Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՎ ՍԽԱԼՎԻ՝ ՈՎ ՀԱՏՈՒՑԻ

Մարտ 26,2010 00:00

Որոշ դատավորների կայացրած սխալ վճիռների պատճառով շուտով մեր պետբյուջեն կդատարկվի

Ասում են՝ միջնադարում սխալ վճիռ կայացրած դատավորի կաշին հանել են ու անցկացրել այն աթոռի վրա, որի վրա պետք է նստեր նրան հաջորդող դատավորը: Դա արվել է, որպեսզի դատավորներն իրենց աթոռի վրա նստելիս միշտ հիշեն, որ իրենք էլ մի օր կարող են դառնալ «աթոռի չխոլ», եթե կաշառք վերցնեն ու սխալ վճիռ կայացնեն: Իսկ մեր երկրում սխալ վճիռ կայացնելու համար դատավորներին ոչ միայն չեն պատժում՝ նրան աշխատանքից ազատելով, այլեւ թողնում են, որ նա նույն ոգով շարունակի, դեռ մի բան էլ՝ բյուջեից սուսուփուս հատուցում են այդ վճռի արդյունքում առաջ եկած վնասները:

Մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում որոշում ընդունվեց, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ արդարադատության նախարարությանը պետք է տրամադրվի մոտ 11 մլն դրամ, որպեսզի այդ գումարով հատուցվի ՄԻԵԴ-ում հաղթած ՀՀ քաղաքացիներին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ՝ հայ դատավորները սխալ վճիռ են կայացրել ՀՀ քաղաքացիներ Կարապետյանի, Ստեփանյանի, Խաչատրյանի նկատմամբ, ուստի մեր պետությունը պետք է նրանց հատկացնի, համապատասխանաբար, 7500 եվրոյին, 2200 եվրոյին եւ 1745 եվրոյին համարժեք դրամ։ Այսինքն՝ պետությունը, պարտվելով իր քաղաքացուն, վճարում է նրան՝ դատավորի սխալի համար:

Եթե մենք հարուստ պետություն ունենայինք, գուցե այդ 11 մլն դրամն էական գումար չլիներ: Բայց մեր իշխանություններն ամբողջ օրը տարբեր ամբիոններից լացում են, որ փող չկա գյուղացու ջրի հարցը լուծելու, դպրոց կառուցելու, մանկատան երեխաներին օգնելու, գազի սակագնի համար սուբսիդավորելու, բայց վճարում են մի կլորիկ գումար, ինչ է թե՝ որոշ դատավորներ ճիշտ չեն դատել մեր երկրի քաղաքացիներին: Համեմատության համար նշենք, որ Գյումրիի մանկատան հաշմանդամ երեխաներին տարեկան անհրաժեշտ է 10 մլն դրամի տակդիր գնել: Մանկատան տնօրենը, հասկանալով, որ դա բավականին մեծ գումար է մեր սուղ բյուջեի համար, բարեգործներից է տակդիրների համար գումար խնդրում: Մինչդեռ մեկ օրում մեր բյուջեն դատավարական սխալի պատճառով զրկվում է 11 մլն դրամից:

Եվ եթե շարունակենք հույս դնել մեր դատավարական համակարգի վրա, ապա մեր բյուջեն շատ արագ կսպառվի, եւ շուտով, բացի ՄԻԵԴ-ում հաղթած ՀՀ քաղաքացիների փոխհատուցումները վճարելուց, ուրիշ որեւէ բանի համար փող չի մնա, քանի որ մարդիկ շարունակում են «ընդդեմ Հայաստանի» գանգատներով մտնել Եվրոդատարան ու հաղթել: Օրերս էլ ՄԻԵԴ-ը վճռեց, որ ՀՀ կառավարությունը 1000 եվրո պետք է հատկացնի քաղաքացի Վարդան Մամիկոնյանին, քանի որ խախտվել է ՀՀ քաղաքացու արդար դատաքննության իրավունքը: Վ. Մամիկոնյանը մեղավոր էր ճանաչվել 2003թ. օգոստոսին տեղի ունեցած ճանապարհային պատահարի արդյունքում անզգույշ սպանություն կատարելու համար: Զոհը փողոցն անցնելիս անսպասելի սկսել էր վազել, եւ մեքենան հարվածել էր նրան: Հայաստանում Վարդան Մամիկոնյանին դատապարտել էին երկու տարվա ազատազրկման: ՀՀ վճռաբեկ դատարանը չի ուսումնասիրել նրա ներկայացրած միջնորդությունները՝ օրենքի դրույթների վերաբերյալ։

Մեկ ամիս առաջ էլ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ հօգուտ 9 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Սիլվա Ասատրյանի, որին, փաստորեն, մեր երկրում ապօրինի են ազատությունից զրկել: Նրա գործին «Առավոտը» բազմիցս է անդրադարձել՝ այդ ուսուցչուհին մեղադրվում էր սպանություն պատվիրելու մեջ: Որպես փոխհատուցում, ՀՀ-ը պետբյուջեից պետք է Ս. Ասատրյանին եռամսյա ժամկետում վճարի 2500 եվրո:

Իհարկե, եթե դատավարական սխալ է եղել, քաղաքացին վճարման ենթակա է, սակայն հարցն այն է, թե՝ ո՞ւմ գրպանից: Դատավորները բավականին բարձր աշխատավարձ են ստանում, ու սխալ վճռի համար աշխատավարձից 2000-2500 եվրո պահելու դեպքում նրանց ընտանիքը սովահարության չի մատնվի, դատավորն էլ հաջորդ անգամ վճիռ կայացնելիս երկար կմտածի՝ վախենալով սեփական գրպանին հարվածելուց: Մինչդեռ բյուջեից ամեն անգամ այդքան գումար հանելը բազմաթիվ անապահովներին մերժելու, կենսաթոշակառուների թոշակն ուշացնելու, նպաստառուներին նպաստից զրկելու գնով է լինելու:

Այսօր մեր կառավարության ներկայացուցիչները, վատ հարեւաններից ինֆորմացիա ստանալով, որ նպաստառուն ունի «Նոյի թվի» առանց անիվների «Պոբեդա» մեքենա, որը չի էլ շահագործվում՝ նրան տեղում հանում են նպաստառուների ցուցակից: Վերջերս հեռուստատեսությամբ մի խեղճ ընտանիքի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները պախարակեցին, քիչ էր մնում «ցցի» հանեին, ինչ է թե՝ ընտանիքի անդամներից մեկն աշխատանքի էր տեղավորվել, բայց իրենց տեղյակ չէին պահել՝ շարունակելով 2-3 ամիս ստանալ նպաստը: Ընտանիքին ստիպեցին հրապարակավ ներողություն խնդրել ու վերադարձնել պետությունից ապօրինաբար ստացած մի քանի գրոշը:

Մինչդեռ բյուջեից տասնյակ միլիոն դրամ խլած դատավորներին ոչ ոք չի ստիպում ոչ վճարում կատարել, ոչ էլ հրապարակավ ներողություն խնդրել հանրությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել