Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՆԱԼԻՃԸ՝ ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՏԻ

Մարտ 26,2010 00:00

Մեկը փող չունի, մյուսը չի ուզում պատասխանատու լինել

\"\"Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բազմաբնակարան շենքերի մի թաղամաս կա, որտեղ ավելի քան 100 ընտանիք է ապրում: Նուտրաների թաղամաս կոչվող այս տարածքի բնակիչների կյանքը քաոսի վերածվեց չորս տարի առաջ՝ 2006-ին, երբ շահագործման հանձնվեց Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրով վերակառուցված ջրամատակարարման համակարգը: Երջանկացած, որ վերջապես իրենց ծորակներից էլ ջուր կհոսի, բնակիչները, սակայն, կարճ ժամանակ անց հիասթափվեցին. ծորակներից եկող դարչնագույն ու գարշահոտ ջուրը պատուհաս ու վտանգ դարձավ: Ջրամատակարարները հույս տվեցին, թե խողովակաշարը նոր է ու կարճ ժամանակ անց կմաքրվի, ջուրն էլ կդառնա լիարժեք օգտագործելի: Անցել է չորս տարի, բայց կարճ ժամանակ ասվածն այդպես էլ չի անցնում. մինչեւ օրս ակնալիճցիներն իրենց ծորակներից հոսող մաքուր ջուր չեն խմել:

\"\"Անորակ ջրի մասին բնակիչները ահազանգել են թե իրենց ջրամատակարարումը իրականացնող «Նոր ակունք» ՓԲԸ-ին, թե Արմավիրի մարզի հակահամաճարակային տեսչությանը: Մարզային կենտրոնի համաճարակաբանների ուսումնասիրությունից պարզվել է, որ ջրի որակն իրոք հեռու է բավարար լինելուց: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Կ. Բաբինյանի գրությամբ Ակնալիճի գյուղապետին 12.12.07թ. տեղեկացվել է, որ «2007թ. օգոստոսից առայսօր Ակնալիճ գյուղից վերցվել է խմելու ջրի 218 նմուշ, որից 123-ում արձանագրվել են շեղումներ: Շեղումներից 74-ում մանրէաբանական կեղտոտվածությունը կազմել է 0.3-0.9: Մնացած 49 նմուշներում՝ 1-ից բարձր»:

Հասկանալու համար ակնալիճցի սպառողների անհանգստությունը, ռիսկի դիմեցի ու համտեսեցի դարչնագույն ջուրը. զզվելի էր: Չնայած դրան, «Նոր ակունք» ՓԲԸ-ի տնօրեն Արտավազդ Թադեւոսյանն ասաց. «Ես քիմիկոս չեմ, որ մասնագիտորեն հիմնավորեմ ջրի բաղադրությունը, բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ Ակնալիճի խմելու ջրի որակը համապատասխանում է սահմանված նորմերին»: Իսկ երբ ջրամատակարար ընկերության ղեկավարին հիշեցրինք համաճարակաբանների եզրակացության մասին, ասաց, որ ինքն անձամբ «Նոր ակունքի» բաժանորդ է եւ իր ընտանիքը բացառապես այդ ջրից է օգտվում: «Մեր սպասարկման տարածքում մինչ այսօր չի գրանցվել հիվանդության որեւէ դեպք, որի պատճառը խմելու ջուրն է»,- ասաց Արտավազդ Թադեւոսյանը:

Թեեւ վերջինիս հանգստությանը, այնուամենայնիվ, Նուտրաների թաղամասի ջուր սպառողները մինչ օրս հրաժարվում են ծորակից հոսող ջուրն օգտագործել սննդի մեջ: «Միայն կենցաղային նպատակների համար ենք օգտագործում: Էնքան լպրծուն է, որ եթե տարաների մեջ հավաքում ենք, տարաների պատերը տարթակալում են: Բա էս տեսակ ջուրը երեխաներին ո՞նց խմեցնեմ»,- դժգոհեց բնակիչ Կարինե Թովմասյանը:

Ակնալիճցիներին, սակայն, միայն ջրի որակը չէ, որ անհանգստացնում է. 20 տարի առաջ էլ փլուզվել է թաղամասի ջրահեռացման համակարգը: Արդեն 20 տարի կոյուղաջրերը հեռացվում են ոչ թե փակ համակարգով, այլ՝ բաց: Եվ ոչ թե հեռացվում, այլ՝ լցվում-լճանում են հենց բնակիչների ոտքերի տակ: «Շենքերից 10-15 մետր հեռավորությամբ երեք փոս կա, որոնց մեջ էլ լցվում են կեղտաջրերն ու մնում. հոսք չունեն»,- ներկայացրեց Սեյրան Օհանյանը: Ընդ որում՝ փոսերից մեկը բազմաբնակարան շենքի հիմք է, որը անավարտ է մնացել խորհրդային տարիներից: Կառուցված են նույնիսկ բետոնե հենասյուները, որոնք այսօր ամբողջությամբ ընկղմված են կոյուղաջրերի մեջ: «Բա էս միջավայրում ապրել կլինի՞: Ինչ կենդանի ու միջատ ասես՝ կա էդ կեղտի մեջ, գարշահոտությունն էլ մարդ է սպանում: Ոչ կարող ենք դուռ ու լուսամուտ բացել, ոչ բակում նստել ու մի բանով զբաղվել: Ոչ մի կազմակերպություն հանձն չի առնում զբաղվել մեր շենքերի ջրահեռացման խնդրով»,- ասաց բնակիչներից մեկը, ըստ որի՝ լցված դիտահորերն էլ իրենց ուժերով են մաքրում:

Բնակիչների ասելով՝ «Նոր ակունքի» հետ իրենց պայմանագիրը միայն ջրամատակարարման մասով է, իսկ ջրահեռացումը բաց է թողնված: Ասվածը հաստատեց նաեւ «Նոր ակունքի» ղեկավարը՝ հավելելով, որ իրենք որեւէ գյուղական համայնքում ջրահեռացման ծառայություն չեն իրականացնում: Համաձայն ընկերության ղեկավարի՝ պարտավորություններ կան, որոնք թողնված են համայնքի ղեկավարությանը: Ենթադրաբար, կոյուղաջրերի հեռացումը հենց այդ պարտավորությունների տիրույթում է, ինչը գործնականում իրականացնելը՝ Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Միսաքյանի ասելով, իրենց ուժերից վեր է: «Ընկերությանն առաջարկել ենք, որ ջրահեռացման սպասարկումն ինքը ստանձնի, բայց հրաժարվել է: Ընդամենը մեկ անգամ դիտահորերը մաքրող մեքենայով են օգնել, այն էլ՝ մենք ենք ֆինանսավորել»,- ասաց Միսաքյանը: «Մեր հաստատագրված սակագներով մենք միայն ընթացիկ ծախսերն ենք կարողանում փակել»,- հակադարձում է «Նոր ակունքի» ղեկավարը:

Ու մինչ «Նոր ակունքն» ու Ակնալիճի գյուղապետարանը միմյանց վրա են բարդում համայնքի խիտ բնակեցված թաղամասի ջրահեռացման հարցը, բնակիչներից ոմանք համայնքից դուրս նոր հասցե են փնտրում՝ գարշահոտ ու ճահճացող միջավայրից հեռու ապրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել