Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼՂՀ-ն իշխանություն ունի»

Մարտ 26,2010 00:00

Որը, սակայն, լռում է

«Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»,- «Al Watan» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը հայաստանյան քաղաքական դաշտում նորից կրքեր բորբոքեց: Պաշտոնական Ղարաբաղը շարունակում է լռություն պահպանել:

Արդեն մի քանի ամիս է՝ «Առավոտը» փորձում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հնչող տարաբնույթ հայտարարությունների վերաբերյալ ստանալ պաշտոնական ԼՂՀ-ի դիրքորոշումները: Սակայն ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանն ամեն անգամ խուսափում է մեր հարցերին պատասխանելուց:

ԼՂՀ խորհրդարանի իշխանական թեւը ներկայացնող Արցախի ժողովրդական կուսակցության անդամ եւ ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ԼՂՀ հարցի կարգավորման ներկայիս փուլում «արագացված զարգացումներ» չի տեսնում. «Ամեն ինչ այնպես է՝ ինչպես եղել է նախկինում մի քանի անգամ»: ՀՀ նախագահի հարցազրույցի առիթով էլ ասաց. «Այդտեղ որեւէ նորություն չկա: ՀՀ նախագահն արտահայտել է իր վերաբերմունքը՝ կարգավորման ընդհանուր հայեցակարգի նկատմամբ»: Ինչո՞ւ պաշտոնական Ստեփանակերտը չի արձագանքում վերջին շրջանում նաեւ համանախագահների եւ թուրքական կողմից հնչած մտահոգությունների տեղիք տվող հայտարարություններին՝ պարոն Աթանեսյանը չգիտե: Իբրեւ ԱԺ պատգամավոր եւ Արցախի քաղաքացի՝ մեր զրուցակիցը հավատարիմ է եւ առաջնորդվում է խորհրդարանի՝ մինչ այս զարգացումները որդեգրած սկզբունքներով. «ԼՂՀ քաղաքական ուժերը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում են ԼՂ-ի ներկա փաստացի անկախության ճանաչման իրողությամբ՝ հարգելով ԼՂՀ ժողովրդի կողմից ընդունված սահմանները եւ անվտանգության այն երաշխիքները, որոնք մեր ժողովուրդը համարում է գերակա»:

Վահրամ Աթանեսյանը բանակցային իրավիճակում հնարավոր է համարում, որ ՀՀ իշխանությունները, նախագահն ունենան ԼՂ իշխանությունների եւ ժողովրդի տեսակետից տարբերվող մոտեցումներ, ինչը նա ողբերգություն կամ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջեւ հակասություն չի դիտարկում: Ավելին՝ արձանագրում է, որ այդ մոտեցումներն ի սկզբանե էլ տարբեր են եղել: Նա անբնական ոչինչ չի տեսնում դրանում ու ծուղակի մեջ չհայտնվելու համար առաջարկում է առավել ուշադրություն դարձնել խնդրի կարգավորման ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարբերություններին:

«Առավոտի» դիտարկմանը, որ այնուհանդերձ՝ բանակցային սեղանի շուրջ նստում են Հայաստանը եւ Ադրբեջանը եւ ոչ Լեռնային Ղարաբաղը, ուստի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի մոտեցումների տարբերությունները էական նշանակություն են ստանում, պարոն Աթանեսյանը պատասխանեց. «Եթե ԼՂՀ-ն լիարժեքորեն, որպես իրավահավասար կողմ մասնակից չէ բանակցություններին, ապա որեւէ իրացնովի համաձայնություն հնարավոր չէ ձեռք բերել, ինչի մասին մշտապես ամենաբարձր մակարդակով հայտարարվել է ԼՂՀ-ի կողմից: Միջնորդների եւ Ադրբեջանի խնդիրն է. եթե ցանկանում են հասնել խնդրի կարգավորմանը, ապա պետք է հաշվի առնեն, որ եթե ԼՂ-ն կողմ չի արտահայտվում քննարկվող մոտեցումներին եւ առաջարկներին, ապա հնարավոր չէ հասնել իրացնելի համաձայնության»:

ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը նույն բանի մասին 7or. am-ին ասել է. «Ըստ իս, հարկավոր է մի պարզ ու հասարակ հարց տալ Սերժ Սարգսյանին՝ օրինական ու բարոյական ի՞նչ իրավունքով է նա այդկերպ կանխորոշում երկրորդ հայկական պետականության ճակատագիրը, եթե ԼՂՀ բարձրագույն իշխանությունը քանիցս հրապարակավ ասել է, որ չունենք ազատագրված տարածքներ, այլ ունենք երկրի սահմաններ, որոնք ամրագրված են Սահմանադրության մեջ, իսկ արցախյան հանրության դիրքորոշումն էլ այս հարցում էլ ավելի կոշտ ու կտրուկ է, նաեւ այն, որ չկա որեւէ փաստաթուղթ, որով ԼՂՀ ղեկավարությունը ՀՀ ղեկավարությանը լիազորում է ներկայացնել իր շահերը բանակցային գործընթացում։ Ի՞նչ գործ ունի ՀՀ նախագահը մեկ այլ պետության տարածքների հետ։ Առավել եւս, որ այդ պետությունն իշխանություն ունի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել