Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին
«Առավոտը» որոշ դժգոհություններ է ստացել, որոնց մասին պարզաբանումների ակնկալիքով հանդիպեցինք Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին:
Մասնավորապես, որոշ ծնողներ դժգոհել էին Կենտրոնի դպրոցների սննդի մատակարար «Երեքնուկ» ՍՊԸ-ից, ասելով, որ իրենց չի բավարարում սննդի որակն ու տեսականին, ինչի արդյունքում երեխաները ստիպված սնվում են մոտակա սրճարաններում: Տիկին Սողոմոնյանը, սակայն, համաձայն չէր ասվածի հետ ու հիասթափված, որ երեխաները դասերի հաշվին սրճարան են գնում: Նա նշեց, որ վերջերս քաղաքապետարանի առեւտրի վարչության պետի հետ երկօրյա շրջայց են կազմակերպել Երեւանի դպրոցներում ու վիճակն իրենց բավարարել է հիգիենայի, գների, տեսականու ու որակի առումով: Հավելեց, որ արգելել են փոփկորնի, «3 կոռըչկիի» ու «կոկա-կոլայի» վաճառքը դպրոցներում, մյուս շաբաթ եւս մի անակնկալ շրջայց է նախատեսված: Հարցրինք՝ ինչպե՞ս է ընտրվել «Երեքնուկը» կամ մյուս մատակարարները, արդյո՞ք ինչ-որ մրցույթի արդյունքում, եւ եղե՞լ է մրցույթի հայտարարություն որեւէ թերթում:
Վարչության պետն ասաց, որ ՊՈԱԿ օրենքի 64 կետով դպրոցն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից վարձակալության հանձնել մեկ տարի ժամկետով, ապա ավելացրեց, թե մատակարարները ծանոթ էին հանրակրթական դպրոցներին, տարիներ շարունակ նույն դպրոցներում լուծել են սննդի հարցերը, դրա համար էլ կրթօջախները հարմար են գտել նրանց հետ աշխատել:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ նույն տրամաբանությամբ տարիներ շարունակ Երիցյաններն են սնունդ մատակարարել դպրոցներին, ինչո՞ւ նրանց հետ այլեւս չեն աշխատում, տիկին Սողոմոնյանը պատասխանեց. «Երիցյաններն իրենք չեն ցանկացել աշխատել… Ես չգիտեմ պատճառները, գուցե ֆինանսական խնդիրնե՞ր ունեն»: Ապա դառնալով «Երեքնուկին», ասաց, որ վերջիններս պատրաստվում են նաեւ բուֆետի բարեկարգման, անգամ սանհանգույցի խնդիր լուծել, խոսքը հատկապես այն դպրոցների մասին է, որտեղից Երիցյանները տարել են իրենց գույքը: «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց հետեւյալ տեղեկության առնչությամբ նույնպես. Դավիթաշենի որոշ դպրոցներ, որ աշխատավարձ էին ստանում «Հայէկոնոմբանկից», առաջիկայում աշխատելու են մեկ ուրիշ բանկի հետ, այն դեպքում, երբ «Հայէկոնոմբանկը» հայտնի է սպասարկման բարձր կուլտուրայով: Մի կարեւոր հանգամանք եւս՝ Սուքիասյան ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում» 25% բաժնետեր է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որը լուրջ դերակատարություն ունի մեր տնտեսության մեջ: Ընդ որում, «Հայէկոնոմբանկը» հայաստանյան բազմաթիվ բանկերից առաջինն է, (երկրորդը «Արարատբանկն» է), որը շահել է ՎԶԵԲ-ի վստահությունը:
Գ. Սողոմոնյանն ասաց, որ քաղաքապետարանի եւ կրթության վարչության խնդիրը ուսուցչի աշխատավարձը չուշացնելն է, իսկ թե ո՞ր բանկի հետ է դպրոցն աշխատում, դա տվյալ կոլեկտիվի որոշելիքն է. «Հավանաբար՝ ուսուցիչները նախընտրել են իրենց դպրոցին մոտիկ մասնաճյուղ ունեցող բանկ: Ինքս դրա մեջ որեւէ միտում չեմ տեսնում»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ դրամահավաքին: Տիկին Սողոմոնյանն ասաց, որ չի կարելի ամեն փոքրիկ գործողություն այդ բառով բնորոշել: Ծննդյան տոներ են լինում, ապակի է կոտրում երեխան, կամ ԳԹԿ-ի՝ էլեկտրոնային տարբերակով ուղարկված թեստերը բազմացնելու համար երբեմն հարկ է լինում գումար հավաքել: Ներկայացումների տոմսեր դպրոցներում այլեւս չեն բաժանվելու, վարչության պետը փոխանցեց, որ քաղաքապետարանի ու մշակութային օջախների համագործակցության արդյունքում ցերեկային ժամերին երեխաներն անվճար ներկայացումներ են դիտելու, իսկ ցանկը որոշվելու է համատեղ համաձայնությամբ: Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին նույնպես երեխաները նման հնարավորություն կունենան:
ԳԹԿ-ի թեստերի մասով տիկին Սողոմոնյանը մասնավորապես հայտնեց. «Եթե, օրինակ, հայոց լեզվի թեստային առաջադրանքը բաղկացած է 6 էջից, իսկ դպրոցում կա 1000 աշակերտ, դպրոցն ի՞նչ միջոցներով բազմացնի էլեկտրոնային տարբերակով ուղարկված թեստը, երբ քաղաքապետարանը համապատասխան բյուջե է նախատեսել, որտեղ չկա ավելորդ գումար: Եվ հետո, չէ՞ որ միայն մեկ առարկայից չի նման ստուգում կազմակերպվում… ԳԹԿ-ն ունի գումար, եւ լավ կլիներ, եթե երեխաների թվով թեստերն իրենք ուղարկեին դպրոց»:
Մեր մյուս հարցին՝ պարտավորեցնո՞ւմ է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կին լինելը, Գ. Սողոմոնյանը պատասխանեց. «Ես հպարտ եմ, որ Իշխան Զաքարյանի կինն եմ, ուրախ եմ իմ ընտանիքի համար… Ես շնորհակալ եմ, որ ինքը ինձ չտեսավ որպես միայն տնային տնտեսուհի, իմ մեջ միավոր տեսավ, անհատականություն, որը սիրում է կարդալ, սովորել ու պատրաստ է ծառայել այս երկրին… Իհարկե, պարտավորեցնում է Իշխան Զաքարյանի կին լինելը, մտածում եմ՝ ինչ-որ տեղ բաց չմնա, հանկարծ չվտանգեմ իր հեղինակությունը, որը նա դժվար է վաստակում աշխատանքով: Գուցե դպրոցում աշխատելու տարիներին մի քիչ ռոմանտիկայով էի նայում այդ ամենին, այսօր ավելի նուրբ եմ նայում, որպես վարչարար գնահատում: Նաեւ կարեւորում եմ այն, որ քաղաքապետն ինձ վստահել է այս պաշտոնը»: