Երեկ հերթական անգամ լրագրողների հետ հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ-ի անդամ Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ իր իշխանության ժամանակ երկրի արտաքին պարտքը ՀՆԱ 46%-ից իջել է 13%-ի, Բագրատյանը նշել է, որ այդ ընթացքում մոտ երկու անգամ արժեւորվել է նաեւ դրամը՝ մոտ 580-ից հասնելով 300-ի, ուստի միայն դրամի արժեւորումից այդ 46%-ը դառնում է 23%՝ անկախ նրանից, Քոչարյանը մի գործ կաներ, թե ոչ:
Ապա նա անդրադարձել է բնակարանաշինությանը եւ ասել, որ նույնիսկ լավագույն տարիներին շինարարությունը ամենաշատը 40%-ով է ավելի եղել, քան «մութ ու ցուրտ» տարիներին կատարվող կապիտալ շինարարությունը, սակայն եթե այն ժամանակ բնակարաններ էին կառուցվում աղետի գոտում եւ «հսկայական կազարմաներ՝ Ղարաբաղում», ապա Քոչարյանը բացառապես «էլիտար» շենքեր է կառուցել Երեւանի կենտրոնում, եւ հենց այդ «էլիտարների» շինարարության պատճառով մեր երկրում տնտեսական ճգնաժամն ավելի խորը եղավ: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը՝ նախկին վարչապետը Քոչարյանին ուղղակի մեղադրանք է ներկայացրել. «Ես կոնկրետ մեղադրում եմ այդ մարդուն եւ կառավարությանը, նույնիսկ միջազգային ֆինանսական կառույցներին: Ո՞նց էիք թույլ տալիս քաղաքի կենտրոնում 3 մլրդ դոլարի էլիտար շինարարություն, որի պահանջարկը չկար. այդ 3 մլրդը սառեցվել է շինարարության մեջ: Նախ, Քոչարյանին որտեղի՞ց այդքան փող, բայց նույնիսկ դա չէ հարցը, եթե այդ գումարը իրենցն է կամ վարկ է վերցված բանկից, դա հանրային ռեսուրս է, որը սառեցվել է շինարարության մեջ, այսօր իրացնող չի գտնում, եւ այդ 3 մլրդը չի ծառայում տնտեսության զարգացմանը: Քոչարյանը հիմա տառապում է, քանի որ կա չվաճառված 12 000 բնակարան: Քոչարյանը թաղված է այդ բիզնեսի մեջ՝ ոչ որպես նախագահ, այլ որպես կառուցապատող: Շահութաբերությունը այդտեղ կազմել է 8000%: Եվ վաճառելով կառուցվածի ընդամենը 15%-ը՝ մարդիկ իրենց փողը հանել են, բայց մնացած բնակարանները պետք է վաճառել, իսկ այսօր վաճառքի պրոբլեմ կա»: Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ դրամի արժեւորումը ժամանակավոր բնույթ ունի, եւ արժեզրկումը կրկին շարունակվելու է: