Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ Է 18 ԶՈՐԱԿՈՉԻ ՀԱՄԱՐ

Մարտ 26,2010 00:00

Պետությունը պատասխանատվության բեռը դրել է այլ պետության քաղաքացու ուսերին

Այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան դիմեց Բելգիայի Թագավորության քաղաքացի Պերճ Հակոբյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ժորա Խաչատրյանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 2-ին կայացրել է որոշում, ինչն էլ բողոքարկվում է քրեական վերաքննիչ դատարանում:

Իսկ գործի նախապատմությունը հետեւյալն է. 1992 թվականից Բելգիա մեկնած Պերճ Հակոբյանը մեղադրվել է «սկսած 1995 թվականից՝ աշնանային զորակոչից» խուսափելու համար: Ըստ նշյալ տարածքի զինկոմիսարիատի, նա «չի ներկայացել» զինվորական կոմիսարիատ, ինչի արդյունքում նրա նկատմամբ 2002թ. հարուցվել է քրեական գործ եւ հայտարարվել «հետախուզում»:

Նկատենք, որ «հետախուզվողը» 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002 եւ հաջորդ տարիներին անարգել եկել է Հայաստան, եւ նրան իրավապահ որեւէ մարմին չի անհանգստացրել: «Մեղադրյալը» հերթական անգամ Բելգիա մեկնելու ժամանակ, անցյալ տարվա հունիսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռից իջեցվում է: Նա առաջին անգամ տեղեկանում է, որ «չարամտորեն խուսափել է» զինվորական ծառայությունից: Պերճ Հակոբյանը տեղափոխվում է Մալաթիայի ոստիկանության բաժին: Նրան հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քրեական գործը կարճելու համար Հակոբյանը պետք է ընդուներ իր մեղքը եւ տուգանվեր 300 000 դրամ գումարի չափով, քանի որ «խուսափել» է 1995 եւ 1996թթ. գարնանային եւ աշնանային զորակոչերից: Հակոբյանը համաձայնում է տալ տուգանքը:

Սակայն Մալաթիա վարչական շրջանի դատախազ Ս. Սինանյանն ասում է, որ պետք է Հակոբյանից գանձվի 800 000 դրամ գումար՝ 8 զորակոչի համար: Որպեսզի կարողանա հիվանդ մորը հասնել, Հակոբյանը, ըստ պայմանավորվածության, մուծում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի նշած 800 000 դրամ գումարը եւ գնում ինքնաթիռի նոր տոմս՝ 548 եվրո: Հունիսի 12-ին Բելգիա մեկնելիս, հերթական թռիչքի ժամանակ, Հակոբյանին 4 ուսադիրավորներ կրկին իջեցնում են ինքնաթիռից: Պատկերացրեք Հակոբյանի կնոջ, նրան ճանապարհող հարազատների հոգեկան ապրումները:

Օդանավակայանում առժամանակ հետաձգվում է թռիչքը, մինչ Հակոբյանի աները՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն այդ մասին ահազանգում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ա. Արշակյանի փեսան ուշացումով թռչում է Բելգիա, թողնելով պարտավորագիր, որ կմուծի եւս 1 միլիոն դրամ:

«Անսալով Ձեր անձնական հորդորին, ես մուծում եմ 1 միլիոնը», գրում է նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը նախկին պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ստացվում է, որ Հակոբյանը 18 զորակոչի համար պաշտպանության նախարարության «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած միջգերատեսչական հանձնաժողովին» է մուծում 1մլն 800 000 դրամ գումար:

«Հակոբյանի 1-ին զորակոչը կատարվել է 1995թ. աշնանը: 2002թ. գարնանային զորակոչի ժամանակ արդեն իսկ լրացել է նրա 27 տարին: Հակոբյանին է վերագրվել զինծառայության 18 զորակոչից խուսափում: Այսինքն, հաշվարկվել է՝ սկսած 1993թ.՝ մինչեւ 2002թ: Այն դեպքում, երբ խուսափումը, եթե անգամ հիմնավորվեր, կարող էր լինել ընդամենը 13 զորակոչից, որի դիմաց նա կվճարեր 1մլն 300 000 դրամ: Այսինքն՝ 500 000 դրամ ավելի գումար են վերցրել», իր վերաքննիչ բողոքում նշում է փաստաբան Ժ. Խաչատրյանը:

Ըստ Աղասի Արշակյանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը հաշվի չառավ նաեւ այն հանգամանքը, որ իր փեսան 1992 թվականին օրինական կարգով է դուրս եկել Երեւան քաղաքի իր հաշվառումից ու ծնողների հետ մեկնել Բելգիա: Հակոբյանները պատշաճ դիմել են Բելգիայի իշխանություններին, քաղաքացիություն ստանալու համար, ինչը հարգվել է այդ պետության կողմից:

Ի դեպ, եթե ընդունենք, որ Հակոբյանը քաղաքացիություն է ստացել 1997թ.-ին, ապա դա չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության զորակոչից խուսափում, քանի որ նա զորակոչային տարիքում արդեն իսկ այլ պետության քաղաքացի էր: Իսկ այլ պետության քաղաքացին չի կարող պատասխանատվություն կրել այլ երկրի սահմանադրությամբ քաղաքացիների համար սահմանված պարտականությունների համար: Նկատենք, որ քրեական գործ հարուցելու ժամանակ Հակոբյանի «գործած» հանցանքի համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն արդեն իսկ անցել էր:

Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Լյուդվիգ Հարությունյանի կողմից հավանաբար միտումնավոր Բելգիայի Թագավորության քաղաքացի Պերճ Հակոբյանի հասցեն նշվել է ՀԱԶ Ա-1 թաղամասի 136շ. 44 բնակարանը, որտեղ Հակոբյանները 1992թ.-ից չեն բնակվում: Դրա համար էլ, «քննիչ Լյութոյի» «ծանուցագրերը» տեղ չեն հասել ու չեն պատասխանվել:

Բելգիայի քաղաքացիություն ստանալուն զուգընթաց, Հակոբյանի ծնողները դիմել էին Հայաստանի նախագահին՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար: Դիմումը մնացել է անպատասխան: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ այդ ժամանակ՝ 1995թ.-ին Հայաստանի սահմանադրությունը դեռ չէր ընդունվել, հետեւաբար, Հակոբյանները կարող էին քաղաքացիությունից հրաժարվելու մասին ընդհանրապես դիմում չգրել…

Այսինքն, եթե պետական լիազոր մարմինը գտներ, որ Հակոբյանը խախտել է օրենքներից որեւէ մեկը, ապա պարտավոր էր միջոցներ ձեռնարկել, ինչը չի արել: Ու դա պետության խնդիրն է, ոչ թե Հակոբյանի ու նրա նմանների:

«Ես վիրավորված եմ ոչ միայն իմ եւ իմ ընտանիքի համար, այլեւ մեր պետության»,- ասում է Աղասի Արշակյանը, որը վերաքննիչ դատարանում իր խոսքը սկսեց նրանով, որ դատարաններն ուշադրություն չեն դարձնում մեղադրյալների, կասկածյալների, նրանց ներկայացուցիչների հայտարարություններին: «Հավանաբար դա է պատճառը, որ դատական համակարգին չի վստահում մեր քաղաքացիների 58%-ը»,- նշեց նա, մեջբերելով «Ա1+»-ի կայքէջում տպագրված ՀՀ քաղաքացիների շրջանում արված հարցումները:

Վերաքննիչ դատարանը դեռ չի ավարտել բողոքի քննությունը:

Միջգերատեսչական հանձնաժողովը երկու իրարամերժ որոշումներ է ուղարկել Հակոբյանների ներկայացուցիչներին. մեկն այն է, որ Հակոբյանը օրենքով սահմանված կարգով պետք է ստանա զինգրքույկ, մյուսն էլ, որ նրան «չի հասնում» զինգրքույկ:

Հ. Գ. Բարեբախտությունն այս պատմության մեջ այն է, որ Հակոբյանը տույժի է ենթարկվել միայն իր զորակոչի ու ոչ թե հանրապետությունից հեռացած բոլոր զինակոչիկների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել