Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒՏԱՆՔՆԵՐ ՈՒ ԵՐԴՈՒՄՆԵՐ

Մարտ 26,2010 00:00

Ռեժիսոր Արմեն Մազմանյանը հայհոյեց իր ներկայացումը չհավանողներին ու երդվեց, որ չի ուզում Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար դառնալ:

Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի սենյակում ռեժիսոր Արմեն Մազմանյանի ասուլիսն էր:

Տոնինո Գուերայի «Մեղր» պոեմի հիման վրա Մազմանյանի բեմադրած «Յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացումը արդեն հասցրել է կրքեր բորբոքել: Թատերական մի շարք գործիչներ իրենց կարծիքն են արտահայտել, ընդ որում՝ մեղմ ասած, ոչ դրական: Երեկ Ա. Մազմանյանը առիթն օգտագործեց իր «մուռը» հանելու քննադատողներից: Պարոն Մազմանյանի ամեն արարք ու արտասանած խոսք շատ արտիստիկ էր: Օրինակ՝ ասուլիսի սկզբից նա ցուցադրաբար չցանկացավ նստել թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռին, իբր՝ ինքը՝ ո՜ւր, թատրոնի տնօրենի կամ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ո՜ւր… Այնուհետեւ ռեժիսորը, իր բնորոշմամբ, անցավ «ցինիզմի»՝ օգտագործելով միայն իրեն հատուկ բառապաշար՝ բացեք ձեր ականջների կուսաթաղանթները, թայֆաբազություն, սադավորել, անլվա ուղեղներ եւ այլն: Ձեռքի հետ էլ խայթեց նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին՝ «Հպարտ եմ, որ հիմա թատրոնն առանց նրա է յոլա գնում»: Հերթը հասավ նաեւ Արմեն Էլբակյանին. Մազմանյանն ասաց, որ վերջինս «37 թվի ոճով» ստորագրահավաք է կազմակերպել՝ գեղարվեստական ղեկավար դառնալու համար: Փաստենք, որ ստորագրությունները հավաքվել են ԹԳՄ վարչության նիստի ժամանակ, վարչության նիստի որոշմամբ: Ինչ վերաբերում է Թատերական գործիչների միությանը, Մազմանյանի պնդմամբ, նրանք մի 100 տոմս են վերցրել, որ հատուկ ներկա լինեն իր «Մեղրին» ու ցուցադրաբար չծափահարեն: «Կոլեգաներս անգամ մեկ նախադասությամբ չուզեցին իմ 50-ամյակը շնորհավորել, բայց ՊՆ-ն «Գարեգին Նժդեհ» շքանշան տվեց»,- հայտարարում է Ա. Մազմանյանը, ով այդ ամենի տակ անձնավորված ատելություն է տեսնում: Ձեռնպահ մնալով Արմեն Էլբակյանի, Հակոբ Ղազանչյանի, իր մյուս կոլեգաների եւ լրագրողների հասցեին արված մազմանյանական լուտանքները «տիրաժավորելուց», ընդամենը նշենք, որ նա կոպտորեն դուրս հրավիրեց նաեւ «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Սոնա Մելոյանին: Այն մասին, որ, ըստ «Արմինֆոյի», Տոնինո Գուերան իբր Մազմանյանին ասել էր՝ «Բաստա, դու պիտի բեմադրես իմ «Մեղրը», հակառակ դեպքում դա կանի Լյուբիմովը կամ Ջորջիո Սթրելերի թատրոնը, Ա. Մազմանյանն ասաց. «Տոնինո Գուերան ինձ չի պահանջել, նա այն մարդը չէ, նա իմ լակոտը չէ, նա առեւտրական չէ, որ բազար անի: Նա ասել է՝ Արմեն, ինձ հետաքրքիր է «Մեղրը», ես ուզում եմ «Մեղրի» պոետիկականությունը եւ փիլիսոփայությունը: Ու ես հանձնվել եմ, քանի որ բախտ ունեմ մաեստրոյի աշակերտը լինել ու ես ո՞վ եմ, որ նրա ասածը չանեմ: Իսկ երբ Տոնինոն ասել է, որ նաեւ Լյուբիմովի մոտ ու Ջորջիոյի թատրոնում էլ կան նման ծրագրեր, ասել եմ՝ ո՜ւխ… Մարդուն հասցնում են նրան, որ թքի ու երկրից գնա, բայց ես չեմ գնալու, այս երկիրը ես ու իմ ընկերներս ենք ստեղծել… չորս տարի սարերից չեմ իջել: Ձեր ազատությունը իմ արյունով եմ վաստակել, որ թքեք, կեղտոտեք, թայֆաբազություն անե՞ք»: Մազմանյանը նաեւ երդվեց իր երեխայի արեւով, որ չի ուզում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար դառնալ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք կարո՞ղ է ազգային ակադեմիական թատրոնն իրեն շռայլություն թույլ տալ եւ չհանել մազմանյանական «Մեղրը», որի այսօր կայանալիք ներկայացմանն ընդամենը 6 տոմս է վաճառվել: Թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը փորձեց մեղմել իրավիճակը. «Ունեցել ենք այլ ներկայացումներ նույնպես, որտեղ հանդիսատեսը քիչ քանակությամբ է տոմսեր գնել, դրանք դասական ներկայացումներ են եղել՝ նույնիսկ Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ: Ուստի թատրոնը երբեմն կարող է շռայլություն թույլ տալ եւ այդպիսի ներկայացումները միանգամից չհանել»: Ա. Մազմանյանի բեմադրած ներկայացման մասին էլ ասաց. «Քանի որ պրեմիերան մեկ անգամ չէ, այլ 5, այդ պատճառով էլ ներկայացումը կշարունակի մնալ»: Ա. Մազմանյանն էլ հայտարարեց, որ նամակ է գրելու մշակույթի նախարարին, որպեսզի թույլ տրվի արվեստի բուհերի ուսանողներին անվճար դիտել իր բեմադրած ներկայացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել