Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեւանի օպերային բեմը երազանքս է»

Մարտ 26,2010 00:00

Ասում է երգչուհի Հասմիկ Թորոսյանը, որը պատրաստվում է ուսանել Լոնդոնում

Վերջերս Մոսկվայում կայացած «Bella voce» (գեղեցիկ ձայն) 16-րդ ուսանողական միջազգային մրցույթից առաջին մրցանակով Հայաստան վերադարձավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանողուհի Հասմիկ Թորոսյանը (պրոֆեսոր Գայանե Գեղամյանի դասարան): Մասնագետների շրջանում երիտասարդ երգչուհու անունը սկսեց շրջանառվել 2008թ. Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթից եւ 2009-ին՝ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանանալուց հետո:

«Առավոտի» հետ զրույցում Հ. Թորոսյանը հայտնեց, որ մոսկովյան մրցույթին մասնակցում էին ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ Չինաստանից ու այլ երկրներից ժամանած ուսանողներ: Ժյուրիի նախագահն էր ՌԴ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Լիդիա Աբրամովան, անդամները՝ Մեծ թատրոնի մեներգիչ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Պյոտր Գլուբոկին, ճանաչված երգչուհի Սվետլանա Նեստերենկոն, Հայաստանից իր պրոֆեսորը՝ Գայանե Գեղամյանը եւ այլք: Ռեպլիկին՝ գուցե իր դասախոսի ներկայությունը ժյուրիում դեր է խաղացել, մեր զրուցակիցն ասաց. «Մասնակցել եմ հանրապետական մի շարք մրցույթների, սակայն առաջին անգամ էր, որ ուսուցիչս ժյուրիի անդամ էր: Ես պարզապես վատ հանդես գալու իրավունք չունեի»: Հավելեց նաեւ, որ ժյուրիի անդամները հիացմունք են արտահայտել Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից Գիշերային թագուհու արիայի իր կատարման առթիվ, քանի որ հիշյալ արիան հիմնականում տեղ է գտնում հայտնի վոկալիստների երկացանկում, իսկ երկրորդ փուլում՝ Երանյանի «Կիլիկիա» ստեղծագործության ակապելլա կատարումից հանդիսասրահում օվացիա է տիրել:

Տեղեկացված լինելով, որ երգչուհին Մոսկվայում 2009թ. մասնակցել է «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնին կից ակադեմիայի հայտարարած մրցույթին, հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ ավարտվեց այն: «Աշխարհի տարբեր երկրներում ակադեմիան անցկացնում է մրցույթ, որի նպատակն է «Մետրոպոլիտենը» թարմացնել նոր ձայներով: Նախընտրական ռուսաստանյան փուլին մասնակցում էր շուրջ 100 վոկալիստ, որից միայն երեքն ընտրվեց, նրանց թվում՝ ես: Պետք է մեկնեինք Նյու Յորք եւ երեք տարի ուսանեինք ակադեմիայում, սակայն պարզվեց, որ մինչ ռուսաստանյան ընտրությունները, արդեն ընտրվել են մեծ թվով վոկալիստներ եւ լիմիտը սպառվել է: Մի խոսքով, երեքիս բախտն այս դեպքում չբերեց»,- ասաց երգչուհին, սակայն հպարտությամբ հիշեց, որ 2009թ. Փարիզում, Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգում բեմ է բարձրացել մեծանուն արվեստագետների՝ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած երգչախմբի եւ այլոց հետ: Ասաց նաեւ, որ անցյալ տարի Ռոստովում Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանի հետ մասնակցել է համերգի, որտեղ հրավիրված են եղել տեղի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի եւ Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի ուսանողներ, մայիսին էլ Ռոստովի կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Դանիլովը իրենց հրավիրել է մենահամերգի: Մինչ այդ՝ մեր զրուցակիցը պատրաստվում է մասնակցել ապրիլի 14-ին Հարավային Կորեայի մայրաքաղաքում կայանալիք վոկալիստների միջազգային 6-րդ մրցույթին. «Նախնական լսումների արդյունքում 22 երկրների 191 վոկալիստներից ընտրվել է 67-ը՝ 20 երկրից»:

Ժամանակին անդրադարձել ենք Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում բեմադրված Պուչինիի «Ջանի Սկիկի» եւ «Ծիծեռնակը» օպերաներին, որտեղ Հ. Թորոսյանը հանդես է եկել համապատասխանաբար Լաուրետայի եւ Լիզետի դերերգերով: Նա ասաց, որ պատրաստել է նաեւ Լուչիայի դերերգը Դոնիցետիի «Լուչիա դե Լամերմուր» եւ Ռոզինայինը՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» օպերաներում: Դիտարկմանը՝ գուցե նրան շուտով տեսնենք Երեւանի օպերային թատրոնում, Հ. Թորոսյանը պատասխանեց. «Անցյալ տարի Լոնդոնի «Ռոյալ» թագավորական ակադեմիայից մասնագետներ էին եկել Երեւանի կոնսերվատորիա: Նրանք լսումներ անցկացրին՝ որոշ երիտասարդ երաժիշտների ուսումն իրենց մոտ կազմակերպելու նպատակով: Ընտրվեցին երկու վոկալիստ եւ մեկ ջութակահար, այդ թվում՝ նաեւ ես: Սեպտեմբերին կմեկնենք Լոնդոն: Իսկ Երեւանի օպերային բեմ բարձրանալը երազանքս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել