Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլին ճանաչումների թեժացում է լինելու

Մարտ 26,2010 00:00

\"\"Համոզված է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը

Հայոց ցեղասպանության ձեւակերպումը՝ որպես հանցագործություն, երբեք չպետք է դառնա քաղաքական մանիպուլյացիաների առարկա: «Ցանկացած երկրում, որտեղ քննարկման է դրված Հայոց ցեղասպանության հարցը, նախ եւ առաջ՝ ճանաչումը պետք է բխի այդ երկրի պատմության եւ հիշողության հրամայականից»,- երեկվա ասուլիսում նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա նաեւ մեկնաբանեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, թե հայ-թուրքական պատմական հանձնաժողովն արդեն ստեղծման փուլում է. «Ես չգիտեմ, սա լեզվի սայթաքում էր, թե թուրքական կողմին հաճոյանալու ձեւ, բայց եթե նման առաջարկ լիներ, ես առաջինը կիմանայի»: Պարոն Դեմոյանը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե հարկ եղած դեպքում կարտաքսեն իրենց երկրում ապօրինի բնակվող հայերին, ասաց. «Սա ջղաձգության հետեւանք է… ես կցանկանայի թուրք վարչապետին հարցնել՝ իրեն չի՞ հուզում 10 հազարից ավելի թուրք անօրինական միգրանտների ճակատագիրը, որոնք աշխատում են Իսրայելում»: Հայ-թուրքական արձանագրությունների՝ թուրքական կողմի ձգձգումներն էլ պարոն Դեմոյանը պայմանավորեց Թուրքիայի մտավախությամբ, թե այդ կերպ կկորցնի եղբորը՝ Ադրբեջանին: Իսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմի՝ պատերազմը վերսկսելու հաճախակի հայտարարություններից Հ. Դեմոյանը հասկացել է. «Իլհամ Ալիեւը այլ ռեսուրս չունի իշխանությունը պահելու, քան որեւէ, թեկուզ փոքրիկ հաղթանակ ապահովող կարճաժամկետ պատերազմ վերսկսելը»:

Թանգարանի տնօրենը նաեւ ներկայացրեց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկը: Ապրիլի 19-20-ին Երեւանում նախատեսել են միջազգային գիտաժողով, որի առանցքում «մշակութային ցեղասպանության» թեման է լինելու, անդրադառնալու են նաեւ ցեղասպանության հիմնախնդիրներին. «Հաշվի առնելով այս թեմայի հնչեղությունն ու անժխտելիությունը՝ մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային փորձի կիրառումը՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման օրինակներին հստակ ձեւակերպումներ տալ եւ պատասխանատվության կանչելու առումով կանոնակարգել մեր հետագա քայլերը»:

Պարոն Դեմոյանի կանխատեսմամբ, մինչեւ ապրիլի 24-ը ցեղասպանության ճանաչումների թեժացում է լինելու: Նա ընդգծեց, որ կարեւոր նախապայման է խնդրի վերաբերյալ համահայկական դիրքորոշում որդեգրել. «Հայաստան-Սփյուռք համագործակցության երեք համաժողով տեղի ունեցավ, բայց մենք չկարողացանք այս հարցերը օրակարգ մտցնել եւ գոնե նախնական ձեւակերպում ունենալ: Ինչքան շուտ կարողանանք ձեւակերպել հստակ մոտեցումները եւ գործողությունների հերթականությունը՝ այնքան կշահենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել