Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՆՆԴԻ ԵՎ ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ՄԵՋ ԱՂԻՔԱՅԻՆ ՑՈՒՊԻԿ ԵՆ ԳՏԵԼ

Մարտ 26,2010 00:00

Մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես սնունդ գնելիս շատ ուշադիր լինել

Անցյալ տարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում ընդունեց, որ 70 միլիոն դրամից ցածր շրջանառություն ունեցող ընկերություններում, առանց իր հատուկ թույլտվության, ստուգումներ չի կարելի իրականացնել: Պարոն վարչապետի այս մեծահոգությունը պայմանավորված էր նրանով, որ փոքր եւ միջին բիզնեսը ճգնաժամային պայմաններում էլ ավելի չտուժի: Սա բերեց նրան, որ մասնավորապես սնունդ արտադրող ընկերությունները սկսեցին մեծ խախտումներ թույլ տալ ու շուկա ներմուծել ժամկետանց ու կեղծ ապրանքներ: Ապրանքի արտադրման, պիտանելիության ժամկետից սկսած, պարունակությունից վերջացրած՝ կեղծվում է: Իսկ ահազանգերի դեպքում ստուգող մարմինները հնարավորություն չեն ունենում այս կամ այն խանութում, որի շրջանառությունը չի գերազանցում 70 միլիոնը, ստուգել՝ գոնե խախտումը կասեցնելու ու այդ ապրանքները շուկայից հանելու համար:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի ղեկավար Աբգար Եղոյանի կազմակերպությունը վերջերս մոնիտորինգ է անցկացրել ու պարզել, որ հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում նույն խախտումներն են արտադրողներն անում: Ա. Եղոյանի խոսքերով, իրենք անցյալ տարի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության հետ համատեղ ստուգումներ են իրականացրել. «Խայտառակ վիճակ էր: Մանկապարտեզների սառնարաններում հայտնաբերեցինք որդնած միս, հոսող սառն ու տաք ջրի բացակայություն, ժամկետանց սննդամթերքի մատակարարում: Իսկ խանութներում հայտնաբերեցինք 400-ից ավելի խախտումներ, որի ցուցակը տրամադրել ենք սննդի անվտանգության տեսչությանը: Օրինակ, ամսի 23-ին վաճառվում էր կաթնամթերք, որի վրա մակնշված էր, որ արտադրվել է ամսի 28-ին: Կային կրեմով թխվածքներ, որոնք դրված չէին սառնարանում: Ժամկետանց ձու ենք հայտնաբերել: Իսկ այս տարի դեռ ստուգումներ չեն եղել: Ընդհանրապես, երբ մենք հայտնաբերում ենք խախտումներ, տվյալները տալիս ենք տեսչությանը, նրանք էլ պետք է դիմեն վարչապետին, որպեսզի նրա թույլտվությամբ կարողանան իրականացնել ստուգումներ»: Հ/կ-ի մոնիտորինգի արդյունքում հայտնաբերել են կասկածելի բաղադրությամբ սեւ խավիար. «Դա արժեր 800-1200 դրամ, մարդիկ չգիտեն՝ դա իրենից ինչ է ներկայացնում, վրան գրած է «Անալոգ», թարգմանություն էլ չկա, որ հասկանալի դառա, թե դա ինչ է: Բացի այդ, այդպիսի գնով սեւ խավիար չի լինում: Հայտնաբերել ենք նաեւ ձու, որի մեջ առկա էր աղիքային ցուպիկ»:

Օրերս էլ «Առավոտն» էր մի խանութում նկատել, որ 1500 դրամով վաճառվող «Գարի եւ Նինա» ընկերության արտադրած կոնֆետների տուփի վրա ոչ մի տեղեկատվություն չկար: Բացի այդ, պարունակությունն ընդհանրապես չէր համապատասխանում տուփի վրայի պատկերին, ինչը սպառողի իրավունքի խախտում է: Այդ առնչությամբ Ա. Եղոյանն ասաց. «Դա օրենքի խախտում համարել չի կարելի, սակայն այն, որ իր տվյալները չեն նշված արտադրանքի վրա, դա արդեն խախտում է: Դա կարելի է դիտել նաեւ որպես մոլորեցնող գովազդ: Այդ դեպքում կարելի է պատասխանատվության ենթարկել: Շատ է լինում, երբ տուփով կոնֆետների ժամկետը 2 անգամ են կեղծում: Օրինակ, մենք հայտնաբերել էինք այնպիսի դեպք, երբ իտալական արտադրության կոնֆետները, որոնց գինը սկսում է 7-9 հազար դրամից, պիտանելիության ժամկետը կեղծել էին, ընդ որում, երբ մենք կրկնակի մակնշման թուղթը պոկեցինք, կոնֆետների պիտանելիության իրական ժամկետն ավելի երկար էր, քան կեղծածը»:

Նրանք ուսումնասիրել են նաեւ կոսմետիկայի շուկան ու էժանագին աչքի ներկերի («տուշ») մեջ հայտնաբերել կրկին աղիքային ցուպիկ, որը չափազանց վտանգավոր է աչքերի համար:

Նա կեղծած, ժամկետանց ու սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանող ապրանքներից զերծ մնալու համար խորհուրդ տվեց. «Առաջին հերթին սննդամթերք գնեք խանութից, բայց դա դեռ չի նշանակում, որ ապահովագրված եք, պետք է նաեւ գրագետ լինել եւ կարդալ մակնշումները: Նայեք տուփի վրա, ոչ թե՝ կրկնապիտակի: Ուշադրություն դարձրեք խանութի պայմաններին, հնարավոր է խանութում բավականին շոգ լինի, իսկ ձեզ պետք եկող ապրանքների համար այդ պայմանները վտանգավոր են: Վաճառողի տեսքին ու ձեռքերին ուշադիր եղեք, սնունդ վաճառողը պետք է նաեւ գլուխը փակ պահի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել