Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեղեկատվության ազատությունը հաղթում է

Մարտ 26,2010 00:00

ՀԱՍԿ-ը գտնվեց

2010թ. մարտի 18-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցը՝ ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության:

Դատարանը ՀԱՍԿ-ին պարտավորեցրեց 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի պահանջած ողջ տեղեկատվությունը, այն է՝ ՀԱՍԿ-ի 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճենը եւ կուսակցության ստացած օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:

Վճռաբեկ դատարանը բավարարեց ԻԱԿ-ի բողոքը

2010թ. մարտի 19-ին ՀՀ վճռաբեկ դատարանը հրապարակեց իր որոշումը, որով մասնակիորեն բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը: Դատարանը բեկանեց ՀՀ վարչական դատարանի 13.08.2009թ. վճիռը եւ գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ 2010թ. մարտի 12-ին ՀՀ վճռաբեկ դատարանը դռնբաց դատական նիստում քննեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.08.2009թ. վճռի դեմ՝ ըստ ԻԱԿ-ի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի՝ գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը, գտավ, որ այն հիմնավոր է, քանի որ վարչական դատարանը չի տվել վճռի իրավական հիմնավորում: Միաժամանակ վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ վարչական դատարանը պետք է նշեր ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս եւ արդյունքում վճիռ կայացնելիս, այլեւ պետք է պատճառաբաներ, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:

Մինչդեռ բողոքի մյուս մասով վճռաբեկ դատարանը գտավ, որ Փարաքարի գյուղապետարանը ԻԱԿ-ի հարցման պատասխանը չէր կարող տալ՝ տեղեկատվություն չունենալու պատճառով:

Հիշեցնենք, որ վճռաբեկ դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Տեղեկատվությունը տրամադրվեց վճռի հրապարակումից 2 օր առաջ

2010թ. մարտի 24-ին՝ դատարանի վճռի հրապարակումից 2 օր առաջ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ից ստացավ տեղեկատվություն ստանալու իր հարցման պատասխանը՝ 9 ամիս ուշացումով:

Հիշեցնենք, որ 10.06.2009թ.-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն դիմեց «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ին՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները:

1. Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը:

2. Առկա անվճար տրամադրվող դեղերի ցուցակի պատճենը:

3. Նաեւ տեղեկացնել, որ եթե երեխան հիվանդ է եւ բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ներառված չէ վերոնշյալ ցուցակում, ապա կա՞ այլ տարբերակ՝ մինչեւ 7 տարեկան երեխային անվճար տրամադրելու այդ դեղը:

4. Տրամադրեք, խնդրեմ, տարբերակ, թե ինչ անի ծնողը, եթե անվճար տրամադրվող դեղերի ցուցակում կա դեղ, որի կարիքն ունի հիվանդ երեխան, եւ այն բժշկի կողմից չի տրամադրվում:

Հարցումը մնացել էր անպատասխան: Եվ ԻԱԿ-ը դիմել էր դատարան:

Դատարանի վճիռը կհրապարակվի 2010թ. մարտի 26-ին, ժամը 15:00-ին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Է. Ավետիսյանի նախագահությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել