ավստրալիայի դրոշի ներքո, հիմա ռինգ է մտնում միայն մեր եռագույնով: Նրա օրինակին չե՞ս ուզում հետեւել:

– Իմ ամեն մի հարցազրույցում ասում եմ՝ ես հայ եմ ու լրագրողներին խնդրում եմ, որ անպայման նշեն, որ Հայաստանից եմ: Կարծում եմ՝ թեկուզ օտար դրոշի ներքո տարած իմ եւ ընկերներիս հաղթանակներով էլ են մեր ազգը ճանաչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել