Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտիստը՝ մանկության կնիքով

Մարտ 26,2010 00:00

Մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական մնջախաղի թատրոնը եւ Ազգային ժողովը համատեղ մշակել են 20-րդ դարի լեգենդար արտիստ Լեոնիդ Ենգիբարովի 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որը կմեկնարկի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

Այս առթիվ մայիսի 15-ին Երեւանի կրկեսում կկազմակերպվի հոբելյանական երեկո, կանցկացվի մարտի 7-ից բացված «Ժպտացեք, մարդիկ» ծրագիրը: Հուլիս ամսին Գրականության եւ արվեստի թանգարանում Մնջախաղի թատրոնի մասնակցությամբ կներկայացվեն ենգիբարովյան էտյուդներ, կբացվի ցուցահանդես եւ այլն: Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կմեկնարկի մնջախաղի փառատոնը, որն այսուհետեւ կրելու է Ենգիբարովի անունը: Իսկ հոկտեմբերին նախատեսված է արտիստի «Վերջին ռաունդ» եռալեզու գրքի շնորհանդեսը: Միջոցառումների կազմակերպիչները նպատակ ունեն նաեւ Ենգիբարովի հետ առնչություն ունեցած հյուրեր հրավիրել արտերկրից: Արտիստի հետ ժամանակին շփում ունեցած, նրա արվեստի թեմայով թեզ պաշտպանած Երեւանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի խոսքով. «Շատերն ինձ հարցնում են, թե ինչում է Ենգիբարովի մեծությունը: Նա առաջին անգամ կրկեսային արվեստում կարողացավ բարձրացնել ծաղրածուի դերը ու այդ արվեստում հասավ այն մակարդակի, որ ոչ թե ծաղրածուն էր լրացնում կրկեսի արտիստների պաուզաները, այլ մենք՝ արտիստներս, լրացնում էինք նրա պաուզաները, նման բան չի եղել եւ առայսօր չկա»:

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը Ծաղկաձորում անցկացվելիք փառատոնի մասին ասաց, որ արդեն կան միջազգային մի շարք հայտնի թատերախմբերի հայտերը, Պետերբուրգից՝ «Պեժո» թատրոնը, հիմնականում Գերմանիայում աշխատող կրկեսի ճանաչված արտիստ Ալեքսեյ Միրոնովը, Վրոցլավի մնջախաղի լեգենդար թատրոնը, Բելգիայից՝ «Ժոզեֆինա» թատրոնը եւ այլն: Մարտի 27-ի միջոցառմամբ մեկնարկելու է նաեւ ԱԺ-ի «Բաց դռներ» ծրագիրը: ԱԺ մշակութային կապերի համակարգող Արմինե Անտիկյանը, ներկայացնելով «Բաց դռների» այս տարվա միջոցառումների ծրագիրը, հայտնեց, որ նախատեսվում են նաեւ բացօթյա կինոդիտումներ. «Մեր միջոցառումների մեկնարկը արեցինք հենց Ենգիբարովով, որովհետեւ, կարծում ենք, որ նա 20-րդ դարի այն եզակի դերասանն է, ով ամբողջ կյանքի ընթացքում պահպանել է մանկության կնիքը: Ուզում ենք, որ մարդիկ, առնչվելով Ենգիբարովի արվեստին, ունենան այդ մաքրությունը, կյանքին նայեն այլ աչքերով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել