Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի շիշ օղի՝ գովազդատուին

Մարտ 26,2010 00:00

«ԳԱԼԱ»-ն այսպես է շահագրգռում իր գովազդային ծառայություններից փախչողներին

Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կրկին նշվեց խոսքի ազատության տոնը: Հիշեցնենք, որ այն նվիրված է Գյումրիի անկախ լրատվական ալիքի փրկությանը. 2 տարի առաջ, հենց այդ օրը, մոտ 15 000 քաղաքացի՝ թոշակառուներ, գործարարներ, ուսանողներ, իրենց լուման ներդրեցին՝ հեռուստաընկերության համար հանգանակելով մոտավորապես 100 000 դոլար: Ինչպես հայտնի է՝ իշխանությունները հեռուստաընկերության հետեւից ընկել էին այն պատճառով, որ վերջինս «հանդգնել» էր ցուցադրել էքսնախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը:

«ԳԱԼԱ»-ի նկատմամբ հալածանքները հասան նրան, որ հարկայինը 27 միլիոն դրամ պարտք դրեց հեռուստաընկերության վրա՝ վստահ լինելով, որ այսպիսով կդադարեցնի համարձակ ալիքի գործունեությունը: Սակայն այս պայքարում հաղթեցին գյումրեցիները: Ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, իրենք հասնելու են նրան, որ այս տոնը դառնա համահայկական: Երեւանի մամուլի ակումբի վարչության անդամ Վիգեն Սարգսյանն էլ ասաց. «Իսկապես, 2 տարի առաջ «ԳԱԼԱ»-ի հետ տեղի ունեցածը ու հասարակության պատասխանը բռնություններին՝ յուրօրինակ էր: Մեզանում նման որեւէ փորձ չի եղել, առաջին անգամ հայ սպառողը, տվյալ դեպքում՝ խոսքի ազատության ու տեղեկատվության սպառողը, որը շատ հաճախ, ասենք, չի վճարում ջրի կամ հոսանքի վարձ, պատրաստ եղավ, դուրս եկավ եւ վճարեց խոսքի ազատության, տեղեկատվության համար, եւ դա իսկապես ունիկալ երեւույթ էր մեր ազատության 19 տարիների, մեր մամուլի պատմության մեջ, եւ էդ օրը արժանի է կոչվելու մամուլի ազատության օր»:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ հավելեց, որ այս տոնը իսկապես արժե նշել Գյումրիում, քանի որ այն, ինչ հաջողվեց գյումրեցիներին, 2002-ին չկարողացան անել երեւանցիները, այսինքն՝ չկարողացան փրկել փակվող «Ա1+» հեռուստաընկերությունը: «Գյումրիի մյուս հեռուստաընկերություններն էլ են բավականին ազատ, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ես այստեղ դիտորդ էի, եւ զարմացած էի. բոլոր հեռուստաընկերությունները ցույց էին տալիս այն, ինչը հնարավոր չէր տեսնել երեւանյան հեռուստաընկերություններով, եւ կաշառք բաժանելը, եւ կեղծիքները: Եվ հետընտրական զարգացումների ժամանակ, երբ բավական փակված էին երեւանյան հեռուստաընկերությունները, այստեղ դեբատներ էին գնում, թե իրականում ինչ է կատարվում: Ես համարում եմ, որ Գյումրիում պետք է ավանդական նշվի Հայաստանի խոսքի ազատության օրը, քանի որ իրենք իրենց օրինակով ցույց են տվել, որ խոսքի ազատությունը առաջին հերթին պաշտպանվում է Գյումրիում»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Մի քանի լրատվամիջոցներ ու լրագրողներ, այդ թվում՝ «Առավոտ» օրաթերթի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը եւ թղթակից Ոսկան Սարգսյանը պարգեւատրվեցին, սակայն նկատենք, որ գլխավոր դերկատարը՝ «ԳԱԼԱ»-ն չէր եկել միջոցառմանը, անգամ նկարահանող խումբ չէին ուղարկել: Մենք «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞վ էր պայմանավորված իր պատվին նշվող տոնին չներկայանալը: Նա փոխանցեց, որ դրա համար կան հիմնավոր պատճառներ, որոնք, սակայն, չի ցանկանում հանրայնացնել:

«Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե շարունակո՞ւմ են փախցնել հեռուստաընկերության գովազդատուներին: Նշենք, որ այս պահին «ԳԱԼԱ»-ում 26-ից մնացել է 3 գովազդատու: Վ. Խաչատրյանը ասաց, որ իրենք գովազդի գինը 9600 դրամից հասցրել են 960-ի, սակայն ոչ մեկը ցանկություն չի հայտնել հեռուստաընկերությունում գովազդ տեղադրել: «Տեղեկություններ ունեմ, որ գովազդատուները հրաժարվում են մեր հեռուստաընկերությունից՝ ուժային կառույցների ճնշման ներքո, գիտեմ նաեւ, թե ում հրահանգն են կատարում: Ես սա ճնշում չէի որակի, այդ բառը չեմ սիրում, սա մանր «ժուլիկություն» է իշխանությունների կողմից: Քանի որ այս 2 օրվա ընթացքում ոչ մի գովազդատու չի եկել, ես հայտարարում եմ, որ այսօրվանից գովազդը մեր եթերում անվճար է, այսինքն՝ պատրաստ ենք գովազդատուին 10 օր անվճար սպասարկել, ավելին, նրան մի շիշ օղի նվեր տալ, ու գիտեք ինչ օղի՝ «Մուժսկոյե դաստոինստվո» անունով»,- ասաց «ԳԱԼԱ»-ի սեփականատերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել