Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԸ ՀԱՅՏՆԻ Է ԹՈՒՆԱՄՇՈՒՇՈՎ

Մարտ 26,2010 00:00

Բնապահպանների կատարած ուսումնասիրության համաձայն, մեր երկրում ամենակեղտոտ օդը Երեւանում է: Եվ որքան էլ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուները վստահեցնում են, որ օդի աղտոտվածության հարցը նախարարության առաջնային խնդիրներից է, միեւնույն է, այդ ծրագրերն այդպես էլ մնում են թղթի վրա: Պաշտոնական տվյալները փաստում են, որ մայրաքաղաքում օդն աղտոտելու հիմնական մեղավորները ավտոտրանսպորտային միջոցներն են՝ շուրջ 95%: Մնացած 5%-ը գոյանում է քաղաքում կուտակված աղբի, կանաչ տարածքների նվազման, շինարարության, նաեւ որոշ ընկերությունների կողմից մթնոլորտ արտանետվող գազերի հաշվին: Թեեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը համոզված է, որ վերջին տարիներին Երեւանում կառուցված տասնյակ գետնանցումները նվազեցրել են օդի աղտոտվածությունը, քանի որ մայրաքաղաքում խցանումները պակասել են, իսկ ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումն ավելանում է հատկապես խցանման մեջ կանգնելու ժամանակ, սակայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Երեւանում օդի աղտոտվածության մակարդակը ոչ թե նվազել, այլ 3%-ով աճել է:

Հայաստանում գործում է օդի աղտոտվածության աստիճանի դիտարկման 6 ավտոմատ կայան, որից 4-ը տեղադրված է Երեւանում, մեկը՝ Ալավերդիում, մյուսը՝ Ծաղկաձորում: Այս կայաններից բացի, շրջակա միջավայրի վրա ներգործության կենտրոնն իրականացնում է ամենօրյա, ամենժամյա դիտարկում: 15 դիտակայաններից 5-ը Երեւանում է, որից 4-ը ավտոմատ է եւ մոնիտորինգն իրականացնում է օնլայն ռեժիմով: Արդյունքները հրապարակվում են քաղաքապետարանի կայքէջում: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ մինչեւ 2015 թվականը մայրաքաղաքի կանաչ տարածքները պետք է ավելանան 691 հեկտարով: Քաղաքային իշխանությունները վստահ են, որ կանաչապատումները հնարավորություն կտան մոտ 40%-ով նվազեցնել օդի աղտոտվածությունը՝ առանց կապիտալ ներդրումների:

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանի տվյալներով՝ աշխարհում 3 քաղաք կա, որ հայտնի է իր թունամշուշով՝ Լոնդոնը, Լոս Անջելեսը եւ Երեւանը: Ըստ բնապահպանի, մեզ մոտ օդի աղտոտվածությանը նպաստում է նաեւ շինարարությունը. «Որը միգուցե հսկայական տարածք ունեցող երկրների համար թույլատրելի է, սակայն մեզ համար՝ ոչ»:

Նրա խոսքերով, Հրազդանում կառուցվող մետաղամշակման գործարանի արտանետած նյութերը տարիներով կմնան հողի մեջ եւ լրջորեն կվնասեն տարածքի բնակչության առողջությունը:

Բնապահպանի հավաստմամբ, օդի աղտոտվածության հիմնական պատճառն այն է, որ չնայած այս ոլորտում մշտապես կազմակերպվում են սեմինարներ եւ մշակվում նախագծեր, դրանք միայն թղթի վրա են մնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել