Անցած ամռանից Գորիսի գյուղերում իրականացվում է շվեյցարական ծրագիր, որը նպատակաուղղված է անասնապահության զարգացմանը: Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Անդրկովկասյան գրասենյակի համագործակցության պայմանագիրը կնքել են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ Շվեյցարիայի դեսպանը՝ 2009 թվականին: Սյունիքում «Գյուղատնտեսության զարգացման ծրագիր» համաձայնագրի շրջանակներում 2009-ի ամռանը Գորիսի գյուղերի բնակիչներին տրվել են 1-3-ական տոհմական կովեր: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի` 263 գլուխ տոհմական կովեր են բաժանվել ծրագրում ընդգրկված Գորիսի տարածաշրջանի 16 գյուղական համայնքների բնակիչներին: Ծրագրի պայմանների համաձայն` կովեր ձեռք բերել ցանկացող գյուղացիներն անասնագլխաքանակի արժեքի 30 տոկոսը պետք է վճարեին առաջին տարում, իսկ հաջորդ կես տարում՝ մարեին մնացած գումարը: Ըստ զրուցակցիս` անասնապահներին բաշխված կովերը Կալինինոյից եւ Ստեփանավանից բերված տոհմական կովեր են:
Այս տարի ծրագիրը կշարունակվի՝ նախատեսվում է նույն 16 համայնքների անասնապահությամբ զբաղվող տնտեսություններին հատկացնել տոհմական մոզիներ: