Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ քննություն

Մարտ 26,2010 00:00

Որպեսզի խուսափենք կիսագրագետ շրջանավարտներից

Այսօր Հայաստանում հանրակրթական դպրոցը չունի այն վարկը, որ ուներ մի քանի տասնյակ տարի առաջ։ Այդ մասին շատ է խոսվել, եւ մեր առջեւ խնդիր չենք դնում մեկ անգամ եւս անդրադառնալ այդ երեւույթին։ Այսօր հանրակրթական կամ ավագ դպրոցի շրջանավարտը հանձնում է 6 ավարտական (3-ը՝ պարտադիր, 3-ը՝ ընտրովի) քննություն։ Դպրոցում դասավանդվող բոլոր առարկաներն ունեն չափորոշիչներ, ծրագրեր։ Առաջին հայացքից թվում է, թե ՀՀ ԿԳ նախարարությունը, պատկան եւ պատասխանատու մարմինները արել եւ անում են ամեն ինչ, որ անկախ Հայաստանի հանրակրթական հաստատություն ավարտած պատանին եւ աղջիկը խորը եւ համակողմանի գիտելիքներով կյանք մտնեն: Այնինչ՝ իրական պատկերը հեռու է բավարար լինելուց։ Այսօր շրջանավարտներից ոմանք ավարտում են դպրոցը, ոչ մեծ ճիգեր գործադրելով ընդունվում են բուհ, հասնում են մագիստրատուրա եւ անտեղյակ են կամ չեն իմանում այնպիսի բաներ, որոնք պարտավոր էին իմանալ դպրոցը ավարտելիս (օրինակներն անթիվ են. շատ երիտասարդներ ձեզ կարող են ասել, որ, օրինակ, Հովհաննես Թումանյանը ստեղծագործել է նաեւ մեր ժամանակներում կամ Սասունցի Դավիթը եղել է Հայրենական մեծ պատերազմի հերոս եւ այլն)։ Այս առումով կարեւորում եմ հանրակրթական դպրոցների ավարտական քննությունները ավելացնել եւս մեկով, որն իր մեջ կներառի հարցեր բոլոր առարկաներից։ Քննությունը պետք է լինի բանավոր, քանզի վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ թեստային քննությունը չի տալիս պատանիների եւ աղջիկների գիտելիքների մակարդակի իրական պատկերը։ Այս պարագայում կարեւորվում է այն հանգամանքը, որ միջնակարգ կրթության ատեստատ ստացող շրջանավարտը պարտավորված կլինի վերհիշել բոլոր այն առավել կարեւոր գիտելիքները, որ տարիների ընթացքում ստացել է։ Այդ քննության հարցաշարի մեջ մասնավորապես կարող են լինել այսպիսի հարցեր. քանի՞ մոլորակ կա եւ որո՞նք են դրանք, ո՞վ է Սասունցի Դավթի արձանի հեղինակը, թվիր մայրցամաքները, ի՞նչ է լուսինը, ո՞վ է ՀՀ օրհներգի բառերի եւ երաժշտության հեղինակը եւ այլն։ Թող հարցաշարը բաղկացած լինի 30-40 հարցից, ընդգրկի հարցեր աշխարհագրությունից, աստղագիտությունից, կենսաբանությունից, պատմությունից, հայ գրականությունից եւ այլ առարկաներից։ Իսկ քննության անցկացման այլ մանրամասների մասին կարելի է մշակել առավել ճկուն մեխանիզմներ՝ խուսափելով մարդկային գործոնի ավելորդ միջամտություններից։ Ժամանակն է, որ լուրջ եւ խիստ մոտեցում ցուցաբերենք հանրակրթական գիտելիքներին ու դրանց կրողներին, այլապես ինչի՞ ենք այսօր ականատես լինում՝ 10-12 տարի սովորելով՝ շատ աշակերտներ, ապա նաեւ բակալավրի կամ նույնիսկ մագիստրոսի վկայական ունեցող երիտասարդը 5-6 նախադասություն առանց սխալների չի կարողանում շարադրել, չգիտի սեփական երկրի օրհներգը կամ ի՞նչ է իրենից ներկայացնում Մատենադարանը…

Լավ կլիներ, որ հետեւողական ուշադրություն, ինչու չէ՝ հսկողություն սահմանվեր հանրակրթական ավարտական քննությունների նկատմամբ: Վերջին տարիներին ՀՀ ԿԳ նախարարությունը՝ իր հզոր վարչահրամայական ապարատով, Գիտելիքների թեստավորման կենտրոնը եւ այլ պատկան մարմիններ իրենց ողջ ներուժը կենտրոնացրել են միասնական քննությունների վրա եւ հետո էլ զարմանում են, թե ինչպես է այս կամ այն շրջանավարտը ստանում ատեստատ, բայց փաստացի կիսագրագետ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել